Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿ՞ԱԽ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Մայիս 15,2001 00:00

ԱՆԿ՞ԱԽ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցն ուսումնասիրելու նպատակով Երեւան ժամանած Եվրախորհրդի փորձագետներին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտնել էր. «Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նախագահի հրամանագրով են նշանակվում դատավորները, Հայաստանում դատական համակարգն անկախ է, հետեւաբար՝ իշխանության կողմից ճնշումների չի կարող ենթարկվել»։ Սույն տեղեկությունն անչափ հետաքրքրեց մեզ եւ որոշեցինք պրն Հովհաննիսյանից պարզել. եթե ոչ նախագահի հրամանագրով, ապա էլ ինչպե՞ս են դատավոր նշանակվում Հայաստանում։ Ըստ նրա բացատրության՝ իր խոսքերը խեղաթյուրված էին ներկայացվել. «Ես ասել էի, որ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներն ավելի առաջ են ընթացել։ Կարելի է ասել, որ մենք հետ չենք նաեւ ԱՊՀ այլ երկրներից։ Հայաստանում ստեղծված է Արդարադատության խորհուրդ, որի առաջարկով է նախագահը նշանակում դատավորներ, եւ նրանք նշանակվում են ցմահ։ Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ դատավորները նշանակվում են անմիջականորեն նախագահի հրամանագրով եւ նշանակվում են 5 տարով»։ ԵԽ-ի փորձագետների հետ հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ ընդգծել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալ առհասարակ չկա։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմք ունի իր այս համոզումը. «Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրախորհրդի երեք պատվիրակություն է զբաղվել քաղբանտարկյալների հարցերով։ Երեքն էլ Եվրոպայի խորհրդին ներկայացրել են իրենց հաշվետվությունը։ Անդամակցության համար մեր պարտավորությունների մարդու իրավունքների բաժնում քաղբանտարկյալների մասին խոսք չկար։ Ի տարբերություն Ադրբեջանի պարտավորությունների ցանկի, որտեղ մի ամբողջ գլուխ կա, ուր նշված են շուրջ 700 կոնկրետ ազգանուններ»։ Վերջում, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ինքն իրոք համոզվա՞ծ է, որ Հայաստանի դատական համակարգն անկախ է եւ չի ենթարկվում իշխանական ճնշումներին։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանը բավական դիվանագիտական էր. «Դա գործընթաց է, ընդ որում՝ բավական երկարատեւ։ Այսօր աշխարհի շատ զարգացած եւ ժողովրդավարական երկրներում անգամ մինչեւ վերջ չեն կարող պնդել, թե դատական համակարգը լիարժեք անկախ է։ Հայաստանը սկսել է այդ գործընթացը եւ ավելի առաջ է, քան մեր հարեւան երկրները։ Կարեւոր է, որ ստեղծել ենք օրենսդրական ամբողջ դաշտը եւ դատաիրավական համակարգը ենթարկել ենք լուրջ բարեփոխումների»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել