Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Մայիս 15,2001 00:00

ՀՈՒՍԱՀԱՏ, ԿԱՐԻՔԱՎՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՔՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ Այս վերնագրով հոդված տպագրել է «Լոս Անջելես թայմս» թերթը։ Մեզ համար ոչ մի նոր թիվ կամ փաստ այն չի պարունակում։ Այդուհանդերձ, կարծում ենք, հայ ընթերցողին կհետաքրքրի, թե ինչպես են տեսնում իրեն կողքից։ Տպագրում ենք չնչին կրճատումներով։ Հայաստան, Չարենցավան։ Մասիս Քոչարյանն այս քաղաքի տիպիկ բնակիչ է, որն ասում է, որ հոգնած է, աղքատ եւ երազում է հեռանալ այստեղից։ Նա այնքան հուսահատ է իր գնալու ցանկության մեջ (ինչպես իրենից առաջ այս քաղաքի կեսը), որ հնարավորության դիմաց պատրաստ է առաջարկել բանավանի իր երկսենյականոց բնակարանը՝ ամբողջ կահավորանքով։ Իսկ փոխարենը ակնկալում է Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսի արժեքի չափով գումար եւ մի քանի դոլար՝ այնտեղ հաստատվելու համար՝ ամենաշատը 250 դոլար։ «Խոստանում եմ,- ավելացնում է նա,- որ ինձ էլ երբեք չեք տեսնի»։ Քոչարյանն ազգային խորտակված երազների տիպիկ օրինակ է։ Հայերը դարերով պետություն չեն ունեցել, եղել են թուրքերի, պարսիկների, մոնղոլների եւ ռուսների իշխանության ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (նրանց ամենամռայլ օրերին) նրանց հալածել են, սովի մատնել, բռնաբարել եւ սպանել դարի ամենաքստմնելի ոճիրներից մեկի՝ Ցեղասպանության ժամանակ։ Փրկվածները ապաստան են գտել սովետական իշխանության ներքո կամ սփռվել են Եվրոպայում, Միջին Արեւելքում եւ Ամերիկայում՝ կենդանի պահելով իրենց 1700-ամյա քրիստոնեական հավատը, իրենց սովորույթները եւ մ.թ. 404 թվին մի վանականի կողմից հայտնաբերված ինքնատիպ այբուբենով իրենց լեզուն։ 1991թ. Սովետական Միության փլուզումը չնախատեսված հնարավորություններ բացեց։ Միջին դարերից հետո առաջին անգամ հայ ժողովուրդն ունեցավ իր սեփական անկախ պետությունը, հայրենիքը, ուր նրանք կարող էին վերադառնալ, բարգավաճել եւ կառուցել իրենց երեխաների հուսալի ապագան։ Սակայն 10 տարի անց հույսերը մնացել են անկատար։ Իրենց երկիրը կառուցելու շտապող սփյուռքահայերի բանակի փոխարեն հայերն իրենց հայրենիքը լքում են տագնապալից շտապողականությամբ։ Անկախության հռչակման տարիների մոտավորապես 3,7 մլն բնակչությունից 1 միլիոնը լքել է հայրենիքը։ Թե ինչու են նրանք գնում՝ հասկանալի է դառնում թշվառության մեջ թաղված այս բանավանի հրապարակ ոտք դնելով, որտեղի բոլոր ինը ծառերը կտրված են։ Մարդկանց հագուստները հնամաշ են, այտերը՝ փոս ընկած, գոտիներն՝ ամուր կապած։ Հուսահատությունը դաջված է գրեթե բոլորի դեմքին։ Գրեթե ամեն օր ավտոբուսներ են մեկնում Ռուսաստան՝ տանելով նորանոր էմիգրանտների։ Կառուցված լինելով մայրաքաղաք Երեւանից 20 մղոն հյուսիս՝ որպես արդյունաբերական քաղաքի մոդել՝ ծառայելու Սովետական Միության շահերին, Չարենցավանը ԽՍՀՄ փլուզման հետ կորցրել է իր տնտեսական նշանակությունը։ Չարենցավանը միակը չէ Հայաստանում։ Զարգացման «մի բարակ շերտ» կա միայն մայրաքաղաքում, մնացած ամբողջ երկիրը թաղված է խոր աղքատության մեջ։ «Չնայած անցած տասնամյակում 1,4 մլրդ դոլար օգնությանը եւ ներդրումները խրախուսելու կառավարության ջանքերին, բնակչության 80%-ն աղքատ է՝ ամսական 25 դոլարից պակաս եկամտով»,- ասում է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը։ Գործազրկությունը պաշտոնապես 17% է, սակայն, ըստ նրա, ավելի ճիշտ թիվը 50%-ն է։ Նույնիսկ աշխատող մարդիկ հաճախ չեն վարձատրվում։ Պողոսյանը նշում է, որ տնտեսական էմիգրացիան Հայաստանին ինչ-որ տեղ օգուտ է տալիս։ Աշխատելու մեկնածները այստեղ ապրող իրենց հարազատներին գումար են ուղարկում։ «Դա նշանակում է սոցիալական եւ քաղաքական լարվածության թուլացում, քանի որ «այդ հարազատներն» այստեղ այլեւս աշխատանքի կարիք չունեն»,- ասում է նա։ Բայց մյուս կողմից, «դա շատ վատ է, քանի որ մենք կորցնում ենք մեր բնակչությունը։ Հայաստանը դատարկվում է։ Ընտանիքները քայքայվում են,- ասում է նա: -Եվ մեկնողներն էլ տնտեսապես ամենաակտիվներն են»։ Էմիգրացիան ազդում է նաեւ ժողովրդագրության վրա։ Արտագնա աշխատողների ֆոնի վրա, ըստ Գ. Պողոսյանի, կին- տղամարդ հարաբերակցությունը 57-43 է՝ անհավասարակշռություն, որը խոչընդոտում է ընտանիքների ստեղծմանը։ Քոչարյանը եւ նրա կինը իրենց երեխաներին տեսել են 4 տարի առաջ, երբ ազգականների հետ նրանց Ռուսաստան ուղարկեցին։ Այսօր նա պատմում է, որ չի կարողացել անգամ մի նամականիշ գնել՝ իր որդու վերջին նամակին պատասխան ուղարկելու համար։ Երբեմնի վարորդ Քոչարյանը 10 տարի կայուն աշխատանք չի ունեցել։ «Գոյությունս քարշ եմ տալիս ինչ-որ բաներ էժան գնելով եւ տարբեր գյուղերում քիչ ավելի թանկ վաճառելով,- պատմում է նա,- բայց օգուտը շատ քիչ է»։ Նա երդվում է, որ Ռուսաստանում ժանգոտ բահով հող կփորի, զուգարան կմաքրի, ամեն ինչ կանի՝ միայն թե ապրել կարողանա։ Չարենցավանի թիվ 5 դպրոցի տնօրեն Պապ Շահնազարյանը ականատես է, թե ինչպես է 1986թ.-ի 1175-ից այս տարի աշակերտների ընդունելությունը հասել 560-ի։ 40 աշակերտ մեկնել է սեպտեմբերից հետո։ «Եթե հայերի արտագաղթը չդադարեցվի, մի քանի տարուց երկրում ոչ ոք չի մնա,- ասում է Շահնազարյանը։- Շատ տարօրինակ զգացում է սեփական երկրում ապրել տնվորի նման՝ ընդ որում՝ իմանալով, որ վաղ թե ուշ, բայց մի օր դու էլ ես այն լքելու»։ ՋՈՆ ԴԱՆԻԺԵՎՍԿԻ«Los Angeles Times», 30 ապրիլի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել