Իրականում ո՞վ է շահում Մեր՝ հայերիս բախտը, բերում է ամեն ինչում։ Դրա լավագույն ապացույցն է հենց միայն այն, որ մենք ամեն քայլափոխի, գնելով ինչ-որ բան, կարող ենք շահել։ Ցանկացած հայ, մտնելով ցանկացած խանութ, կրպակ, շուկա կամ սուպերմարկետ, բարհամբույր տոնով եւ կեղծ ժպիտով սիրունատես (կամ ոչ այնքան) վաճառողուհու կողմից զգուշացվում է՝ «այս ապրանքը շահովի է»։ Մենք՝ գնորդներս, այս մոգական բառերը լսելուց հետո շնչակտուր հասնում ենք տուն, երբեմն, նույնիսկ անհամբերությունից մղված, որեւէ անկյուն գտնելով (նավսողների աչքից հեռու) փնտրում ենք շահումը եւ… Շուրջ մի քանի տարի է՝ մեր համաքաղաքացիները ուշադրություն չդարձնելով իրենց գնած ապրանքի որակին, գնում են միայն շահովի ապրանքներ։ Իսկ շահովի ապրանքն էլ ծովից ծով՝ է՛լ կաթնամթերք եւ սննդամթերք, է՛լ տեխնիկական իրեր եւ կոսմետիկա, է՛լ պաղպաղակ եւ նույնիսկ արեւածաղիկ։ Այսպես՝ շահումները լինում են մեծ ու փոքր, էժան ու թանկ, մեծահասակների ու երեխաների համար (եթե, իհարկե, նրանք չմոռանան պաղպաղակն ուտելիս հա՜մփ, հա՜մփ, հա՜մփ ձայներ արձակել, ինչպես գովազդում է հնչում), ոսկյա եւ արծաթյա (կամ պղնձյա)։ Ակնհայտ է, որ այստեղ եւս մրցակցություն է տիրում, քանզի յուրաքանչյուր ապրանքատեսակի ֆիրմա՝ գովազդելով իր արտադրանքը, միայն նպատակ ունի սպառել այն։ Իսկ ինչ վերաբերում է շահումներին, ինչպես քաղաքացիներն են վկայում, դրանք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Ա. Լ.- Մենք մի քանի տարի շարունակ գնում էինք մի ֆիրմայի շահումով պաղպաղակներ, սակայն մինչ օրս որեւէ բան չենք շահել։ Ուղղակի կուզենայի զգուշացնել մեր համաքաղաքացիներին, որ գովազդներին չհավատան, դա ընդամենը ձեւականություն է, իրականում շահում են իրենց ծանոթներն ու բարեկամները կամ հենց իրենք։ Թե չէ, էդ ո՞նց եղավ, որ մենք տվյալ ֆիրմայի ստեղծման օրվանից մշտապես գնում ենք եւ չենք շահում, իսկ մի «երջանիկ աստղի տակ ծնված»՝ հեռուստացույցով կեղծ ոգեւորությամբ պատմում է, թե գնեց եւ լրիվ պատահական շահեց։ Լ. Մ.- Ամառը որ գալիս է, մեր ընտանեկան բյուջեն ճեղքվածք է ունենում, իսկ ես էլ, ամոթ չլինի ասելը, չաղանում եմ։ Իմ երկու երեխաները օրական 5-6 անգամ շահովի պաղպաղակ ու նամշած, բայց էլի շահովի արեւածաղիկ են գնում։ Ես ու ամուսինս ստիպված ենք լինում հենց նույն պահին ուտել դրանք, երբեմն էլ հարեւանին սուրճի հրավիրելու պատրվակով պաղպաղակ ենք հյուրասիրում։ Թե չէ էդքան ուտե՞լ կլինի։ Մենք ուտում ենք, երեխաներն էլ նստած հսկում են, թե երբ բերանից կհանենք այդ անիծված թուղթը։ Երբ զրուցում էինք կանանց հետ, քիչ հեռու մի կին վրդովված վիճում էր պաղպաղակի վաճառողուհու հետ։ Բանն այն էր, որ նա գնել էր պաղպաղակ, որի վրայի ակնթարթային շահումը ջնջված էր եղել։ «Ժողովրդին խաբելով փող եք աշխատում»,- բարկացած խոսում էր կինը, իսկ վաճառողուհին անմեղ տեսք ընդունած վերջինիս բացատրում էր, որ դա իր մեղավորությունը չէ։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ