ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Ընդհանուր առմամբ այն արդարացրեց սպասելիքները։ Թեթեւ քաշային կարգերից սկսած մրցահարթակի վրա անհաշտ պայքար էր ընթանում։ Եվ որքան բարձրանում էր մասնակիցների անձնական քաշը, այնքան պայքարը թեժանում էր ու դառնում դիտարժան։ 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանի երիտասարդների չեմպիոն դարձավ Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Ռուդոլֆ Նամալյանը։ Նա պոկեց 160, հրեց 190 կգ եւ երկամարտի 350 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Ընդ որում, Ռուդոլֆը թարմացրեց այս տարիքային խմբի բոլոր ռեկորդները թե՛ առանձին մրցաձեւերում, թե՛ երկամարտում։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան վանաձորցիներ Էդգար Գեւորգյանին՝ 322,5 կգ (147,5+175) եւ Արթուր Բաբայանին՝ 300 (135+165)։ Երեկ հարաբերությունները պարզեցին 94,105 եւ +105 կգ քաշայինները։ 94 կգ քաշայինների մեջ լավագույնը արարատցի Վահե Թահմազյանն էր (330 կգ)։ Ի դեպ, նա նույնպես սահմանեց Հայաստանի երիտասարդների ռեկորդ՝ հրելով 190,5 կգ ծանրաձողը։ Երկրորդը ճանաչված Սամվել Խաչատրյանը չեմպիոնից հետ մնաց ամբողջ 40 կիլոգրամով։ Իսկ Գեւորգ Գեւորգյանը բավարարվեց երրորդ տեղով։ Թեեւ 105 կգ քաշային կարգում հանդես եկողների ցուցանիշները համեմատած նախորդ երեք քաշերում ցույց տված կիլոգրամների հետ, ավելի համեստ էին, սակայն այստեղ էլ պայքարն առանձնացավ լարվածությամբ։ Ի վերջո, մրցանակային եռյակը կազմեցին Արտյուշա Հարությունյանը՝ 310 կգ, Նուբար Առաքելյանը՝ 285 եւ Դավիթ Արզումանյանը՝ 282,5։ Գերծանր քաշային կարգում լավագույն արդյունքը ցույց տվեց Գագիկ Սողոմոնյանը (342,5 կգ)։ Նրան հաջորդեցին Վարդան Մալումյանը (332,5) եւ Արեն Հակոբյանը (300.0)։ Այժմ մեր ուժեղագույն երիտասարդ ծանրորդները պետք է նախապատրաստվեն առաջիկա կարեւորագույն մեկնարկին՝ հունիս ամսին Հունաստանում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Ա. Հ.