80-ԱՄՅԱ ԵՐՋԱՆԻԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ Էդվարդ Միրզոյանի գերհագեցած կյանքով ապրելու ընդունակությունը խախտում է պատկերացումը մարդու տարիքային հնարավորությունների մասին։ Նրա ստեղծագործական կյանքի սկիզբը զուգադիպեց հայ մշակույթի վերելքին, եւ նա դարձավ իր ժողովրդի հույզերի մարմնավորողը։ Միրզոյանի սիմֆոնիան, սիմֆոնիկ պոեմները, կանտատները, տոնական նախերգանքը սիմֆոնիկ նվագախմբի համար, սիմֆոնիկ պարերը, լարային կվարտետը, մի շարք պիեսները տարբեր գործիքների համար, ռոմանսներն ու երգերը աչքի են ընկնում իրենց բովանդակության բազմազանությամբ եւ խորությամբ, փայլուն տեմպերամենտով ու ստեղծագործական բարձր վարպետությամբ։ Գեղարվեստորեն ավարտուն նրա երկերը ներկայացնում են հայ ժողովրդի ներաշխարհը, նրա արվեստը ձեռք է բերել համընդհանուր արժեք, գերել տարբեր ազգությունների ունկնդիրներին՝ ազդելով ստեղծած կերպարների հարազատությամբ, կրքերի լարվածությամբ։ Նա նաեւ մեծ մանկավարժ է։ Է. Միրզոյանը վստահ է, որ ուսանողների հետ շփման կարեւոր նախապայմաններից մեկը համբերությունն է։ Մանկավարժի կարծիքով, ստեղծագործական դասարանի ղեկավարը պետք է բացարձակապես ճանաչի ուսանողին որպես անձնավորություն, գիտենա նրա հետաքրքրությունները, նախասիրությունները եւ այդ ժամանակ ավելի պարզ կլինեն նրա ստեղծագործական ձգտումները։ «Ես պարզապես ապրում եմ իմ կոնսերվատորիայով, իմ ուսանողներով եւ ոչ միայն…»,- հպարտ ասում է կոմպոզիտորը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ