Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի որոշ թաղամասերում բնակիչները հայտնվել են երկու տիրոջ ծառայի կարգավիճակում։

Մայիս 16,2001 00:00

Ջրի վարձն ո՞վ հավաքի Վանաձորի որոշ թաղամասերում բնակիչները հայտնվել են երկու տիրոջ ծառայի կարգավիճակում։ Նրանց մի մասից պահանջում են բնակարանային սպասարկման վարձերն իրենց մուծել համատիրության աշխատողները, որոնց «տիրապետության» տակ են երբեմն հայտնվում ԲՇՏ-ից «փախցրած» բնակիչները ոչ իրենց ցանկությամբ, այլ՝ ձեւական, «դզած-փչած» փաստաթղթերով առ այն, թե իբր բնակիչներն «աղաչանք-պաղատանք» են արել, որ իրենց համատիրության մեջ ընդունեն։ Ասվածի մի ապացույց է այն, որ բնակիչները երբեմն իրար զարմացած հարց են տալիս. «Մենք հիմա համատիրության անդա՞մ ենք… Եսիմ… ասում են՝ անդամ ենք»։ Ճիշտ այնպես, ինչպես համատարած «կոլխոզ» մտնելու տարիներին, այն տարբերությամբ, որ առայժմ համատիրություն չմտնելու համար դեռ ոչ մեկին չեն ծեծել, բայց հնարավոր է՝ «ժողովրդի թշնամի» համարեն։ Ի դեպ, համատիրությունները պահանջում են նաեւ ջրի վարձերը, ինչը մի ամբողջ շիլաշփոթ է առաջացրել այս համակարգում։ Ջրային տնտեսությունը, տիրոջ իրավունքով, պահանջում է վարձերն իրենց մուծել, սակայն պատասխանատուները վարձերը չեն կարողանում հավաքել անհրաժեշտ չափով, դրանից ստացված եկամուտներն իրենց չեն արդարացնում այնքան, որ աշխատավարձ ստանան, ուստի ստիպված են աշխատանքից ազատվել եւ նույնիսկ ջրային տնտեսությունն էլ կարող է չիմանալ, թե որ թաղամասում ով է վարձ հավաքում եւ ով է ձանձրացել-գնացել։ Արդյունքում՝ բնակիչների ջուրն անջատվում է եւ վերջիններս կանգնում են գլուխկոտրուկի առաջ՝ ո՞ւմ մուծեն վարձերը (սա՝ լավագույն դեպքում, վատագույն դեպքում՝ ինչպե՞ս մուծեն)։ Երկու տարի առաջ Վանաձոր այցելած տարածքային կառավարման նախկին նախարարը Լոռու մարզխորհրդի նիստում կարգադրել էր, որ ջրի վարձը, էլեկտրաէներգիայի վարձի հետ մեկտեղ, պետք է վճարեն փոստային բաժանմունքներում։ Որոշումն այդպես էլ չիրագործվեց։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել