Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՂԻ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Մայիս 15,2001 00:00

ՀՂԻ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ Էկոտուրիզմը զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է աշխարհում։ Ըստ Հայկական էկոտուրիզմի ընկերության նախագահ Ժաննա Գալյանի, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան զբոսաշրջության այդ տեսակի զարգացման բոլոր հնարավորություններն ու նախադրյալները։ Արտասահմանցիների համար հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկական բնաշխարհն ու հուշարձանները, բույսերն ու կենդանիները։ Ժ. Գալյանի համոզմամբ, այս տեսակի զբոսաշրջության զարգացումը Հայաստանում շատ վտանգավոր է եւ հղի անցանկալի հետեւանքներով։ Դրա անվերահսկելի զարգացումը շատ վտանգավոր բնույթ կկրի, քանի որ Հայաստանը դեռ չունի էկոտուրիզմի քաղաքականություն եւ ռազմավարություն։ Իսկ նման քաղաքականություն եւ ռազմավարություն ունենալը պարզապես ժամանակի պահանջն է, խիստ անհրաժեշտ եւ կարեւոր, քանի որ դա հնարավորություն կտա պարզապես խուսափել բնության նկատմամբ անհարկի շահագործումից։ Նաեւ անհրաժեշտ է որոշել էկոտուրիզմի մեջ օգտագործվելիք տեղանքների հնարավոր ծանրաբեռնվածությունը եւ, իհարկե, անպայմանորեն ստեղծել բոլոր այն օղակներն ու ենթակառույցները, որոնք հնարավորություն կտան կարգավորել այդ ամենը։ Տիկին Գալյանը կարծում է, որ նման հույժ կարեւոր ռազմավարությունը եւ էկոտուրիզմին վերաբերող քաղաքականությունը պետք է անդրադառնան նաեւ բնաշխարհի առանձնահատկություններն իմացող, ինչպես նաեւ գերազանց օտար լեզուների տիրապետող էկոէքսկուրսավարներ-գիդեր պատրաստելու եւ, իհարկե, բոլոր մարզերում հյուրանոցային ցանցի զարգացման խնդիրներին, որոնց մենք երբեւիցե չենք անդրադարձել։ Ժ. Գալյանը նշեց, որ Հայաստանում կա հատուկ պաշտպանության ռեժիմի տակ գտնվող 27 տարածքային միավոր, որից 5-ը արգելոց է, իսկ 22-ը, ներառյալ Սեւանի ազգային այգին, արգելավայր։ Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել