ՕԳՆԵՔ ՄԵԶ, ԳՆԵՔ ՄԵՐ… «ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» «Առավոտի» մարտի 10-ի «Օգնություն «հարմար գներով» տեղեկատվության մեջ նշվել էր Վանաձորի առեւտրի կետերում շուրջ 3 ամիս (այժմ արդեն՝ ավելի) վաճառվող տավարի մսի իտալական պահածոների մասին, որոնց տուփերին իտալերեն եւ անգլերեն մակագրված է. «Իտալիայի կառավարության եւ ժողովրդի նվերը»։ Այդ առնչությամբ որեւէ պաշտոնական արձագանք, բացատրություն կամ հնարավոր վարկած դեռեւս չի եղել, թե որտեղից է ձեռք բերվում եւ առեւտրի կետերին ու անհատ վաճառողներին հանձնվում մարդասիրական օգնության կարգով ուղարկվող այդ մթերքը, մարդասիրական օգնությունների բաշխման հարցերով զբաղվող կենտրոնական կառույցները ունե՞ն դրանից որեւէ տեղեկություն, եւ կամ ո՞ւր են գնում դրանց վաճառքից ստացվող գումարները, գոնե բյուջեն դրանից օգուտ ստանո՞ւմ է։ Ասենք, որ իբրեւ նախորդ հրապարակման «արձագանք», այդ պահածոների գները տարբեր կետերում հավասարվեցին՝ իջնելով միասնականի, սակայն որոշ ժամանակ անց դրանց գները որոշ կետերում «մանրից» բարձրացվեցին։ Ավելին։ Այդ մթերքը սկսեց վաճառվել նաեւ առավել շատ կետերում։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետք է օգնությունը չհասնի իսկական հասցեատիրոջը։ Հիշեցնենք, որ այս կարգի օգնություն վերջին 2 տարում չի բաշխվել։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ