Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքից վերադառնալուն պես հենց «Զվարթնոց» օդակայանում նախագահ Քոչարյանի արած առաջին հայտարարությ

Մայիս 16,2001 00:00

Գեղական ֆոլկլոր Նյու Յորքից վերադառնալուն պես հենց «Զվարթնոց» օդակայանում նախագահ Քոչարյանի արած առաջին հայտարարություններից մեկն այն եղավ, որ իրեն հատուկ ոճով «հակահարված» հասցրեց «Արմատ» կենտրոնի նախագահ Բաբկեն Արարքցյանի՝ մամուլի ասուլիսում արած հայտարարություններին։ Ինչպես «Արմատի» հիմնադիրներից Արա Սահակյանը նկատեց՝ «Քոչարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն անհանդուրժող է այլակարծության նկատմամբ։ Ավելին, այն թեզը, թե Ղարաբաղի կարգավորման արդյունքում Հայաստանի ինքնիշխանությունն իր տարածքի որեւէ հատվածում չպետք է սահմանափակվի, պնդել են նաեւ խորհրդարանական կուսակցությունները՝ ապրիլի 27-ի հայտարարությամբ։ Սակայն մի դեպքում Քոչարյանը համաձայնում եւ ընդունելի է համարում այդ մոտեցումը, մյուս դեպքում՝ խիստ հակադարձում»։ Պարոն Սահակյանի պնդմամբ, այդ հակասականությունը ցույց է տալիս, որ նրան ամենեւին էլ չի հետաքրքրում ընդդիմության կարծիքն ըստ էության եւ բովանդակության։ «Նա ուզում է գործել եւ որոշումներ ընդունել իրական ընդդիմության բացակայության պայմաններում։ Բայց Քոչարյանը պետք է հասկանա, որ եթե դա հաջողվում է անել ընտրությունները կեղծելով եւ իրական ընդդիմության մուտքը խորհրդարան արգելելով, ապա, միեւնույն է, նրան չի հաջողվի լռեցնել հասարակության մեջ իր քաղաքականության հանդեպ օրեցօր աճող դժգոհությունը»։ Պարոն Սահակյանն ընդգծեց նաեւ՝ «Մենք ազատ ենք մեր կարծիքը հայտնելու մեջ եւ միշտ հայտնելու ենք՝ անկախ Քոչարյանի վարչախմբի քմահաճույքից»։ Ինչ վերաբերում է Քոչարյանի «հարուստ» բառապաշարին, որով նա արձագանքեց Բ.Արարքցյանի ասուլիսին, պարոն Սահակյանն ասաց. «Քաղաքական բանավեճի նրա բառապաշարին հասարակությունը ծանոթ է եւ «մոսկաներից», «խանգարող» ինչ-որ բաներից ու մարմնի այլ մասեր հիշատակելուց հետո, բնական էր, որ նա պետք է շարունակեր դիմել ռուսական գեղջկական ֆոլկլորին»։ Ա.Սահակյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ Քոչարյանի մամլո խոսնակի՝ երեկ մամուլում հրապարակված մասնավորապես այն հայտարարությանը, թե «իշխանության կարոտախտը բորբոքել է Բ.Արարքցյանի երեւակայությունը»։ Հաշվի առնելով, որ այն, ինչպես նախարար Օսկանյանի հայտնի հայտարարության դեպքում էր, հենց Քոչարյանի հեղինակածն է, պարոն Սահակյանը նշեց, որ «Հանրապետություն» խմբակցությունը դեռեւս 98-ին է հայտարարել, որ ԼՂ-ի հիմնախնդրի շահարկմամբ իշխանափոխություն իրականացրած ուժերը իրենց գործունեությամբ ետընթաց են արձանագրել ԼՂ կարգավորման հարցում, հանրապետությունը հայտնվել է արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, ծանր ճգնաժամի մեջ է նաեւ տնտեսությունը, մեծացել է սոցիալական լարվածությունը։ «Ներկա վարչախումբը, որը փորձում է Հայաստանի տարածքները զիջելու գնով պահպանել իր իշխանությունը, իրական սպառնալիք է դարձել Հայաստանի համար»,- պնդեց պարոն Սահակյանը։ Վ.Գաբրիելյանը նաեւ հայտարարել էր, թե Քոչարյանին ուղղված Բ.Արարքցյանի մեղադրանքներին կետ առ կետ պատասխանելու դեպքում վերջինս կարող է անհարմար վիճակի մեջ հայտնվել։ Մեր կողմից նկատենք, որ ամենեւին էլ վատ կամ ավելորդ չէր լինի, եթե նախագահ Քոչարյանն, այնուամենայնիվ, «կետ առ կետ» անդրադառնար Բ.Արարքցյանի հնչեցրած մեղադրանքներին՝ եթե դրանց պատասխաններն ունի։ Դա առավել եւս կարեւոր է, կարծում ենք, հասարակության համար՝ գոնե «նախկիններին» ու «ներկաներին» իրարից զատելու համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել