«ՄԱՐՍՆ» ԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՀԱՍՏԱՏ ՉԻ՛ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ Իսկ «Արարատցեմենտի» պարագայում դրա հավանականությունը 1/3-ի է «Մարս» եւ «Արարատցեմենտ» գործարանների սեփականաշնորհման խնդիրը որոշակի անդրադարձ ունի նրանց տնօրենների՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի քաղաքական դիրքորոշումների վրա։ Թերեւս նաեւ այս հանգամանքով են պայմանավորված նրանց չափավորականությունը եւ զգուշավորությունը։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, սակայն, պնդում է, որ այս երկու սեփականաշնորհման գործընթացներն ինքնին բոլորովին քաղաքականացված չեն. «Ինքս դրանց վերաբերվում եմ որպես զուտ տնտեսական հարցերի։ Չնայած լավ գիտակցում եմ, որ ցանկացած լուծում էլ քաղաքական վերլուծությունների առիթ է դառնալու»։ Դավիթ Վարդանյանը հերքեց այն լուրը, թե նախագահի նստավայրից հրահանգված է անել ամեն ինչ, որ «Արարատցեմենտը» Արամ Սարգսյանին բաժին չհասնի. «Բացարձա՛կ չի համապատասխանում իրականությանը, թե ինձ ինչ-որ մեկը ցուցումներ է տալիս դրա վերաբերյալ։ Այնքանով՝ ինչքանով այլ խոշոր սեփականաշնորհումների պարագայում, այս երկու դեպքում էլ ես միշտ խորհրդակցում եմ, զեկուցում վարչապետին եւ նախագահին։ Եվ դա շատ բնական է»։ «Արարատցեմենտի» սեփականաշնորհմանը մասնակցելու մտադրության վերաբերյալ երեք առաջարկ կա. «Երեք հայտն էլ ժամանակին են ներկայացվել։ Հունական եւ լիբանանյան ընկերություններ են եւ գործարանի կոլեկտիվը»։ Դավիթ Վարդանյանը զգուշացավ նշել, թե մոտավորապես ինչ գնով են մտադիր վաճառել «Արարատցեմենտը»։ Սակայն «Մարսի» վերաբերյալ, այնուամենայնիվ, հաստատեց, որ այն անհամեմատ թանկ է. «Ես չեմ գտնում, որ կլինի հայկական որեւէ խումբ, որի ֆինանսական, մարքեթինգային, կառավարման եւ այլ հնարավորությունները բավարար կլինեն «Մարսը» շահագործելու համար։ «Մարսն» իսկապես ունիկալ գործարան է, որին հարկավոր է հզոր ներդրող եւ աշխատանքի կազմակերպիչ։ Իսկ «Արարատցեմենտն» այդպիսին չէ. այն ոչ թե ներդրումների կարիք ունի, այլ ապրանքի իրացման»։ Ա. Ի.