«ՄԵԿԻՑ ՄԵԿ ԳԻՏԵՆՔ, ՈՐ «2×2»-Ի ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ» Ահազանգում են Խանջյան 31 շենքի բնակիչները «Շուրջ 8 ամիս է՝ կորցրել ենք մեր հանգիստը։ Մինչեւ առավոտ չդադարող «2×2» դիսկո-ակումբի տհաճություն պատճառող աղմկոտ երաժշտության պարզ, լսելի արձագանքը մեզ եւ մասնավորապես երեխաներին զրկել է գիշերային հանգստից ու քնից»,- պատմում էին Խանջյան 31 շենքի բնակիչները, որոնք այդ շենքում են բնակվում մոտ 45 տարի։ Ըստ բնակիչների, «2×2» բարը ապօրինաբար կառուցել է «Արաքս» ՍՊԸ-ն՝ առանց համատիրության անդամների ընդհանուր ժողովի համաձայնության։ 2000թ. հոկտեմբերին այն շահագործման է հանձնվել, գործում են նաեւ հյուրանոցային համարներ։ Բնակիչների կարծիքով, նման համալիրի կառուցումը բնակելի շենքում՝ մի շարք գնված բնակարանների հաշվին, անթույլատրելի է եւ վտանգավոր։ Բնակիչների տվյալներով, համալիրը կառուցելու շինարարական աշխատանքների ժամանակ (որն, ի դեպ, առանց նախագծի է իրականացվել) հանվել են շենքի 4 հիմնասյուները, որի հետեւանքով այն 3-4 սմ նստվածք է տվել, շատ բնակարաններում պատերին առաջացել են ճեղքվածքներ, նկատելիորեն խախտվել է մի շարք բնակարանների դռների նախնական դիրքը եւ շարքից դուրս են եկել որոշ բնակարանների սանհանգույցների խողովակները։ Այս ամենի հետեւանքով խախտվել է շենքի սեյսմադիմացկունությունը։ Բնակիչները պատմում են, որ քանդել են Խանջյան փողոցի ծառապատված գեղեցիկ գազոնները, եւ այդ հատվածը վերածել ավտոկանգառի։ Շենքի ճակատային եւ բակային մասերում ապօրինի կառուցվել են նաեւ նախագծային շեղումներով եւ նորմատիվային կոպիտ խախտումներով կցակառույցներ։ Դիսկո-բարից հնչող երաժշտությունը եւ աղմուկի պարզ եւ լսելի արձագանքը գերազանցում է ձայնի թույլատրելի դեցիբելը։ Դրան գումարվում է նաեւ շենքի շուրջը տեղադրված օդափոխիչների եւ կեսգիշերին օբյեկտից հեռացող տասնյակ եւ ավելի մեքենաների ձայնային ազդանշանների աղմուկը, որը զուգորդվում է հարբած մարդկանց խուլիգանական արարքներով եւ ծեծկռտուքով։ «Այս ամենի մասին մոտ 2 ամիս առաջ դիմել ենք քաղաքային իշխանություններին՝ հատկապես նորանշանակ քաղաքապետին՝ հույս ակնկալելով, որ կձեռնարկվեն միջոցառումներ օրինականությունը պահպանելու համար։ Սակայն ոչ միայն միջոցներ չձեռնարկվեցին, այլեւ դիմումին կոնկրետ պատասխան չտվեց քաղաքապետը։ Դիմումը հասցեագրվեց թաղապետին եւ ստացանք շատ կցկտուր պատասխան, որը շրջանցում էր մեզ հուզող հիմնական խնդիրները»,- պատմում էին շենքի բնակիչները։ Նրանք այս ամենի մասին բազմիցս զգուշացրել են «2×2» համալիրի ղեկավարությանը, սակայն մինչ օրս էական փոփոխություններ չեն կատարվել։ Բոլորովին վերջերս (30.04. 2001թ.) թաղապետարան է հրավիրվել «Արաքս» ՍՊԸ-ին պատկանող «2×2» բար-ռեստորանի տնօրենը, որին պարտավորեցրել են 15 օրվա ընթացքում փոխել օդափոխիչի շարժիչները՝ կատարելով լրացուցիչ ձայնամեկուսացման աշխատանքներ։ Բարի տնօրենը կնքել է նաեւ պայմանագիր համապատասխան ծառայության հետ՝ ամենօրյա աղբահանություն կատարելու նպատակով եւ սահմանել խիստ հսկողություն՝ բնակիչների անդորրը չխանգարելու համար։ Այն հարցին, թե արդյոք պայմանագիր կնքելուց հետո բարում էական փոփոխություններ նկատվո՞ւմ են, բնակիչներից մեկը պատասխանեց, որ ոչ մի էական փոփոխություն չի կատարվել, միայն օդափոխիչի ձայնն է մի փոքր մեղմացել։ Խանջյան 31 շենքի բնակիչները քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից պահանջում են վթարային բնակարանների բնակիչներին անհապաղ տեղափոխել ժամանակավոր կացարաններ, հիմնովին վերականգնել շենքի սեյսմակայունությունը եւ շենքը բերել նախկին տեխնիկական վիճակին, վերացնել շենքի ճակատային եւ բակային մասերում նորմատիվային խախտումներով ապօրինի կցակառույցները եւ դադարեցնել շենքի ներքնահարկում ներկայումս կատարվող ապօրինի շինարարությունը, անհապաղ դադարեցնել համալիրի՝ գիշերային ժամերին բնակիչների հոգեբարոյական վիճակի վրա ազդող եւ շենքում տիրող աղմուկը, վերապրոֆիլավորել բար-դիսկո-ակումբը։ Թույլ տրված անօրինականությունների փաստի կապակցությամբ միջնորդել հարուցելու քրգործ՝ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու համար։ Շենքի անտանելի եւ անկառավարելի դարձած վիճակը, ըստ բնակիչների, քաղաքում տիրող անիշխանության հետեւանք է։ Վերջիններս իրենց վրդովմունքն են հայտնել ինչպես քաղաքապետին, համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանին, այնպես էլ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վ. Շահինյանին։ «Հարգարժան քաղաքապետ, երբ վտանգվել է մի ամբողջ շենքի բնակիչների կյանքը, եկեք գոնե այս անգամ չառաջնորդվենք «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, որպեսզի մեր իսկ հայրենիքը իսպառ չզրկվի իր պետականության միակ կրողից՝ սեփական ժողովրդից»,- ասվում է դիմում-բողոքում։ Եթե հարցը դրական լուծում չստանա՝ շենքի բնակիչները պատրաստ են դիմել Երեւան քաղաքի դատախազությանը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ