Լրահոս
Օրվա լրահոսը

Քավանոն

Մայիս 16,2001 00:00

ԳԱՂՏՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՉԼՈՒԾՎՈՂ ՀԱՐՑԸ Քավանոն այդ հարցը չի ուզում սառեցնել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ սա այն հարցը չէ, որը կարելի է լուծել գաղտնի ճանապարհներով, առանց լայն քննարկումների։ Իսկ երեկ խորհրդարան էր այցելել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի թիվ 29 ընդլայնված նիստը (փակ) լսել է ԱԳ նախարարի ելույթը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա գործընթացի եւ հնարավոր զարգացումների մասին։ Որքան հնարավոր եղավ ճշտել փակ նիստին մասնակցող պատգամավորներից, Վարդան Օսկանյանին առանձնապես չեն «նեղել» եւ բավարարվել են նրա հերթական բացատրությամբ։ Պրն Օսկանյանը հրաժարվել է կոնկրետ տեղեկություններ տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասների մասին, մասնավորապես ասվել է, թե ժնեւյան հանդիպումից առաջ ոչ ոք իր շուրթերից ոչ մի բառ չի լսելու Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Իր գաղտնապահությունը նախարարն արդարացրել է նրանով, որ Ադրբեջանը ամեն վայրկյան առիթ է փնտրում բանակցությունները դադարեցնելու համար, հետեւաբար, պետք չէ այդ առիթը տալ։ Այնուհետեւ, Վարդան Օսկանյանը կրկնել է իր «օկուպացված» բառի բացատրությունը, մասնավորապես ասելով, թե ինքը անգլերեն բառի բազմաթիվ իմաստներից միայն առաջին իմաստն է նկատի ունեցել, երբ ասել է այդ չարաբաստիկ «օկուպացիան»։ Հայաստանցիները ճիշտ չեն հասկացել, քանի որ մենք ավելի ռուսական իմաստով ենք ընկալում։ Ինչպես նկատում եք՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի որոշ տարաձայնություններ ակնառու են նույնիսկ բառերի գործածման հետ կապված։ Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն էլ իր հերթին է «նեղացած» դիրք բռնել, մոտավորապես շեշտելով, թե 10 տարի շարունակ իրեն ճանաչում են, ինքը տարիներ շարունակ ղարաբաղյան հարցով է զբաղված եւ հարցին առնչվող ամեն ինչին տեղյակ է եւ բոլոր այդ տարիներին երբեւէ չի «սայթաքել»։ Հետեւաբար, ըստ նախարարի, այս մեկը գոնե պետք է ներվեր։ Ըստ որոշ վերլուծաբանների, նախարարի «սայթաքումը» միտումնավոր էր սարքված՝ հասարակության տրամադրությունները շոշափելու համար։ Արձագանքը կարելի է համարժեք համարել։ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն, հետեւաբար՝ ամբողջ խումբը, նաեւ ԱՄՆ-ը, շատ լավ գիտակցում են ղարաբաղյան հարցի «գինը»։ Պրն Քավանոն հենց այնպես չհայտարարեց, թե նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի համար ամենադժվար գործը իրենց ժողովուրդներին համոզելն է, որ խաղաղությունն անկարելի է առանց երկուստեք զիջումների։ Նախագահ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, թե համանախագահները փորձում են նախապատրաստել հունիսին Ժնեւում կայանալիք հանդիպումը։ Ներկա պատգամավորների կարծիքով, դժվար թե որեւէ փաստաթուղթ ստորագրվի, բայց չի բացառվում, որ որոշ չափով ջրի երես կելնի քննարկվող տարբերակը։ Իսկ մինչ այդ ԱԺ պատգամավորները մի քանի հարցեր ուղղեցին ԱԳ նախարարին։ Մեղրիի ընտրատարածքից պատգամավոր Գրիգոր Հարությունյանը (ՀԺԿ) հարցրեց Մեղրիի մասին։ Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց, թե խոսք չի եղել այն մասին, որ ճանապարհները պետք է հենց Մեղրիի միջով անցնեն, չի բացառվել, որ ճանապարհները հնարավոր է անցնեն հյուսիսով։ Ճանապարհների որտեղով անցնելու հարցը, ըստ նախարարի, պետք է որոշի հայկական կողմը։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանը հանդիպման մասին ասաց, որ առիթն օգտագործելով պատգամավորները հարցեր ուղղեցին արտգործնախարարին, վերջինս էլ պնդել է, թե բանակցային գործընթացում շատ նուրբ պահ է, եւ որեւէ անզգույշ քայլ կարող է վնասել բանակցություններին։ Ինքը՝ Վարդան Օսկանյանը, փակ նիստից հետո չուզեց պատասխանել լրագրողների հարցերին, ավելի ճիշտ՝ պատասխանեց՝ չպատասխանելու պես. «Հերթական լսում էր եւ, որովհետեւ փակ նիստ էր, ես ուղղակի թույլտվությունը չունեմ խորհրդարանականների, որ դրա մասին խոսեմ»։ Հետաքրքիր է, որ խորհրդարանականները եւս չէին խոսում նույն պատճառաբանությամբ։ ԱԺՄ խմբակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը, որը ի դեպ, հազվադեպ է լինում նման հանդիպումներին, նաեւ՝ նիստերին, մեր հարցումին ի պատասխան՝ ասաց. «Ես ուրիշի խոսք փոխանցող չեմ»։ Իսկ Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ «Քերի Քավանոն ժամանակին զբաղվում էր Կիպրոսի խնդրով եւ հարցը սառեցված է, չի՞ կարծում պրն նախարարը, որ պատմությունը կարող է կրկնվել», ասաց. «Դա միգուցե լավ էր, որ սառեցման փորձը ունեցել է, եւ չի ուզենա երկրորդն էլ սառեցման տանի։ Երեւի կփորձի ամեն ինչ անել, որ իսկապես արդյունքի հասնի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել