Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ա

Մայիս 15,2001 00:00

Մասնավոր բուհերը ձգտում են հավատարմագրվել Հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գործունեության արտոնագիր ունեցող 85 մասնավոր բուհերից 18-ի լիցենզիաները չեղյալ են հայտարարվել: Ներկայումս գործում է 68 ոչ պետական բուհ, որից 30-ը սկսել է հավատարմագրման գործընթացը։ Դրանցից 14-ը հավատարմագրման գործընթացը սկսել էին դեռեւս անցյալ տարվանից։ Բոլոր 30 բուհերն էլ պատրաստել են ինքնավերլուծության փաստաթուղթը, որի հիման վրա ստեղծվել է 30 փորձագիտական կարծիք տվյալ բուհերի վերաբերյալ։ Այս բուհերը մասնակցելու են հավատարմագրման 3-րդ փուլին, այսինքն՝ պետական ավարտական քննություններին, որոնք կանցկացվեն մայիսի 22-ից հուլիսի 10-ը՝ կենտրոնացված համակարգով։ Կազմակերպվելու է 250 քննություն, ստեղծվելու է 120 հանձնաժողով։ Պետական ավարտական քննություններին մասնակցելու է 1800 շրջանավարտ։ Հավատարմագրվում է ոչ թե բուհը, այլ մասնագիտությունը։ Պրն Գաբրիելյանը ասաց. «Թե ի՞նչ մասնագիտություն է հավատարմագրվելու, ընտրում է բուհը, եւ եթե ներկայացված է մեկ կամ երկու մասնագիտություն, դա չի նշանակում, որ այդ բուհը ունի երկու մասնագիտություն, պարզապես, նրա կարծիքով, հավատարմագրման պատրաստ են այդ մասնագիտությունները։ Եթե բուհի հավատարմագրված մասնագիտությունները կազմում են 75%, ապա բուհը համարվում է հավատարմագրված»։ Քննությանը մասնակցելու են դիտորդներ (ԶԼՄ-ներ, ծնողներ եւ այլ հասարակական կազմակերպություններ), քննությունները կվերահսկեն լիազորներ (նախարարության եւ հավատարմագրման ու լիցենզավորման ծառայության ներկայացուցիչներ), որոնց թեկնածությունը հաստատում է կենտրոնական հանձնաժողովը։ Քննական հանձնաժողովի 50%-ը լինելու են նախարարության առաջադրած թեկնածուները, 50%-ը՝ տվյալ բուհի դասախոսները։ Քննական հանձնաժողովը բաղկացած է լինելու 6 հոգուց։ Պրն Գաբրիելյանը կարեւորեց այն փաստը, որ եթե նախկինում, ասենք, ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետի համար, տարբեր բուհեր անցկացնում էին տարբեր քննություններ, ապա ներկայումս, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բուհերը այս կամ այն ֆակուլտետի համար հանձնելու են քննություններ նույն առարկաներից։ Քննությունները հիմնականում լինելու են բանավոր։ Հավատարմագրման գործընթացը ավարտվելու է 2002թ.։ Այն բուհերը, որոնք չեն հավատարմագրվի, կշարունակեն իրենց գործունեությունը՝ համաձայն լիցենզիայի, սակայն դրանք ինքնըստինքյան կլուծարվեն. «Քանի որ ցանկացած ծնող իր երեխային կտանի հավատարմագրված բուհ»։ Պրն Գաբրիելյանը շեշտեց, որ «Կրթության մասին» օրենքի համաձայն, պետական բուհերը պետք է պարտադիր հավատարմագրվեն, իսկ ոչ պետականները՝ ըստ ցանկության. «Սակայն ակնհայտորեն իրականացվում է հակառակ գործընթացը»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել