Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնվերս բանկի յուղոտ փայը

Մայիս 17,2001 00:00

Կոռուպցիային խոչընդոտ չկա Կոնվերս բանկի յուղոտ փայը Առանց բանկերի միջեւ մրցույթ անցկացնելու՝ Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի համար նախատեսված 38 միլիոն դոլարը սպասարկման է տրվել Կոնվերս բանկին: Եթե հաշվի առնենք, որ Լինսի հիմնադրամի ծրագրերը իրականացվելու են Համաշխարհային բանկի կանոնակարգով, ապա դա այդ կանոնակարգի խախտում է: Ինչպես Համաշխարհային բանկում, այդպես էլ Լինսի հիմնադրամում ծրագրերը իրականացնում են կառավարության կողմից ստեղծված ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ): «Ընդհանրապես, առանց մրցույթի մեզ մոտ որեւէ ընտրություն չի կատարվում՝ լինի շինարարական ձեռնարկություն, թե բանկ,- ասում է Համաշխարհային բանկի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը,- բանկային հաշիվ բացելիս մեր պարագայում ԾԻԳ172ը մրցույթ է անցկացնում, սակայն այդ մասին մամուլում չի հրապարակվում: Գրավոր նամակներ են ուղարկվում մի շարք բանկերի եւ պատասխանների հիման վրա ընտրվում է տվյալ բանկը: Որից հետո արտասահմանյան միջազգային բանկից գումարը փոխանցվում է մրցույթում շահած բանկին: Մենք ձգտում ենք տարբեր բանկերի հետ աշխատել: Օրինակ, գյուղացիական բարեփոխումների վարկը, որ 14,5 միլիոն դոլար է, 12 բանկ է սպասարկում»: Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի այդ յուղոտ հաշիվը Կոնվերս բանկում բացվել է, առանց որեւէ այլ բանկի պայմանները հաշվի առնելու: Ամբողջ 38 միլիոն դոլարը փոխանցվելու է այս բանկին: «Մեզ ասել են, որ Կոնվերս բանկում մեր հաշիվը բացենք: Այո, մենք շարժվում ենք Համաշխարհային բանկի կանոնակարգով, բայց բանկերի ընտրությունը մենք չենք կատարում,- ասաց «Ճանապարհաշինություն» ԾԻԳ172172ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը: Այդ 38 միլիոն դոլարը միայն սպասարկելիս Կոնվերս բանկը կստանա առնվազն մինչեւ 50 հազար դոլար եկամուտ: Կրկնենք, խոսքը միայն սպասարկումից ստացված եկամտի մասին է: Բնականաբար, նման գումար անշահախնդրորեն ոչ մեկին չեն նվիրում: Պարոն Բեզոյանն ասաց, թե չի հիշում ում ցուցումով է Կոնվերս բանկում հաշիվ բացել: Միայն անուղղակի կերպով Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի անունը կապեց հաշվի բացմանը: Նշենք նաեւ, որ Կոնվերս բանկի հիմնական բաժնետեր Սմբատ Նասիբյանը Ջիպ Չերոկի ավտոմեքենա է նվիրել հանրապետության նախագահին կից Տեղական ինքնակառավարման խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: Թեեւ մի դեպքում Ս.Նասիբյանը այդ նվերը քողարկում է՝ «տվել էի ժամանակավոր օգտագործման, որպես բարեկամի, կարող էի նաեւ նվիրել» ձեւակերպմամբ, մեկ այլ դեպքում՝ պայմանագրով, ըստ որի, Ջիպը անհատույց տրված է նախագահի աշխատակազմին: Ի դեպ, նման պայմանագիրը մի պաշտոնյայի վրայից կոռուպցիան ողջ աշխատակազմի վրա տարածելու փորձ է: Այսպիսով, Կոնվերս բանկը նախագահի աշխատակազմում տանիք կառուցելով՝ իր շահերը պետական տարբեր կառույցներով անխափան հրելու հնարավորություն է ստացել: ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել