Անգլիան պա՞րտք է Հայաստանին Արտառոց իրավական վեճ կարող է ծագել անհատի եւ պետության միջեւ։ Գիտնական Սուրեն Այվազյանը պատրաստվում է դատական կարգով վերադարձնել 14-րդ դարում Հայաստանից Լոնդոն տեղափոխված մի կլորիկ գումար։ Ուսումնասիրելով Հայաստանի պատմությունը, պրն Այվազյանը հայտնաբերել է, որ Անգլիայի Եղիսաբեթ II թագուհին Հայաստանի պարտապանն է։ Պարզվում է, որ 1378թ. Կիլիկյան Հայաստանի Լեւոն VI արքան, նախազգալով հայկական պետականության անկումը, Անգլիայի թագավոր Ռիչարդ II-ի պահպանությանն է հանձնել իր գանձարանը։ Կնքված պայմանագրի համաձայն՝ գանձարանը պետք է վերադարձվի Հայաստանին՝ վերջինիս անկախություն ձեռք բերելուն պես։ «Բրիտանական կայսրության օրենքների գրքում այդ որոշումը պետք է պահպանված լինի,- կարծում է Ս. Այվազյանը,- բայց մենք կաշխատենք գտնել նաեւ փաստաթղթի հայկական օրինակը, որպեսզի հաստատենք, որ Ռիչարդ II-ի եւ Լեւոն VI-ի միջեւ իրոք կնքվել է երկկողմ պայմանագիր։ Փաստաթղթի օրինակները եղել են ե՛ւ Անգլիայում, ե՛ւ Ֆրանսիայում։ Ֆրանսիայում դրանք պետք է որ պահված լինեն Սավոյան կոմսությունում»։ Պատմական արդարության վերահաստատման համար Այվազյանը մտադիր է գործի մեջ ներքաշել նաեւ Լեւոն VI-ի սերունդներին, որոնք այժմ ապրում են Ֆրանսիայում։ Պրոֆեսորը վստահ է, որ ընդամենը 400 մլն դոլար պետբյուջեով պետության համար Լեւոն VI-ի գանձարանի վերադարձը առավել քան ցանկալի է։ Նրա տվյալներով, միջնադարյան Հայաստանում հաշվվել է օգտակար հանածոների ավելի քան 40 հանքատեղի։ «Այնտեղ բազմատեսակ թանկարժեք քարեր կան՝ ադամանդ, սապֆիր, նռնաքար եւ այլն, ինչպես նաեւ՝ ոսկյա զարդեր, ձուլակտորներ,- հայկական գանձարանի պարունակությունն այսպես է գնահատում գիտնականը։- Կրկնում եմ, քանի որ Հայաստանն ինքը օգտակար հանածոներով հարուստ երկիր էր, բնականաբար, նրա գանձարանն էլ ամենահարուստներից մեկն է եղել»։ Պրոֆեսորը չի կարող հստակ որոշել գանձարանի ներկայիս արժողությունը։ Բայց, նրա կարծիքով, դա այն թիվը չէ, որը Միացյալ Թագավորությունը կսկսի վիճարկել։ Գիտնականն իրեն լիովին պատասխանտու է համարում համարձակ նախաձեռնության համար եւ Եղիսաբեթ II թագուհուն ուղղված իր նամակին ակնկալում է դրական պատասխան։ Ռուս. մամուլից