«Իմ երգերն իմ երեխաներն են» Երգչուհի Լինան, թեեւ այնքան էլ վաղուց չի հայտնվել հայկական փոփ երաժշտության ասպարեզում, բայց իր «Սիրիր ինձ» երգով գրավել է հատկապես երիտասարդների սրտերը։ Ներկայացնում ենք հարցազրույց նրա հետ։ – Քանի՞ տարեկանից ես երգել։ – Պրոֆեսիոնալ բեմում սկսել եմ երգել քսան տարեկանից, բայց դեռ 1994 թվականին մասնակցել եմ «Բոհեմ» մրցույթ-փառատոնին եւ գրավել երրորդ տեղը։ – Ունե՞ս երաժշտական կրթություն։ – Այո, ավարտել եմ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ – Ո՞վ է քո երգերի հեղինակը։ – Իմ բոլոր երգերը ես եմ գրում, բայց բոլորին ծանոթ «Ես քեզ կարոտել եմ» երգի հեղինակը Բորիս Առաքելյանն է։ Թեեւ այդ երգը եւս ես վերամշակել եմ։ – Որտե՞ղ են ձայնագրվում քո երգերը։ – Քանի որ ես ապրում եմ Լեհաստանում, ապա իմ գրեթե բոլոր երգերը ձայնագրվում են Լեհաստանի «Տոմաս Իփնար» ստուդիայում։ – Ունեցե՞լ ես մենահամերգներ Հայաստանում։ – Առայժմ չեմ ունեցել, սակայն ցանկություն կա, իսկ Լեհաստանում մասնակցել եմ բարեգործական համերգների, ինչպես նաեւ շոու ծրագրի, որն անվանվում էր «ՔՏց վՈ տՈսՖՓՈւ» եւ գրավել առաջին տեղը։ – Վերջերս թողարկվեց քո առաջին ձայնասկավառակը, քանի՞ երգ է ընդգրկված եւ ե՞րբ կթողարկվի երկրորդ ձայնասկավառակը։ – 2000 թվականին թողարկվեց իմ առաջին ձայնասկավառակը՝ «Սիրիր ինձ» անվանումով, որում ընդգրկված է 18 երգ, որից մեկը ներկայացնում եմ ռուսերեն լեզվով։ Երկրորդ ձայնասկավառակը ձայնագրվում է Լեհաստանի վերոնշյալ ստուդիայում։ Արդեն երեք ամիս է, ինչ աշխատանքներ են տարվում նոր ալբոմի ստեղծման համար։ Այն ոճային առումով տարբերվում է առաջին ձայնասկավառակից, բայց ինձ համար շատ հոգեհարազատ է։ Հավանաբար կթողարկվի այս տարվա ընթացքում։ – Ունե՞ս պրոդյուսեր։ – Մինչեւ օրս ես ինքս եմ եղել իմ պրոդյուսերը, սակայն մոտակա ժամանակներս հավանաբար կունենամ։ – Քո երգացանկից ո՞ր երգն է քեզ ավելի հոգեհարազատ։ – Ես սիրում եմ իմ բոլոր երգերը, նրանք կարծես իմ երեխաները լինեն։ – Կարողանո՞ւմ ես աշխատանքը եւ ընտանիքը համատեղել։ – Այո, կարողանում եմ՝ շնորհիվ իմ ամուսնու, որը միշտ ինձ օգնում է եւ եռանդ պարգեւում։ Ես ունեմ դուստր, որն արդեն հինգ տարեկան է, նա նույնպես երգում է։ – Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ։ – Այն անցկացնում եմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ։ Շատ սիրում եմ լողալ, ինչպես նաեւ երգել՝ նույնիսկ տանը։ – Փորձե՞լ ես որեւէ երգչուհու նմանվել։ – Ոչ, իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր անհատականությունը, որը եւ փորձում եմ անել։ – Երաժշտական աշխարհում ունե՞ս կուռք։ – Ոչ, կուռք չունեմ, սակայն շատ սիրում եմ Մադոննային, քանի որ նա հանդիսատեսին ներկայանում է միշտ նոր ձեւով, ինչպես նաեւ Մայքլ Ջեքսոնին, որը հիանալի համատեղում է երգեցողությունն ու պարային պլաստիկան։ – Ի՞նչ կմաղթեիր քո երկրպագուներին։ – Ես կցանկանայի, որ իմ երկրպագուները լսեին իմ բոլոր երգերը, քանի որ դրանք հետաքրքիր պատմություններ են, որոնք ունեն ե՛ւ սկիզբ, ե՛ւ վերջ։ Արվեստագետն իր երկրպագուներով է երկարատեւ կյանք ունենում։ ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Թեեւ «Առավոտի» խմբագրակազմում չգտնվեց որեւէ մեկը, ով երբեւէ լսել էր Լինայի մասին կամ նրա երգերը, այնուամենայնիվ, այս թերացումը վերագրելով մեր «երիտասարդ տարիքից» անցած լինելուն (՞), տպագրում ենք սույն հարցազրույցը, հուսալով, որ մեր երիտասարդ ընթերցողներին կհետաքրքրի այն։