«…Վախիլ մեք, սաղ լավ ա» Աշխարհից կտրված ու բոլորից լքված Ալավերդու բնակիչները մի անակնկալ ստացան բնությունից։ Քաղաքի ամենախիտ բնակեցված՝ Ջրավազան փողոցի հարեւան լեռան տակ բույն է դրել գործող մի ներերկրային երեւույթ։ Լեռան լանջին բնակվող մի մարդ մի քանի տարի առաջ լեռան կրծքում հայտնաբերում է տաք գոլորշի արձակող անցք։ Բնակիչը շարունակ հսկում է անցքը, լսում ինչ-որ աղմուկ եւ մի օր էլ տեսնում, որ նույն ճնշումով դուրս եկող գոլորշին սառել է։ Գուցե դրա հետեւանքն է լինում, որ հետաքրքրասեր մարդը մրսում, անկողին է ընկնում, եւ հիվանդության շարունակվող բարդացումների պատճառով, մի քանի տարի չի կարողանում բարձրանալ լեռն ի վեր։ Սակայն մտքից չի հեռանում փոփոխական ջերմություն ունեցող անցքն ու, դեռ լրիվ չապաքինված, կրկին այցելում է այդ վայրը, այն գտնելով առավել ակտիվ գործողության մեջ։ Գիտենալով, որ Ալավերդու լեռնային զանգվածում հրաբխային խառնարաններ կան եւ կարծելով, որ դա կարող է լինել Լալվարի նիրհած հրաբխի քույրը կամ ձագը, բնակիչն այս մասին հայտնում է քաղաքապետարան։ Այնտեղից վերջինիս հորդորում են, որ այդ մասին չհայտնի որեւէ մեկին, «անհանգստանալով» դատարկվող քաղաքի մնացյալ ժողովրդի համար, վախենալով, որ շուտով կարող է մենակ մնան նոր «բնակչի» հետ։ Կենդանություն ստացած լեռը հանգիստ չի տալիս իրեն հայտնաբերողին, որը մի օր անցքի բերանին տեսնում է լույս աշխարհին կարմիր աչքերով նայող ճերմակ գորտ։ Մարդ տեսնելուն պես գորտը թաքնվում է տաք խորխորատում։ Վերջապես «անտակ» անցքի մասին իմանում են նաեւ մի քանի հարեւաններ եւ ահազանգում են Երեւան։ Ալավերդի ժամանած երկու մասնագետների եւ քաղաքի ինչ-որ հեռուստաբաժնի մեկնաբանած հաղորդման ընթացքում ժողովուրդը միայն տեղեկանում է, թե ժայռն ի վեր ինչ հերոսաբար վերելք են անցել լրագրողներն ու մասնագետները, բայց վերջին կադրում հայտնվում է մի երեխա ու ձեռքը թափահարելով հանգստացնում է ժողովրդին. – Բան չկա, վախիլ մեք, սաղ լավ ա։ Հետո բերնեբերան իմացվում է, որ մեկի տանը հյուրասիրության ու թունդ օղու ազդեցության տակ Երեւանից եկած մասնագետները խոստովանել են, որ հարցը շատ լուրջ է։ Մոտավոր հաշվարկով 40 մետր շառավղով ընդերքի ջերմությունը ճյուղավորված է ողջ լեռնազանգվածի խորքում, բայց այս խնդրին որեւէ ձեւով անդրադառնալուն հատկացվելիք գումար եւ դրա մասին մտածող հիմա չկա։ Լավ է, որ Ալավերդու «հեռատես» ղեկավարները չայցելեցին նորահայտ խառնարան, թե չէ մի աղվես՝ որս կամ գանձ գտնելու հույսով մոտեցել է ճեղքին եւ թունավոր գազերից շնչարգելված սատկել է անցքի կողքին։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ