Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատության

Մայիս 17,2001 00:00

ԴԵՊԻ ԱԺ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ Ազատության հրապարակը կոմունիստներին զրկեց իշխանությունից եւ հենց այս հրապարակից էլ կոմունիստներն ուզում են վերադառնալ իշխանության։ Թեպետ առայժմ միայն «Ռ.-Բ.»-ին միանալու պահանջ ունեն։ Կոմունիստները երեկ ապացուցեցին, որ պարտքի տակ մնացողը չեն։ Մեկ տարի առաջ հանրահավաք էին խոստացե՞լ, նախագահի հրաժարական էին պահանջելո՞ւ։ Արեցին, բայց հրաժարականի պահանջ առայժմ չհնչեց։ Երեկվա հռետորները փայլեցին իրենց կոչերի բազմազանությամբ, պաթոսով եւ ոգեւորությամբ։ Ոգեւորությունն ինչ-որ տեղ արդարացված էր՝ բազմահազար լսարան կար։ Ընկեր-կոմունիստների վկայությամբ՝ 50 հազար մարդ էր հավաքվել, որոշ դիտորդների ասելով՝ մոտ 20 հազար։ Բայց որ 10 հազարից ավելի էին, դա՝ հաստատ։ Իսկ սա արդեն ուժ է։ Ականջդ կանչի, Արկադի Վարդանյան, կոմունիստների երեկվա կարմիր միտինգը մթագնեց ձեր կազմակերպածի փառքը։ Բայց ընկերները որոշ բաներ եւս փոխ էին առել պրն Վարդանյանից, օրինակ՝ չարտոնված երթը։ Առայժմ կոմունիստներից որեւէ մեկը չի ձերբակալվել չարտոնված երթ կազմակերպելու համար։ Ընդհանրապես կազմակերպիչները կոմունիստական աշխատանքի փայլուն օրինակ ցույց տվեցին։ Մարդիկ էին բերվել հանրապետության տարբեր շրջաններից, այստեղ էին նաեւ ընկեր Լենինը, Շահումյանը, Ստալինը, ինչպես նաեւ Գրիբոյեդովը, Պուշկինը եւ այլք։ Իսկ ՌԴ նախագահ Վլ. Պուտինին կոմունիստները սպասում են մայիսի 24-ին։ Մեր աղբյուրները պնդում են, թե կոմունիստները որոշել են այդ օրն օդանավակայանից մինչեւ քաղաք դիմավորել եւ ուղեկցել ՌԴ նախագահին, թող վերջինս տեսնի, թե հայ ժողովուրդն ինչպե՜ս է սիրում Ռուսաստանի նախագահին եւ պարզապես երազում է մի-ա-ցում, մի-ու-թյուն։ Իսկ մեր իշխանությունները, որոնք արդեն մեկ տարի «խաբում» են ընկերներին, թե՝ առաջին դեմքերի մակարդակով կխոսենք ու ձեզ կպատասխանենք, այլեւս նահանջելու տեղ չեն ունենա՝ Պուտինն անձամբ է գալիս, հետո կգա ընկեր Սելեզնյովը։ Եթե ՀՀ իշխանությունները հիմա էլ չհարցնեն՝ ուզո՞ւմ եք միանանք «Ռ.-Բ.» միությանը, վայը եկել է նրանց տարել։ Կոմկուսը համբերատար կսպասի մինչեւ հունիսի 8-ը։ Ու եթե ոչինչ չփոխվի, կրկին հանրահավաք, այս անգամ՝ իշխանությունների հրաժարականի պահանջով։ Հերիք է այս իշխանությունները փորձեն «մեզ քաշել Ամերիկայի կրունկի տակ», կոմունիստներն ուզում են միայն «Ռ.-Բ.»-ին միանալ։ Ուրիշ կրունկ նրանք չեն ընդունում։ Պարզապես զարմանալի է, որ մի բոցաշունչ ելույթ էլ Աղասի Արշակյանը չունեցավ։ Լավ կլսվեր, մարդիկ շատ էին։ Թեպետ արեւը սպանում էր, բայց ընկերները չէին լքում հրապարակը։ Հնչում էին կոչեր, արձագանքում էին բոլոր ելույթներին։ Ի դեպ, հավաքին մասնակցում էին նաեւ Երեւանի ֆիզիոթերապիայի ինստիտուտի աշխատակիցները՝ ճերմակ խալաթներով։ Երեւի ամեն կուսակցություն որոշել է իր հանրահավաքի մշակութային ներկայացուցիչն ունենալ։ Կոմկուսի դեպքում դա դերասան Վլադիմիր Աբաջյանն էր, որը, հասկանալի պատճառներով, «Ամբոխները խելագարված»-ից բացի ուրիշ հարմար բան չէր կարող արտասանել։ Կոմունիստները գտնում են, որ «Ռ.-Բ.»-ին միանալը ժողովրդի կամքն է, եւ իշխանությունները պարտավոր են կատարել այն։ Խորհրդարան ուղարկված հանրահավաքի ուղերձը, որով պահանջվում էր արտահերթ նիստ անցկացնել, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի շնորհիվ, չհնչեց (վերջինս 20 րոպե ընդմիջում խնդրեց)։ Բայց հանրահավաքի մասնակիցները չհուսահատվեցին։ Մոտ երեքուկես ժամ խոսելուց հետո ուղեւորվեցին դեպի ԱԺ։ Բաղրամյան փողոցի համապատասխան հատվածը ուղիղ մեկ ժամ փակվեց, Դեմիրճյան փողոցը՝ ՆԳ փոխնախարար Հովհ. Վարյանի արագ կողմնորոշման շնորհիվ, փակվեց մասամբ։ Պատգամավորները եւ կառավարության անդամները հանգիստ հեռացան ԱԺ-ից։ ԱԺ նախագահը համոզել է, որ անդամակցության հարցերը կարեւոր աշխարհագրական խնդիրներ են եւ չի կարելի միտինգային եղանակներով լուծել։ Ընդհանրապես հավաքվել էին սոցիալaպես ճնշված, վատ ապրող մարդիկ, նրանց պահանջները նաեւ սոցիալական էին եւ մարդիկ վստահ էին, որ «Ռ.-Բ.»-ին միանալով իրենց բոլոր խնդիրները հրաշքով լուծվելու են։ Մի երիտասարդ պիոներուհի պնդում էր, թե ինքը հավերժ կլինի Ռուսաստանի հետ։ Երեւանի քաղկոմի քարտուղար Յ. Մանուկյանը պնդում էր, որ ով դեմ է «Ռ.-Բ.»-ին, հայրենիքի դավաճան է։ Գյումրեցի մի մանկավարժ վստահ էր, որ «եթե հայ ես, ուրեմն քրիստոնյա ես, իսկ եթե քրիստոնյա ես, ուրեմն Ռուսաստանի բարեկամն ես»։ Ի վերջո, նկատվում էր որոշ երանգ, որին արժե անդրադառնալ։ Իշխանությունների հասցեին առանձնապես դժգոհություն չէր հնչում, չկար նախորդ հանրահավաքների հակաիշխանական, հականախագահական պաթոսը։ Ի վերջո, ցանկացած հանրահավաք որոշ ֆինանսական ներդրում է պահանջում։ Մի հռետորական հարց էլ մենք տանք. հետաքրքիր է, ո՞վ էր ֆինանսավորել ՀԿԿ հանրահավաքը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել