Լրահոս
Օրվա լրահոսը

1993թ. Մոսկվայից Երեւան տեղափոխվեց «Նավիգատոր» ստուդիան՝ ռեժիսոր Կարեն Գեւորգյանի գլխավորությամբ։ «Ա

Մայիս 17,2001 00:00

ԴԱՌՆ Է ԱՅՐՈՒ ՀԱՑԸ 1993թ. Մոսկվայից Երեւան տեղափոխվեց «Նավիգատոր» ստուդիան՝ ռեժիսոր Կարեն Գեւորգյանի գլխավորությամբ։ «Առավոտի» ուշադիր ընթերցողը կհիշի Կ. Գեւորգյանին՝ նրա պատրաստած «Հայկ» զրահամեքենայի պատմությամբ։ Սակայն այսօր կանդրադառնանք նրա մեկ այլ՝ մշակութային ուղղվածության ծրագրին։ Խոսքը վերաբերում է «Նավիգատոր» ստուդիայի սկսած «Նոր հայկական պատմագրություն» շարքին, ավելի կոնկրետ՝ շարքի երկրորդ՝ «Այրու հացը» ֆիլմին, որի ռեժիսորն ու օպերատորը Գագիկ Հարությունյանն է։ Գրեթե մեկ ժամ տեւողությամբ այս վավերագրական ֆիլմը նկարահանվել է 1994-96թթ.։ Սակայն մոնտաժային աշխատանքներն ավարտվեցին միայն 2001թ.։ Եվ ահա օրերս կայացավ ֆիլմի պրեմիերան հեռուստաեթերում։ Ամենեւին չհավակնելով կինոքննադատի դերին, կփորձեմ գրանցել շարքային կինոդիտողիս տպավորությունները։ Ժանրային առումով ֆիլմը նման է մենախոսության։ Այն կարծես մի քանի նովելներից բաղկացած բույլ լինի։ Նովելներ, որոնցից ամեն մեկի հետեւում մի ճակատագիր է, մի կյանք, մի պատմություն։ Առաջին իսկ կադրերը հեռուստադիտողին տեղափոխում են Ստեփանակերտ, որտեղ հորդառատ անձրեւ է, որի տակ ճերմակահեր մի ծերունի ինքնամոռաց ջութակ է նվագում։ Սա ընդամենը նախերգանքն է։ Բովանդակային մասը սկսվում է ֆիլմի առաջին հերոսուհու տանը, Սումգայիթի ջարդերից մազապուրծ կինը՝ ժենգյալով հաց պատրաստելով, պատմում է իր կիսատված ընտանիքի պատմությունը։ Խոսում է անշտապ, պատմում հոգնած, անտարբերությամբ։ Նա չգիտի անգամ, թե ե՞րբ եւ որտե՞ղ է մահացել իր ամուսինը, որտե՞ղ է նրա գերեզմանը։ Այս կնոջ միակ ցանկությունը ամուսնու գերեզմանը գտնելն է. «Գուցե երբ գերեզմանը տեսնեմ, հավատամ, որ նա էլ չկա։ Նրանից լիքը ֆոտոներ են մնացել, կարծես դիտմամբ է այդքան նկարվել, որ հիշատակ թողնի»։ Կենցաղային տարբեր տեսարանները, որ չեն վրիպել օպերատորի աչքից, ավելի քան խոսուն են՝ փայտի վառարան, փայտ կոտրող պառավ կին, մի տուն լիքը երեխեք։ Հաջորդ «նովելը» չունի հերոս, որպես այդպիսին։ Այս պատմության մեջ առաջին պլանում մի գերեզմանաքար է, որի վրա ողջ հասակով մեկ կանգնած մի երիտասարդ, հաղթանդամ տղամարդու պատկեր է։ Լացի, բաժակների չխկոցի, կենացների ձայների ֆոնի տակ (որոնք լսվում են կադրից դուրս), էկրանին երեւում է այդ տղամարդու (որն անուն ունի՝ Վալերիկ, մի ամբողջ ապրած եւ ապա՝ հայրենի հողին նվիրաբերած կյանք ունի) պատկերը հերթով համբուրողների շարք։ Այս միօրինակ, ինչ-որ տեղ ձգձգված, ինչ-որ տեղ՝ իրականությունը գեղարվեստականի հաշվին տուրք տված, հատվածը ձգվում է գրեթե 10 րոպե։ Ապա սկսվում է հաջորդ պատմությունը, որի հերոսը կրկին այրի է, որը կրկին ժենգյալահաց է սարքում։ Այս պատմությունը հատվածաբար ընդհատվում է մեկ ուրիշով, որտեղ երիտասարդ մի աղջիկ 4-5 երեխայի համար ղարաբաղյան բարբառով Աստվածաշունչ է ընթերցում։ Այս այրին կյանքին նայում է այլ կերպ։ Ակնհայտորեն, նա իր մխիթարանքը գտել է կրոնի մեջ։ Նրա համար ամուսնու մահն այլեւս ցավ չէ. «Ես գիտեմ, որ ինքը հիմա լավ է զգում իրեն։ Ճիշտ է, մենք տանջվում ենք առանց իրեն, բայց, վստահ եմ, որ եթե նա չաներ այն, ինչ որ պետք է աներ, ինքն իրեն չէր հարգի։ Ես իրեն չէի հարգի։ Ինչ լավ է, որ մենք չխանգարեցինք իրեն։ Ես ուղղակի շատ հպարտ եմ իմ ամուսնով։ Սրանք ուղղակի խոսքեր չեն, դա ճշմարտություն է. ամեն մեկը չէր անի այն, ինչ նա արեց։ Նա իսկական տղամարդ էր եւ իսկական հայ։ Թեեւ սումգայիթցի էր»։ Ռեժիսորի երեւակայությունը նրան թույլ էր տվել պատերազմում ամուսին կորցրած այրիների պատմությունից անցում կատարել ԼՂՀ կառավարության շենքի մոտ։ Այստեղ բանվորները մեծ դժվարությամբ բարձրացնում են հսկայական մի գերբ ու փակցնում շենքի գլխին։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվելուն պես, հավաքվում են Արցախի այն ժամանակվա ղեկավարներն ու շամպայնի գավաթները զարկում իրար։ Բարեկամաբար, սիրով իրար շնորհավորում են Սամվել Բաբայանը, Լեոնարդ Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր այս կադրերը կարծես անհիշելի ժամանակների մասին են, որ հիմա ծաղր են թվում։ Ճակատագրի քմահաճույքով այս եռյակից մեկը զոհվել է ահաբեկչի գնդակից, մյուսը՝ դատապարտվել որպես ահաբեկիչ, իսկ երրորդը վայելում է ոչ թե ԼՂՀ, այլ ՀՀ նախագահ լինելու պերճանքն ու թշվառությունը… Թերեւս այս կադրերը գալիս են ասելու, որ դառն է, շա՜տ դառն է այրու հացը։ Նրանց ամուսինները հեռացան՝ իրենց հետեւից թողնելով իրենց կանանց ու զավակների խաթարված ճակատագրերը, ազատագրված հայրենիքը եւ անորոշությունը՝ ո՞ւմ ենք թողնում մեր ձեռք բերած հաղթանակը։ Հասնում ենք երրորդ այրուն, որը կրկին հաց է թխում։ Այս կինը ոչ մի բառ չի արտասանում, սակայն նրա սպասումները, թե երբ, ի վերջո, կթխվի հացը, նրա ամեն մի շարժումը ցանկացած բառից խոսուն են։ Չորրորդ այրին անթաքույց հպարտությամբ էր պատմում իր ամուսնու մասին, որ նախանձել կարելի էր. «Լավագույնները հեռացան, բայց Ավետն ուրիշ էր։ Նա շատ պետական մտածողություն ուներ։ Կռվից գալիս էր, նստում, գրում էր ազգային գիմնազիայի մասին»։ Այս կինը նաեւ շատ ուժեղ էր, քանի որ ամուսինն էր պատգամել՝ երեխեքին լավ կնայես. «Ինձ համար կրեդո դարձրեցի՝ ոչ մեկի մեջ հենարան չփնտրել, ես ինքս պիտի հենարան դառնամ»։ Նա գտել էր լավագույն տարբերակը ամուսնու մահն արդարացնելու. «Նա երջանիկ էր, քանի որ գնաց, երբ հաղթանակած էինք, Լաչինն ու Շուշին էինք գրավել։ Եվ հիմա ես ասում եմ՝ երանի Ավետին, որ չտեսավ Շահումյանի ու Գետաշենի անկումը, գնաց Լաչինի ու Շուշիի հաղթանակները սրտում»։ Ահա այսպես։ Մոտ մեկ ժամ տեւող ֆիլմը, որի մեջ չկա ոչ մի կրակոց, ոչ մի աղմուկ, ընդամենը՝ հաց թխող սեւազգեստ այրիներ՝ իրենց խոսուն կամ լուռ հիշողություններով, ստիպում է կրկին անգամ վերապրել անցած պատերազմը ու փորձել գնահատել մեր ունեցածն ու կորցնելիքը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել