ՀԱՄԱՏԵՂ ԱՆԴՐԱՆԻԿ «ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ» Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Այն սկսվել է այս տարվա փետրվարի 15-ից։ Մինչեւ ապրիլի 19-ը ընթերցվել է Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքները։ Պարզապես նշեմ, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը սկսել է դատաքննական ցուցմունքներ տալ այս տարվա ապրիլի 19-ից, մեր հաշվարկներով 12 նիստ շարունակ։ Երեկ, մինչ նիստը շարունակելը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց Սարգսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանին, որ ԱԱՆ քննչական մեկուսարանից ստացվել է ամբաստանյալի գործերը, որ դրանք կպատճենահանվեն։ Ամբաստանյալը հարցրեց դատավորին, թե ինքը կարո՞ղ է ծանոթանալ ստացված գործերին, ինչին Ս. Ուզունյանը դրական պատասխանեց. «Կտրամադրվի, եւ դուք կծանոթանաք»։ Ամբաստանյալը նկարագրեց հոկտեմբերի 27-ի ոճիրից հետո ԱԺ-ում ստեղծված իրավիճակը եւ իր «բանակցությունները» ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի, Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի եւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչպես իր 11.05 եւ 14.05 դատաքննական ցուցմունքների ժամանակ էր, երեկ նույնպես նա չհիշեց կամ չնշեց օրվա ժամանակագրությունը, ասելով, որ իր մոտ ժամացույց չի եղել։ Դահլիճի դռները փակելուց հետո, ամբաստանյալը նշեց, որ Անդրանիկ Մարգարյանի հետ խոսելիս ինքն ասել է. «Պետք է մտածել նոր կառավարություն կազմելու մասին», որից հետո խոսակցություններ չեն եղել։ Ըստ ամբաստանյալի, դահլիճում այդ պահին կային 40-50 պատգամավոր, իսկ օրինակ, երբ հոկտեմբերի 28-ին ինքն արդեն հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի հետ, ու վերադարձել էր դահլիճ, պատգամավորների թիվը 30 էր, «ավել չէին լինի, որովհետեւ ողջ երեկոյի եւ գիշերվա ընթացքում բազմաթիվ պատգամավորներ, կառավարության անդամներ դիմել էին ինձ եւ իմ կողմից համաձայնություն ստանալով՝ գնացել էին»,- ասաց նա։ Ամբաստանյալ Հունանյանը տեղեկացրեց, որ կապը, օրինակ, Ալիկ Հարությունյանի հետ չէր ստացվում, որ անգամ կապի նախարարը փորձեց զանգել, չստացվեց։ Իսկ ահա, ոճիրից հետո, երբ հեռախոսով զանգել են քարտուղարության քաղաքային հեռախոսով, կապն անխափան էր։ Հունանյանն ասաց, որ զանգել են Ֆրանսիայից, Հունաստանից, Անգլիայից… եւ «շատ թե քիչ անխափան էր գործում Աղվան Վարդանյանի ձեռքի հեռախոսը, որով մի շարք անգամներ խոսել եմ Ալիկ Հարությունյանի հետ»։ Ամբաստանյալը հայտնեց, որ դահլիճում ելումուտն ազատ էր, որ հեռախոսով ով՝ ում հետ ցանկացել, խոսել է եւ, սակայն, պատգամավորներ է ուղարկել դուրս «ուտելիք, հաց, երշիկ, ջերմուկ, ծխախոտ եւ ինչ-որ դեղորայք բերելու համար»։ Երբ ինքը տեղեկացել է, որ դահլիճում է ԱԱՆ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը, ասել է պատգամավորին՝ ձայն տուր։ Եվ կապը պարբերաբար նրա հետ է եղել։ Այդ երեկո, ԱԺ-ում է գտնվել եւ ամբաստանյալի հայրը՝ Հրաչյա Հունանյանը. «2-3 րոպե դռան մոտ խոսել եմ հորս հետ եւ նրան ասել եմ, որ ձգտում ենք խաղաղ հանգուցալուծման եւ նրան առաջարկել եմ գնալ տուն»։ Գրիգոր Գրիգորյանի հետ, ինչպես նկարագրեց ամբաստանյալ Ն. Հունանյանը, տեղի է ունեցել, ըստ էության, նաեւ տեղազննություն. «Լրագրողների համար նախատեսված տեղում ենք եղել, զրուցել ենք, որի հետ միասին նայել ենք այդ մասում թափված դատարկ պարկուճները, որոնք մնացել են մեզ վրա անվտանգության աշխատակիցների կրակելուց հետո»։ Ամբաստանյալը խնդրել է ԱԱ փոխնախարարին, որպեսզի գլխավոր դատախազն ուղարկի քննչական խումբ՝ զննություն կատարելու։ «Ես երաշխավորել եմ, որ քննիչների վրա որեւէ ճնշում մեր կողմից չի գործադրվի, մեզանից ոչ ոք նրանց ֆիզիկական անվտանգությանը չի սպառնա»։ Ի դեպ, քննչական խումբը ժամանել է ԱԺ՝ Գեւորգ Թովմասյանի գլխավորությամբ. «Ամեն մարդ նրանց հայտնել է իր տեսածը կամ իր լսածը. ես ներկա եմ եղել մի պահ նաեւ, երբ 2-3 պատգամավոր, որոնցից հիշում եմ Հայկ Բաբուխանյանին, որոնք քննիչ Թովմասյանին ասացին՝ իրենց ետեւից կրակոցների ձայն են լսել, եւ այդ խոսակցությունից հետո Թովմասյանն ինձ ասաց, որ ինքը չի կարող դահլիճում նրանցից ցուցմունքներ վերցնել, դա կարող էր դիտվել մեր կողմից պարտադրանք։ Եվ ասաց, որ նրանց պիտի տանի գլխավոր դատախազություն, ինչին ես չեմ առարկել»։ Ամբաստանյալը նկարագրեց իր եւ հանրապետության նախագահի հանդիպումը, որն անհրաժեշտ էր դարձել Ալիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, երբ նրա «զրույցից ես զգացի, որ անվտանգության հարցը, հանձնվելու դեպքում, հեշտ լուծվող խնդիր չէր» եւ «Ալիկն ինձ որոշակի բան չկարողացավ ասել»։ Ներկայացնելով իր կասկածները՝ նաեւ նշեց. «Ես սկսեցի մտածել, որ կարող է դրսում ստեղծվել մի իրավիճակ, երբ երկրի նախագահը կարող է անզոր գտնվել իրական երաշխիքներ տալու եւ ապահովելու»։ Նա գտնում էր, որ այդ ժամանակ իրենց հանձնվելը կլինի անհեթեթ, եթե «հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հետ խոսակցության ընթացքում զգամ, որ նա ի վիճակի չէ բացառել մեր նկատմամբ հաշվեհարդարը (որեւէ կոնկրետ անուն չեմ նշում)»։ Տարբերակ էր նաեւ դիտվել Լոռվա երթուղով մեկնել Վրաստան, ճանապարհին մթությունից օգտվելով՝ անտառ «դուրս գալը»։ Քոչարյանի հետ ԱԺ աշխատասենյակներից մեկում կազմակերպված հանդիպումն ամբաստանյալի հետ սկսվում է նախագահի հարցից, թե «դեմքս իրեն շատ ծանոթ է թվում, բայց չի կարողանում հիշել, թե որտեղ է ինձ հանդիպել եւ ինչ պայմաններում»։ Ամբաստանյալը հիշեցնում է, որ ծանոթացել են 1988 թվին, Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի իր աշխատասենյակում, ուր նա այն ժամանակ պարտկոմն էր։ Հետեւում է երկրորդ հարցը. «արդյոք Վազգեն Սարգսյանի հետ անձնական թշնամանք ունեցե՞լ եմ, որին պատասխանեցի, որ ոչ եւ այս ստիպողական քայլին գնացել եմ ինչ-որ կերպ երկրի եւ ժողովրդի կործանումը կասեցնելու համար»։ Ըստ ամբաստանյալի իրենց խոսակցությունը տեւել է 45 րոպե եւ շոշափվել է երկուստեք հայտարարություններ անելու ձեւի մասին հարցը։ Ռոբերտ Քոչարյանի կողմից եղել է հունանյանական տեքստի 2 «սրբագրում», որտեղ շոշափվել է Վազգեն Սարգսյանի անունը։ Թե ի՞նչ սրբագրումներ էր, ամբաստանյալը չասաց։ Պայմանավորվել են իրենց նաեւ ԱԱՆ-ում պահելու, բաց-հրապարակային դատ լինելու մասին։ Հետաքրքիր է, որ ԱԱՆ քննչական մեկուսարանի մասին ամբաստանյալն առաջին անգամ խոսել է ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի հետ։ Ամբաստանյալն ասաց. «Խոսել ենք ԱԱՆ քննչական մեկուսարանի, այնտեղի պայմանների մասին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ