Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1992 թվականին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի իշխանությունները ճ

Մայիս 17,2001 00:00

ԼՂՀ անկախությունը ճանաչելն ուշ չէ՞ 1992 թվականին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի իշխանությունները ճանաչեին Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Միաժամանակ, ԳԽ պատգամավորներ Շավարշ Քոչարյանի, Դավիթ Վարդանյանի եւ արժանահիշատակ Սամվել Շահմուրադյանի նախաձեռնությամբ ԳԽ-ում մի հայտարարություն ընթերցվեց, որով արձանագրվում էր, թե միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու եւ տարածաշրջանում իր կամքը թելադրելու համար։ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանին հարցրինք, թե նա հիմա ինչո՞ւ չի պահանջում ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, եւ արդյո՞ք նրա տեսակետները Ղարաբաղի կարգավորման հարցում այսօր փոխվել են։ «Այս իմաստով իմ տեսակետները չեն փոխվել»,- ասաց Շ.Քոչարյանն ու ավելացրեց, թե այն կարծիքին է, որ միջազգային հանրության մոտեցումն էլ Հայաստանի հանդեպ չի փոխվել։ «Ես գտնում եմ, որ այդ հարցում մեղքը հենց Հայաստանինն է։ Ղարաբաղն իր պայքարը սկսեց ինքնորոշման պահանջով, հասկանալով, որ տարածքային ամբողջականությունը մի գաղափար է, որից միջազգային հանրությունը երբեք չի հրաժարվի։ Սկզբից շատ հստակ գիտակցվում էր, որ այդ սկզբունքին կա մեկ հավասարազոր գաղափար՝ ինքնորոշման իրավունք։ Այն ժամանակ Դավիթ Վարդանյանի եւ իմ համահեղինակությամբ ԳԽ որոշման նախագիծ պատրաստվեց՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Պարոն Քոչարյանի պնդմամբ, այն ժամանակ իրավիճակն այլ էր։ «Մենք այն ժամանակ պետք է ճանաչեինք ԼՂՀ անկախությունը, որպեսզի Հայաստանը՝ դառնալով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ անդամ, այդ ատյաններում բարձրացներ ԼՂ-ի կարգավիճակի հարցը։ Սխալը գործվեց այն ժամանակ, երբ որոշումը չընդունվեց։ Այսօր մենք այն իրավիճակում ենք, որ ԼՂՀ-ն նույնիսկ բանակցությունների կողմ չէ։ Ղարաբաղի հիմնախնդիրը դարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ»։ Ըստ պարոն Քոչարյանի, այս պայմաններում, հաշվի առնելով, որ տարածքային ամբողջականությունը միջազգային հանրության համար սուրբ գաղափար է, բնական է, որ կարող են Հայաստանի տարածքների նկատմամբ ինքնիշխանության սահմանափակման հարցեր առաջանալ։ Ի պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչն է իրեն խանգարում այսօր պահանջել ճանաչել ԼՂՀ անկախությունը, պարոն Քոչարյանն ասաց. «Կար ժամանակ, երբ դա կարող էր հզոր քայլ լինել։ Հիմա այդ ճանաչումն իր նպատակին չի ծառայի։ Այսօր ԼՂՀ-ի ճանաչման պահանջն ընթացող բանակցությունների համատեքստում չի ընկալվի եւ չի կատարի այն դրական դերը, ինչը կունենար նախկինում»։ Այսուհանդերձ, պարոն Քոչարյանն ընդգծեց նաեւ, թե դա ամենեւին էլ չի նշանակում, որ ճանաչումը չպետք է արտաքին քաղաքականության մաս կազմի։ «Այսօր ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար պետք է հարմար պահ ընտրենք։ Հակառակ դեպքում ծիծաղելի կլինի, եթե Հայաստանը ճանաչի մի երկրի անկախությունը, որի փոխարեն բանակցություններ է վարում»։ Շ.Քոչարյանն ասաց, որ նորաստեղծ ԱԺԿ-ի առաջիկա հիմնադիր համագումարում անպայմանորեն քննարկման առարկա կդառնա նաեւ ԼՂ հիմնախնդիրը եւ դրա վերաբերյալ, անկասկած, փաստաթուղթ կընդունվի։ Ինչ վերաբերում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու տխուր հեռանկարի հնարավորությանը, պարոն Քոչարյանը հիշեցրեց. «92-ի ԳԽ որոշումը գործում է, եւ դա ոչ ոք չի վերացրել եւ, ըստ այդ որոշման, ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթղթի տակ, որտեղ ԼՂ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել