ԴՈՒ ՋՈՒԹԱԿ ԵՍ, ԵՍ՝ ՏԱԽՏԱԿ Մարդկության պատմական զարգացման հետ վերագնահատվում կամ ոչնչացվում են արժեքներ. ձեւավորվում են նոր գաղափարախոսություններ ու նաեւ զարգանում կամ ձեւափոխվում է արվեստը։ Մի ձեւից անցնում մյուսին՝ իր վրա կրելով ժամանակի ազդեցությունը, եւ յուրաքանչյուր նոր ձեւի համար տրվում են պատասխաններ, ասպարեզ են գալիս մարդիկ, ովքեր բացատրում կամ փորձում են բացատրել արվեստը։ Ոմանք հաստատում են պետության, կրոնի, քաղաքականության ազդեցությունը արվեստի վրա, ոմանք հավատում են, որ արվեստը զերծ է այս կամ այն ազդեցությունից եւ բացարձակ անկախ է։ Արվեստը ուղեկցում է մեզ, բայց արվեստով զբաղվելու համար կա մի կարեւոր ու պարտադիր պայման՝ կրթություն։ Սոցիալիզմի ժամանակաշրջանում կրթական հաստատաությունները՝ գործարանների նման, խմբաքանակով արվեստագետներ էին «արտադրում», որոնք պարուրված պրոլետարիական հոգեբանությամբ՝ մեծ քանակով «գլուխգործոցներ» էին ստեղծում։ Մինչ վերջերս նկատվում էր կոլեկտիվ մտածողության երեւույթը՝ մի քիչ փոփոխված տարբերակով եւ, այնուամենայնիվ, ի՞նչն էր պատճառը. արվե՞ստն էր պահանջում, թե՞ մեկ այլ պատճառ կար։ Ըստ Հ. Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանի. «Երբ կաղապարված միտքը, որը որոշակի գաղափարախոսությանը եւ կենսակերպին ծառայող մտածողության հիմքն է, դառնում է սերնդի դաստիարակման պատվիրատուն, անպայման կրթական հաստատություններում տեղի է ունենում սերիական արտադրություն, քանի որ այդ հաստատության միջոցով է դաստիարակվում ապագա քաղաքացին։ Պետությունը պետք է ճշտի իր քաղաքացու ինչպիսին լինելը, իսկ դպրոցը՝ գտնի այն ճանապարհները, որով առավել արդյունավետ պիտի հասնի պետության քաղաքականությունը իրագործող քաղաքացու դաստիարակմանը։ Երբ կրթական հաստատությունը ճշտում է իր ֆունկցիան՝ հնազանդ կատարողնե՞ր է պատրաստում, թե՞ մտածող, ստեղծագործող, արարող քաղաքացի, այդ դեպքում սերիական արտադրություն չի կարող լինել»։ Համալիրի խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կկարողանան առավելագույնս բացահայտել իրենց հնարավորությունները, մտածողությունը։ Այդ դեպքում ուսուցչի աշխատանքը շատ ավելի դժվար է, քանի որ. «Դու անընդհատ գործ ունես կենդանի մարդու հետ, ոչ թե լավ կամ վատ կատարող զինվորիկների: Դպրոցը պետք է պատրաստի մտածող մարդու, որը դպրոցի միջավայրից դուրս գալով բաց աշխարհ՝ կարողանա դիմակայել բախումներին։ Ասելիքդ պետք է կարողանաս հիմնավորել, նույնիսկ չհիմնավորելով՝ հիմնավորել, հակառակ դեպքում քո ասելիքը դատարկ տեղում է, ավազների վրա է սարքված»։ Կրթություն ստանալուց հետո, երբ արդեն ձեւավորվել, հասունացել է միտքը՝ հաջորդում է մեկ այլ կարեւոր ու պատասխանատու շրջան՝ որոշակի գործունեության ծավալում արվեստում։ Հիմա շատ է խոսվում, թե արվեստը ազատ է, հնարավորություններն ավելի մեծ են, ուրեմն ամեն մարդ՝ արվեստագետ կամ թվացյալ արվեստագետ, կարող մտնել ազատ դաշտ ու անել ինչ ուզում է։ Տիկին Սանոյանը գտնում է, որ դաշտը, հիմա իսկապես ազատ է, քան սոցիալիզմի օրոք, քանի որ. «Կոմունիստական հասարակարգի ժամանակ դիմադրողական արվեստ կար, հիմա դիմադրելու խնդիր չկա, այսինքն՝ այն ժամանակ գաղափարախոսությանը դիմադրելու խնդիր կար, հիմա գաղափարախոսություն որպես այդպիսին՝ չկա, այլ ինչ-որ պատառիկներ են ազգայնականության, չգիտես ինչի, որոնք կանգնած չեն քո առջեւ, բայց ազատությունը շատ լուրջ ու պարտավորեցնող կատեգորիա է։ Դու ավելի պատասխանատու ես, երբ մերկ կանգնած ես ազատության մեջ եւ ասում ես ամեն ինչ, ու արգելքը չկա, որից դու բռնվես եւ որին հակազդես։ Դու պետք է կարողանաս հիմնավորել գործդ, բայց եթե չունես կրթություն, բնականաբար, հիմնավորելու պաշար չունես, այսինքն՝ ժամանակին քարերը չես հավաքել, որ հիմա նետես։ Եթե քարերը չես հավաքել՝ ամեն ինչ ես շպրտում՝ ե՛ւ ավազ, ե՛ւ աղբ, ամեն ինչ։ Այնուամենայնիվ, պետք է ճանապարհ անցնել։ Ճիշտ է, ասում ենք՝ դաշտն ազատ է, հնարավորությունները շատ են ավելի, բայց պետք է նայել, որ ազատ դաշտում աղբ չառաջանա։ Տգիտությունից կարող է շատ աղբ գա»։ Իսկ տգիտությունը, որը շատ հաճախ խնամքով թաքցվում է, որտեղի՞ց է գալիս։ Ռեմբոն գրում է. «Եթե պղինձը քնից զարթնում է շեփոր դարձած, նա ոչ մի մեղք չունի» եւ «Ավելի վատ այն տախտակի համար, որն իրեն ջութակ է զգում»։ Արվեստը լիքն է «պղինձներով» ու «ջութակներով», իսկ ինչպե՞ս տարբերել, ո՞ւմ հավատալ… Ըստ տիկին Սանոյանի. «Ցանկացած տախտակ պետք է երազի ջութակ դառնալ եւ այդ երազանքը պետք է փորձի իրականացնել, եւ հենց այդ ճանապարհն է, որ պիտի անցնի, իսկ կդառնա թե չի դառնա՝ ուրիշ խնդիր է»։ Իսկ «շեփորն» ու «տախտակը» նաեւ փիլիսոփայում են, բայց փիլիսոփայությունը երբեմն այնքան գզգզված ու խճճված է, որ հոգնեցնում է կամ էլ ոչինչ չասող դատարկության նման ձանձրացնում, բայց եւ այնպես. «Ցանկացած գործունեություն իր հետեւում իր փիլիսովայությունն ունի, բայց նաեւ՝ ի՞նչ է հիմքում ընկած։ Եթե հիմքում դրված է փիլիսոփայելու գերխորամանկ, գերխելացի մտքերն արտահայտելու ձեւը՝ ինչքան անհասկանալի, այնքան՝ լավ, իհարկե, տխուր է, ի վերջո ամենահանճարեղ մտքերը ամենապարզ մտքերն են»։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ