ՀՀԿ-Ն ՉՄԻԱՑԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ Խորհրդարանի միջանցքներում այս իրողությունը սպանիչ մեկնաբանության արժանացավ. «ՀԺԿ-ն հոկտեմբերի 27-ին իր զոհվածների հիշատակն է պաշտպանում, երկրապահներն՝ իր։ Անպաշտպան է մնում միայն Յուրի Բախշյանի հիշատակը»։ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության շուրջ ստեղծված բարոյաքաղաքական մթնոլորտի վերաբերյալ հայտարարությունն ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն ընթերցեց միայն ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի անունից։ Քիչ անց կոմունիստներն էլ ազդարարեցին, թե պաշտպանում են այդ հայտարարությունը։ Նշենք, որ հայտարարության վերջնական տարբերակի եւ երեկ «Առավոտում» հրապարակված նախագծի միջեւ որոշ տարբերություններ կային։ Մասնավորապես՝ դուրս էր մնացել այն արտահայտությունը, թե այդ ահաբեկչությունը մինչ օրս չի արժանացել բարոյաքաղաքական պատշաճ գնահատականի։ Սակայն վերջնական տարբերակում հայտնվել էր նաեւ մի նոր նախադասություն. «Ակնհայտ է, որ այս հանցագործությունը հնարավոր չէր լինի նախապատրաստել եւ իրականացնել, եթե իրենց գործառույթները պատշաճ կատարեին պետական անվտանգության ապահովմանը կոչված գերատեսչությունները»։ Առավել ուշագրավ է հետեւյալ փոփոխությունը. վերջնական տարբերակում նշված էր. «Առանձին քաղաքական գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով փորձ է արվում ահաբեկիչների հանդեպ ստեղծել բարյացակամության, հոգատարության եւ հովանավորության մթնոլորտ»։ Մինչդեռ նախագծում այդ մթնոլորտի «հեղինակ» էին նշվում իշխանությունները եւ առանձին քաղաքական ուժեր։ Այսուհանդերձ, ՀՀԿ-ն իր ստորագրությունը չդրեց անգամ տեղ-տեղ մեղմացված այս տեքստի ներքո։ ՀՀԿ խորհրդի անդամ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իրենց այս քայլի դրդապատճառները բացատրեց նախ քննարկման համար ժամանակի սղությամբ, նշելով, թե հայտարարության տեքստն իրենց էր փոխանցվել միայն երեկ առավոտյան։ «Հայտարարության ընդհանուր գաղափարն ընդունելի է, բայց տեքստի ձեւակերպումները հարկավոր էր փոփոխել»,- ասաց պրն Սահակյանը։ Ընդունելով հասարակական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, նա այնուամենայնիվ տարակուսանք հայտնեց, թե ինչ մեխանիզմ պիտի գործի հայտարարության մեջ առկա միակ առաջարկությունն իրականացնելու պարագայում. «Ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ դատավարության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումների մասին ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար»։ Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ ոք դեռեւս չի կարողանում պատասխանել, թե այդ հանձնաժողովը որոշակիորեն ի՞նչ պիտի անի»։ Մեր հարցին, թե գուցե պիտի փորձեն ստուգե՞լ այն կասկածների իսկությունը, թե Նաիրի Հունանյանը ստանում է արտադատարանական խորհրդատվություն եւ աջակցություն, պրն Սահակյանը հարցով պատասխանեց. «Ազգային ժողովի պատգամավորները պիտի հերթապահությո՞ւն անեն զինվորների հետ միասին։ Կամ, այդ հերթապահությունն ի՞նչ արդյունքներ պիտի տա»։ Հայտարարության մեջ ահաբեկչության քարոզչության դատապարտման եւ Նաիրի Հունանյանին Սողոմոն Թեհլերյանի հետ համեմատելու անթույլատրելիությանն առնչվող դրույթներն էլ արժանացան Գալուստ Սահակյանի հետեւյալ արձագանքին. «Չեմ կարծում, որ քաղաքական այն ուժը, որն այսօր լծակների է տիրապետում՝ ինչ-որ մեկի հայտարարության համար պիտի հանձնաժողով կազմի»։ Ինչպես միշտ՝ ավելի կտրուկ արտահայտվեց ՀՀԿ-ի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որի համար բովանդակային եւ ձեւի առումով խիստ խնդրահարույց էր այս հայտարարությունը. «Քաղաքական ուժը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, կառավարության ձեւավորման մեջ լուրջ դերակատարություն է ունեցել եւ վարչապետ ունի, բնականաբար, չի կարող ինքն իրենից հայտարարությամբ բաներ պահանջել»։ ԱԺ փոխնախագահը համարում է, որ եթե նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա՝ դրա մասին կարելի էր պայմանավորվել առանց հայտարարությունների։ Տիգրան Թորոսյանը նաեւ ասաց. «Այս հայտարարության տեքստը շատ ավելի հարիր է ընդդիմադիր որեւէ ուժի, որը որեւէ լծակ կամ պատասխանատվություն չունի իշխանության մեջ»։ ՀՀԿ-ի գործիչների այս փաստարկների մասին ՀԺԿ-ի պատգամավոր Ստեփան Զաքարյանն ասաց. «Եթե այդ պատճառաբանությունները մենք համարեինք հիմնավոր՝ հայտարարություն չէինք անի»։ Ուրեմն, այս ամենը գնահատվում են որպես անհիմն պատրվակներ։ Իսկ ՀԺԿ-ականներն ինչպե՞ս են պատկերացնում ստեղծվելիք հանձնաժողովի գործունեությունը. ինչ է, իրոք, պատգամավորները պիտի «կլյուչնիկների» հետ հերթապահե՞ն Նաիրի Հունանյանի մոտ դատական նիստերի ընդմիջումներին։ «Չէի ասի, որ այդ հանձնաժողովը բոլոր հարցերը լուծելու է եւ վերահսկողությունը լինելու է 100%-ով։ Բոլորս էլ հասկանում ենք՝ անհնար է, որ պատգամավորները գիշեր-ցերեկ հսկեն,- ասաց պրն Զաքարյանը։- Բայց ուրիշ հարց կա. արդյոք անո՞ւմ ենք ամեն ինչ, ինչ կարող ենք եւ ինչի հնարավորությունն օրենքով մեզ ընձեռված է։ Մենք չենք անում եւ ժողովուրդը ճիշտ է մեզ մեղադրում, թե ինչո՞ւ չեք փորձում ողջ ուժերը ներդնել, որ այդ ապօրինի օգնությունը չցուցաբերվի մեղադրյալին։ Եվ մենք պիտի փորձեինք ինչ-որ քայլեր ձեռնարկել»։ «Առավոտի» հարցին, թե չե՞ն կարծում, որ քայլեր չանելը, այս հայտարարությանը չմիանալը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀԿ-ի վարկանիշի վրա՝ գնահատվելով որպես «Հոկտեմբերի 27»-ի հիշատակի ուրացում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե մեր վարկի վրա կանդրադառնա, քանի որ միշտ էլ այս դատավարությանը տեր ենք կանգնելու եւ մինչեւ վերջ պայքարելու, որ արդարությունն ի հայտ գա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ