Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Ազգային ժողովում քննարկվեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագիծը։ Սակայն քվեա

Մայիս 17,2001 00:00

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԱՋՈՐԴ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏ Երեկ Ազգային ժողովում քննարկվեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագիծը։ Սակայն քվեարկությունը չկայացավ, որովհետեւ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կոմունիստ պատգամավորներն առաջարկեցին հրավիրել արտահերթ նիստ եւ խոսել Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու մասին։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի հետ զրուցելիս տեղեկացանք, որ քվեարկությունը կկայանա ԱԺ հաջորդ եռօրյա նիստում։ Իսկ երեկ տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։ Գրեթե բոլոր պատգամավորները, ովքեր մասնակցեցին հարցուպատասխանին, ելույթներ ունեցան, անչափ կարեւորեցին ֆիզկուլտուրայի եւ սպորտի նշանակությունը հասարակության, հատկապես աճող սերնդի եւ երիտասարդության առողջության պահպանման եւ ամրապնդման հարցում՝ դա համարելով նաեւ ազգի արժանապատվության ու գոյատեւման խնդիր։ Արվեցին մի շարք կարեւոր առաջարկներ, որոնց վրա փաստաթղթի հեղինակները, ԱԺ պատգամավորները եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովն ու հանձնախումբը կաշխատի առաջինից երկրորդ ընթերցմամբ (ամենայն հավանականությամբ՝ օրենքի նախագիծը կընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ վերջնական քվեարկության կներկայացվի հունիսի կեսերին) ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես, ընդունելի առաջարկով հանդես եկավ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկեց, որպեսզի կառավարությունում ներկայացված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական ծրագիրը հաստատվի Ազգային ժողովում։ Այլ կերպ ասած, փաստաթղթին տրվի օրենքի ուժ ունենալու կարգավիճակ։ Հատկապես մանրակրկիտ քննարկվեց 16-րդ հոդվածը, որում խոսվում է մարզիկի՝ ակումբից ակումբ տեղափոխության, մարզիկ-ակումբ-ֆեդերացիա-պետություն հարաբերությունների մասին։ Այս խնդիրն օրենքում ամրագրվում է նախ եւ առաջ այն պատճառով, որ այդ դաշտն ընդհանրապես բաց է եղել մեզանում։ Սակայն խնդրի վերջնական կարգավորման բանալին պիտի լինի այն կարգը, որը դեռ պետք է մշակվի կառավարությունում։ Ինչ վերաբերում է միջազգային ֆեդերացիաների հետ փոխհարաբերություններին, այդտեղ կան ընդունված կայուն չափանիշներ ու ձեւեր, որոնք պարտադիր են ամբողջ աշխարհում։ Դրանք օրենքում առաջարկվում է կարգավորել պայմանագրերով, որպեսզի մեր ազգային ֆեդերացիաներին հնարավորություն ընձեռվի աշխատել մայր ֆեդերացիաների հետ։ Պատգամավոր Սամվել Ավետիսյանը բարձրացրեց գյուղական սպորտի հետ առնչվող խնդիրների կարգավորման հարցը։ Նշվեց, որ հանրապետությունում այդ խնդիրներով զբաղվում է «Սեւան» գյուղական մարզական ընկերությունը, եւ դա արվում է պետական պատվերի տեղադրման կարգով։ Պետական պատվերի տեղադրման կարգը շատ կարեւորվեց։ Դա կարեւոր փաստաթուղթ է, որն ամրագրվել է օրենքով։ Սակայն դա եռամսյա ժամկետում դեռեւս պետք է ընդունվի կառավարությունում։ Դրանով պետական կառավարման լիազորված մարմնին հնարավորություն կտրվի ուղիղ ֆինանսավորել այն սուբյեկտներին, որոնք նախկինում զրկված էին դրանից։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ պատգամավորները գոհ են ներկայացված փաստաթղթից։ Կարծում ենք, որ հաջորդ եռօրյայում այն կընդունվի առաջին ընթերցմամբ։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել