ՄԻՆՉԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷՐ ՄԻՋԱՄՏՈՒՄ… Դատավորները հօգուտ քաղաքապետարանի որոշում չէին կայացնում Նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հիշեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն կշտամբում էր, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն անընդհատ պարտվում դատարաններին։ «Նախ, ես կարեւորում եմ դատական մարմինների անկախությունը եւ երբեւէ չեմ փորձել միջամտել դատարանների գործունեությանը,- բավական ուշացումով իր հակափաստարկները ներկայացրեց պրն Բազեյանը։- Բացի այդ՝ դատարանները հաճախ կաշառվում էին այն տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնց դեմ մենք հայց էինք ներկայացնում՝ որպես պետական մարմին։ Եվ դատավորները որոշում էին կայացնում մեր դեմ։ Հետո, եթե հանկարծակի այդ մասին տեղեկացնում էին նախագահին, եւ արդեն նա էր միջամտում՝ դատարանը տեղյակ լինելով նախագահի մոտեցմանը՝ անմիջապես ի օգուտ մեզ կամ պետական որեւէ մարմնի էր որոշում կայացնում։ Եվ նախագահը փորձում էր սա ներկայացնել որպես իր անձնական կարողությունների արդյունք. «Մինչեւ ես չեմ միջամտում՝ այս կամ այն հարցն այսպես չի լուծվում»։ Ես էլ հայտարարել եմ. «Դա Ձեր անձնական կարողությունների արդյունքը չէ, պրն նախագահ։ Դա օրենքով Ձեզ տրված իրավունքներն են, որովհետեւ դատարանները կախվածության մեջ են գործադիր իշխանությունից՝ անմիջապես հանրապետության նախագահից»։ Ո՞վ է արդարադատության խորհրդի ղեկավարը, եթե ոչ նախագահը։ Ո՞վ է հաստատում դատավորների պաշտոնեական պիտանելիության ցուցակները»։