Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Մայիս 15,2001 00:00

ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «Առավոտը» նախագահ Քոչարյանի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանից փորձել էր ճշտել Ռ.Քոչարյանի վերաբերմունքը «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Բաբկեն Արարքցյանի՝ մայիսի 11-ին արած այն հայտարարության առնչությամբ, թե նախագահ Քոչարյանը Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանն իրականում ստացել է ոչ թե 2001-ին, այլ՝ դեռեւս 97-ին, երբ համաձայնել է իրագործել Արեւմուտքի ծրագրերը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր քարտեզ գծելու եւ այդ համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը Մեղրիի հատվածում սահմանափակելու վերաբերյալ: Այս հարցադրմանն ի պատասխան, Վահե Գաբրիելյանը նշել է. «Եթե պարոն Արարքցյանի մեղադրանքներին կետ առ կետ պատասխանենք, նա շատ անհարմար վիճակի մեջ կհայտնվի: Ամեն դեպքում ցավալի է, որ իշխանության կարոտախտը կամ ինչ-որ այլ զգացում կարող է այդքան հիվանդագին կերպով բորբոքել պարոն Արարքցյանի երեւակայությունը»: Անդրադառնալով այն հարցին, թե՝ «Համամի՞տ է արդյոք ՀՀ նախագահն արտգործնախարարի այն արտահայտությանը, թե ազատագրված տարածքներն «օկուպացված» են», պարոն Գաբրիելյանը պատասխանել է. «ՀՀ նախագահը համամիտ է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԺ խմբերի եւ խմբակցությունների համատեղ հայտարարությանը, եւ հասարակությանը հայտնի են հակամարտության վերաբերյալ նախագահի տեսակետները, բնորոշումները եւ հակամարտության կարգավորման նրա առաջադրած սկզբունքները: Անշուշտ, սխալ է այդ բառի գործածությունն ազատագրված տարածքների վերաբերյալ, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդքան շահարկված այդ բառը տարբեր իմաստներ եւ երանգներ ունի անգլերենում եւ ռուսերենում: Ռուսերենում առկա բացասական երանգավորման պատճառով էլ այն այդքան խոսակցությունների տեղիք է տվել, սակայն, չեմ կարծում, թե ճիշտ է որեւէ բառի վրա այդքան սեւեռվելը եւ հեռուն գնացող եզրակացություններ անելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել