Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարմիր թղթապանակով, կարմիր նախասրահով…

Մայիս 15,2001 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ «ԾՐԱԳԻՐԸ» Կարմիր թղթապանակով, կարմիր նախասրահով… «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Սարգիս Եթիմյանի միջնորդությամբ։ Նա խնդրում էր իրեն թույլ տալ չմասնակցել դատաքննությանը։ Նա իր հրաժարվելը բացատրեց նրանով, որ «դահլիճում կան մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս բարձրաձայն հայհոյել, որն ազդում է իմ նյարդային վիճակի վրա, որի պատճառով չեմ կարող զսպել ինձ»։ Դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, թե մեկուսարանի բժիշկներին կդիմի. «որ հանգստացնող դեղեր տան», ինչին ամբաստանյալ Եթիմյանը պատասխանեց, թե իրեն մեկուսարանում դեղեր տալիս են։ Նիստը նախագահողը «կոմպլիմենտ» արեց այս ամբաստանյալին, թե «երեւի դուք շատ ընկալող եք» եւ դիմեց դահլիճին, թե «թող տպավորություն չլինի, թե տեղից կարելի է ռեպլիկներ տրվեն»։ Եթիմյանի առողջական վիճակի կապակցությամբ մտահոգություն դրսեւորեց միայն Դեմիրճյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը՝ «Խոչընդոտ չի լինի, եթե մեկուսարանի բժիշկը թույլ կտա» ասելով։ Երեկ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակեց իր ցուցմունքները ԱԺ անցագրային բյուրոյից, ուր իր ասելով «պատահաբար» տեսել է Նաիրի Բադալյանին, ժ. 17.05-ին։ «Այդ օրը իմ ու նրա միջեւ որեւէ նախնական պայմանավորվածություն չի եղել։ Չի եղել նաեւ միջնորդավորված պայմանավորվածություն,- ասաց նա եւ ապա մի շատ ուշագրավ հետեւություն արեց։- Հետեւաբար, Բադալյանը իմ կողմից չի հավաքագրվել երբեւիցե, ոչ այլ անձի կողմից ցուցում չի ստացել՝ այդ օրը ինչ-որ բան անելու»։ Անցագրային բյուրոյում իր լինելու ժամանակ 2 անգամ Էդիկ Գրիգորյանն է մտնում «ինչ-որ բան» հարցնելու։ Ի դեպ, այդ մի բանը «առնչվում էր ժամանակին, ուզում էր նա իմանալ, վերջացնո՞ւմ եմ, թե ոչ»։ Ամբաստանյալը նկարագրեց, թե ինչպես երեքով՝ ինքը, Վռամը, եղբայրը մեկ անցագրով բարձրանում են ԱԺ։ Նա տեղեկացրեց, որ Վռամ Գալստյանը (քեռին) իր տպավորությամբ «ընդգծված հուզված էր» եւ նրա հապաղելու պատճառը դա էր… Ըստ ծրագրի, Էդիկը պետք է հսկեր առաջին անցակետի ոստիկանին, որին, հնարավոր աղմուկ բարձրացնելու դեպքում, արագ պիտի մոտենար. «հսկելով հսկիչին, որպեսզի նա ժամանակից շուտ չկարողանար շենքի մյուս ոստիկաններին տեղյակ պահել»։ Իր եւ Ն. Բադալյանի հանդիպման մասին տված երեկվա ցուցմունքը հակասում էր նախորդին, բայց ես ձեռնպահ եմ մնում այս ցուցմունքը հրապարակել լոկ այն պատճառով, որ Նաիրի Բադալյանը դատակոչվելիք կարեւորագույն վկաներից է։ Միայն նշեմ, որ ԱԺ 2-րդ հարկ բարձրանալիս, ամբաստանյալ Հունանյանը երկու միջանցքների հատման կետում, իրենից աջ գտնվող զուգարանն է մտնում, ջուր խմում։ «Ինձ հետ եկողներից ոչ մեկը չի մտել զուգարան,- ասաց նա,- այդ պահին զուգարանում այլ մարդ չի եղել, որեւէ մեկն ինձ այնտեղ չի սպասել, որեւէ մեկի հետ այնտեղ չեմ խոսել»։ Եվ ապա շարունակեց, թե «այնտեղ որեւէ զենք, զինամթերք չեմ ունեցել եւ դատարկ ձեռքով դուրս եմ եկել»։ Բա կարմիր թղթապանա՞կը, որ իր ձեռքին էր… Մինչ այս պահը Ն. Հունանյանն իր ցուցմունքներում շեշտադրել էր, թե գաղափարի զինվոր է, թե իր քայլը քաղաքական դրդապատճառներ ուներ։ Սակայն իր երեկվա ցուցմունքի մի հատվածը այլ բան էր ասում. «Աստիճաններին չհասած, 1-2 քայլ հեռավորության վրա, ըստ էության, ամբողջ ծրագիրը հօդս ցնդեց, երբ Կարենը, որ ինձնից ու Բադալյանից 1-2 քայլ առաջ էր ընկել, կորցնելով ինքնատիրապետումը՝ հանեց ինքնաձիգը եւ ուսափոկը կտրելով վազեց աստիճաններով կարմիր նախասրահ»։ Եվ «ձեռքիս թղթապանակը գցեցի Ն. Բադալյանի ձեռքերի վրա եւ հանելով ինքնաձիգը՝ սկսեցի կտրել ուսափոկը»։ Բայց չէ որ զուգարանից իր դուրս գալը ներկայացնելիս ոչինչ չկար ձեռքին։ Ամբաստանյալն ասաց, որ վազել է դեպի կարմիր նախասրահ, «ինչ-որ արտառոց հոգեվիճակով, որպիսին երբեք չեմ ունեցել»։ Ամբաստանյալը հայտնեց, թե հայացքը մշուշապատ էր, չհիշելով, դրանից հետո, թե որեւէ մեկի հետ խոսել է, թե ոչ։ Բայց հիշեց, օրինակ, որ գնացել է ԱԺ դահլիճի առաջին դուռը «Կարենն արդեն լիակատար անկառավարելի վիճակում, ինքն իրեն կորցնելով, կրակել էր Վազգեն Սարգսյանի վրա»։ Իսկ իր վիճակը՞. «անկախ ինձանից ձեռքս գնում էր ինքնաձիգի ձգանին»։ Ամբաստանյալը ներկայացրեց նախագահության սեղանի ետեւում իր գործողությունները, «չհիշեց», օրինակ, թե ովքեր էին այնտեղ. «Ինչ-որ կռացած մարդկանց նշմարեցի, որոնք, իմ զգալով, մեր կողմն էին փորձում նայել։ Սեղանը թույլ չէր տալիս տեսնելու, թե ինչ էր կատարվում այնտեղ»։ Այսինքն՝ թե՛ Կարեն Դեմիրճյանը, թե՛ Յուրի Բախշյանը ողջ էին, իսկ ամբաստանյալը համառորեն նրանց անունը չտվեց՝ «միանգամից կրակել եմ, առանց տեսնելու, թե ովքեր են» եւ «մեկ-երկու անգամ կրակել եմ, ինչ-որ անզգայաբար բնազդական մղումով»։ Նա նկարագրեց, թե «նախագահության սեղանի ետեւում գտնվող մարդիկ (հետո ճշտեց. «երկու մարդ եմ տեսել»), գետնին էին պառկած, դեմքով դեպի գետինը, նրանց կես մասը՝ գլուխը, ուսերը, սեղանի խորքում էին»։ Ամբաստանյալն ասաց նախ, որ իր «կրակոցները ստուգողական բնույթ չեն կրել», որ ինքը… կրակել է ոտքերին։ «Տեսել եմ՝ կրակոցները ոտքերին են դիպել»։ Բայց չէ որ իր ցուցմունքով ոչ ոք նախագահության սեղանի մոտ չի բարձրացել իրենից բացի, եւ Էդիկից, որն իրեն շշնջացել է (հասնելով Դերենիկի հետ դահլիճ), թե «Յուրան էլ է սպանվել։ Ասացի չեմ տեսել, եթե սպանվել է՝ միայն պատահական կարող է լինել»։ Ամբաստանյալը հիշեց նաեւ, որ Կարենը հետագայում վերցրել է իր ինքնաձիգը «որովհետեւ իր մոտինը խափանվել էր, թե քանդվել», սակայն չասաց, թե ինչու էր խափանվել, այսինքն՝ չբացեց փակագծերը. նաեւ այն տեսարանը, որից, ինչպես ինքն ասաց. «Ես Կարենի ձայնից թե ձեռքի շարժումից մի պահ կանգ եմ առել»։ Դա այն պահն էր, երբ խզակոթով հարվածներ էր հասցրել արդեն մահացած վարչապետին։ Երեկ ամբաստանյալը փորձեց այն տպավորությունը ստեղծել, թե ազատությունից իրենք չեն զրկել պատգամավորներին, կառավարության անդամներին, եւ, որ նրանք կապի միջոցներից՝ մասնավորապես հեռախոսներից, օգտվել են ազատորեն, ում հետ, երբ ուզել են։ Ավելին, իրեն վերագրեց «շտապօգնություն» կանչելը, դեղորայք պատվիրելը. «Ասել եմ դեղորայք բերեն իրենց հետ. սրտի, գլխացավի, ճնշման»։ «Նկատի ունենալով, որ իմ ծրագիրը սկզբում խախտվել էր, արդյունքում եղել էին իմ կողմից չնախատեսված եւ չորոշված սպանություններ, եւ առկա էին զոհեր, ինքս հայտնվել էի անորոշ հոգեվիճակում… եւ հասկանում էի, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը փոխելու ծրագիրը հետապնդելը կարող է ճիշտ չընկալվել ժողովրդի կողմից»։ Իր նախորդ ցուցմունքում ամբաստանյալը մեզ փորձում էր ճիշտ հակառակն ապացուցել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել