Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չնայած

Մայիս 17,2001 00:00

«ՏԵՍԱ՞Ք՝ Ի՛ՆՉ ՍՏԱՑՎԵՑ» Չնայած նախորդ օրն արված շռնդալից հայտարարություններին՝ երեկ պատգամավորներից եւ ոչ մեկը վարչապետին հարց չուղղեց, թե ինչու չկատարեց իր իսկ խոստումը եւ չբացահայտեց էներգետիկ ոլորտում գերկորուստներ թույլ տված քաղաքական հովանավորներին։ Ղարաբաղի մասին հարցեր էլ հնչեցին կառավարության հետ հարցուպատասխանի ամենավերջում։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը երեկ հարց ուղղեց արտգործնախարարին, թե ի՞նչ լուծում է ունենալու Արցախի խնդիրը եւ իրականությանը համապատասխանո՞ւմ են Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին պնդումները։ Վարդան Օսկանյանը պատճառաբանեց, թե բոլոր հարցադրումներին չէ, որ կարող է պատասխանել այս բաց նիստում։ Սակայն եւս մեկ անգամ արդարացավ «օկուպացված» բառը կիրառելու համար, թե այդ բառն այլ իմաստով է օգտագործել. «Իհարկե, կարող է նաեւ «զբաղեցված» իմաստին էլ դեմ լինեք, բայց ես դա, իրոք, օգտագործել եմ այդ իմաստով»։ Արտգործնախարարը նաեւ հավելեց. «Սա սայթաքում էր այն իմաստով, որ ես չէի հաշվարկել, թե այդ բառն իսկապես ունի այդ բացասական իմաստը, որը հաստատվեց ձեր բոլորի կողմից»։ Վարդան Օսկանյանը հերքեց, թե այդ բացահայտումներն արել էր Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով. «Նախագահը բացարձակապես տեղյակ չէր այդ ամեն ինչից։ Դրա մասին ինքն իմացավ հենց Նյու Յորքում։ Երբ ես ժամանեցի Նյու Յորք ուրբաթ ուշ երեկոյան… նախագահն ինձ կանչեց եւ ուղղակի ասաց. «Էս ի՞նչ ես ասել, որ այսքան աղմուկ է բարձրացել»։ Նախագահն ընդհանրապե՛ս տեղյակ չէր այդ հարցազրույցից»։ «Մինչեւ փաթեթի բոլոր տարրերը բոլորին հայտնի չլինեն՝ ինչ որ ես ասեմ, իսկապես, սխալ է հասկացվելու,- նաեւ ասաց պրն Օսկանյանը։- Եկեք իսկապես սպասենք մինչեւ ժնեւյան հանդիպում։ Հույս ունենանք, որ այնտեղ իրոք մենք կստանանք մի փաստաթուղթ, որի շուրջ նախնական համաձայնություն կլինի։ Եվ դա մենք կբերենք այստեղ ու կդնենք լայն քննարկման»։ Թեեւ նաեւ դժգոհեց. «Մի փոքր ես էդ փորձն արեցի՝ որոշ էլեմենտներ բացելու եւ տեսա՞ք՝ ի՛նչ ստացվեց»։ Մյասնիկ Մալխասյանը հետաքրքրվել էր, թե արդյոք ԱԳ նախարարը օկուպացվա՞ծ տարածքներ է համարում Արծվաշենը եւ Տավուշի այն գյուղերը, որոնք Ադրբեջանի ենթակայության ներքո են։ Նոսր ծափահարությունների արժանացավ այդ հարցին հետեւյալ պատասխանը. «Ես համարում եմ դրանք զավթվա՛ծ Ադրբեջանի կողմից»։ «Հայաստան» խմբի ղեկավարը, սակայն, սա այսպես գնահատեց. «Ավելի նուրբ արտահայտվեցիք, քան Հայաստանի տարածքների պարագայում»։ Վարդան Օսկանյանն ի պատասխան թերեւս կատակեց. «Ես ուղղակի չուզեցի նման բանավեճ-վիճաբանություն սկսել հիմա էլ Ադրբեջանում։ Եթե օկուպացված բառն օգտագործեի՝ կարող է շատ մեղմ հասկանային»։ Թեեւ նախորդ օրը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը շատ կոշտ հայտարարություն էր արել՝ թե «արվում է Մեղրիի տարածքը կորցնելու առաջին քայլը եւ, եթե այն վճռականորեն չմերժվի՝ կարվեն հաջորդ քայլերը», անհրաժեշտ էր դիտել, որ արտգործնախարարն ԱԺ-ում պարզաբանի, թե ինչպես եղավ, որ ՀՀ-ի տարածքը դարձավ «բանակցությունների եւ սակարկությունների առարկա. չէ որ հանրապետության նախագահի հավաստմամբ՝ նման առաջարկները հայկական կողմը մերժել է», անգամ առաջարկել՝ «սեփական ու տերմինաբանական հետագա խառնաշփոթից զերծ մնալու համար կարելի է ԱԺ խմբակցությունների ընդունած հայտարարության անգլերե՛ն տարբերակը տալ արտգործնախարարին, որ նա միանշանակ ընդունի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը երբեւէ չպետք է դառնա բանակցությունների առարկա»՝ սակայն այս հարցադրումներից եւ ոչ մեկը երեկ նա չուղղեց բուն հասցեատիրոջը։ Փոխարենը Սասուն Միքայելյանը պաշտպանության նախարարին առաջարկեց պարզաբանել. «Մենք ազատագրե՞լ ենք այդ տարածքները, թե՞ զավթել կամ զբաղեցրել եւ օկուպանտ ենք»։ Սերժ Սարգսյանի պատասխանն էր. «Չեմ համարում, թե մենք օկուպացրել ենք այդ տարածքները։ Բայց մյուս կողմից էլ չեմ կարող տուրք տալ մեր հասարակության մեջ հնչող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք։ (…) Այո, եղան տարածքներ, որոնք մենք գրավել ենք եւ դրանից մենք երբեք չպիտի ամաչենք։ Մենք այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր Հայրենիքի անվտանգությունը»։ Պաշտպանության նախարարի դիրքորոշումն էր. «Բանակցությունների ընթացքը մեզ համար էական չպիտի լինի։ Կարծում եմ, որ մեզ համար էական պիտի լինի բանակցությունների արդյունքը»։ Եվ երբ հարցուպատասխանից հետո «Առավոտը» փորձեց պարզել Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Մեղրիի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հեռանկարի նկատմամբ, նա ասաց, թե ԱԺ ամբիոնից արդեն արտահայտել է իր դիրքորոշումը. «Ավելին ասելու իմաստը չկա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել