Լրահոս
Օրվա լրահոսը

Հեշտ է ասել, ցմահ դատապարտյալը բանտերում 18 տարի տառապի, սպասի,

Մայիս 16,2001 00:00

18 տարի բանտում Հեշտ է ասել, ցմահ դատապարտյալը բանտերում 18 տարի տառապի, սպասի, երազի, որ մի օր արեւի լույսն ու ազատության շունչը իրեն էլ ջերմացնի։ Այսօր Վարուժան Կարապետյանը՝ 1915թ. եղեռնից մազապուրծ սասունցիների զավակը, մայր հայրենիքի գրկում է։ Ահա, օրեր առաջ ինչ ասաց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանի «Մի՛ ծափահարեք ահաբեկիչներին» հոդվածում. «Պատկերացրե՛ք, եթե Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ինչ-որ մեկի ներկայացուցիչը, փորձելով ուշադրություն հրավիրել իր ազգային խնդիրների վրա, նույն բանն աներ «Զվարթնոց» օդանավակայանում եւ դրա հետեւանքով տուժեին անմեղ մարդիկ։ Պատկերացրե՛ք մեր մոտեցումը, վերաբերմունքը»։ Մենք եւս մերժելով ահաբեկչությունը՝ ուզում ենք ավելացնել նաեւ, որ նույնիսկ Ֆրանսիայում երդվյալ դատարանը Վարուժան Կարապետյանին դատապարտել էր ո՛չ թե որպես կատարված հանցագործության անմիջական կատարողի, մասնակցի, այլ ընդամենը՝ մեղսակցի։ 18 ձիգ տարիները համոզեցին, որ այդ մեղսակցությունն էլ հենց Վարուժանի ինքնազոհության արտահայտությունն էր, այսինքն՝ մի քանի տասնյակ կասկածյալ հայրենակիցներին թուրքական կտտանքներից փրկելու ազնիվ ձգտումը։ Ահա թե ինչ է գրել դատական ատյանի փաստաբան Էրիկ Պլուվյեն Ֆրանսիայի արդարադատության նախարարին Վարուժան Կարապետյանի ազատաշնորհման մասին խնդրագրում. «Նա կվերադառնա իր երկիրը որպես իրավունքի մունետիկ եւ որպես այդպիսին էլ կընդունվի այնտեղ»։ Վարուժան Կարապետյանի ազատազրկման վայրերում պահվածքը, վարքագիծը զարմացրել եւ հիացմունք էր պատճառել նաեւ բանտի տնօրինությանը։ Բանտային ծառայության խորհրդական պրն Լե Քորդոննելը, իմանալով Վարուժան Կարապետյանի ազատման մասին, առաջինն է շնորհավորել՝ գրելով. «Ուրախ եմ, որ Ֆրանսիան հայ ժողովրդի ցեղասպանությունն ընդունելուց հետո համապատասխան ատյանների միջոցով կարողացավ Ձեզ շնորհել այդքան երկար սպասված պայմանական ազատությունը։ Որոշման մասին իմանալու պահին ես հուզումով էի մտածում Ձեր մասին։ Կյանքի այս նոր փուլում Ձեզ եմ հղում իմ բարեմաղթությունները, քանի որ պահպանում եմ ու միշտ եմ պահպանելու ներքին էությամբ անաղարտ անձնավորության հետ ունեցած իմ հանդիպման հուշը»։ Անտեսել, մոռանալ 1,5 միլիոն նահատակներին, որն էլ թույլ չի տալիս մարվի հայի ցասումը, դեռ շարունակել «հանճարեղ» մտքեր արտահայտել եւ զուգահեռ անցկացնել, ինչպես Դուք եք անցկացրել «Զվարթնոց» օդանավակայանի հետ, պրն Հովակիմյան, առավել եւս, մեղմ ասած, անպատվաբեր է։ Վարուժան Կարապետյանի կյանքն ու ազատությունը գիտակից մարդկանց համար թանկ է եւ համաժողովրդական արժանապատվություն ու համազգային պահանջ հանդիսացավ։ Վերջապես ազգի նվիրյալ զավակ Վարուժանը մեզ հետ է։ Նրա փրկության համար պատգամ ստորագրած առնվազն 1,5 մլն մարդկանց ուրախությանը՝ պետական այրերի հետ, ասում ենք՝ ազգիս աչքը լույս։ Փա՛ռք Աստծո։ ԻԼՅԱ ԱՐՑԱԽԵՑԻ, գրող, ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, հիմնադիրՎարուժան Կարապետյանի թանգարանի հասարակական խորհրդի 19 անդամների անունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել