Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1999 թ. հոկտեմբերի 27-ի գործի դատաքննության հետ կապված հանրապետությունում

Մայիս 15,2001 00:00

«Միասնություն» դաշինքի հայտարարությունը 1999 թ. հոկտեմբերի 27-ի գործի դատաքննության հետ կապված հանրապետությունում ստեղծված բարոյաքաղաքական մթնոլորտի մասին 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում կատարվեց մեծագույն ոճրագործություն՝ ահաբեկիչների զոհ դարձան հանրապետության Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, պատգամավորներ, նախարար։ Պատմությանն անհայտ, աննախադեպ այդ ահաբեկչությունը մինչեւ օրս չի արժանացել ոչ միայն իրավական, այլեւ բարոյաքաղաքական պատշաճ գնահատականի։ Գործի նախաքննության առաջին իսկ պահից մինչեւ դատաքննությունը, իշխանությունների եւ առանձին քաղաքական ուժերի կողմից ահաբեկիչների նկատմամբ փորձ է արվում ստեղծել բարյացակամության, հոգատարության եւ հովանավորչության մթնոլորտ։ Դա արտահայտվել եւ արտահայտվում է առանց որեւէ հիմքի եւ ապացույցի, քննության առաջին իսկ պահից դրա կազմակերպված լինելն անհիմն ժխտելու, հրեշավոր ահաբեկչությունը, որպես այն իրականացրած անձանց ինքնագործունեության արդյունք բնութագրելու, ահաբեկիչների նկատմամբ արտակարգ հոգատար եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու կոչերում եւ գործողություններում, մարդու իրավունքները եւ ազատությունները հարգելու սկզբունքը սոսկ ահաբեկիչների նկատմամբ կիրառելու մեջ։ Առանց դատաբժշկական փորձաքննություն կատարելու, անհիմն փորձեր են արվում ահաբեկիչներին ներկայացնել որպես դաժան, անմարդկային խոշտանգումների ենթարկված անձանց, որն ակնհայտորեն հերքվում է նրանց միանգամայն առողջ վիճակով։ Չնայած, որ դեռեւս նոր է սկսվել դատաքննությունը, սակայն առանձին անհատներ եւ որոշակի քաղաքական ուժեր փորձում են ժողովրդի վզին փաթաթել ահաբեկչության՝ որպես այն անմիջականորեն կատարողների ինքնագործության վարկածը։ Դրան զուգընթաց զանգվածային լրատվության առանձին միջոցներում փորձ է արվում ահաբեկչությունը ներկայացնել որպես սխրագործություն, ցինիկ ձեւով համեմատություններ են անցկացվում միջնադարի ազգային ազատագրական հերոս Ռոբին Հուդի եւ հայկական ցեղասպանության համար վրեժխնդիր Սողոմոն Թեհլերյանի հետ։ Հանրապետությունում ձեւավորվում է ահաբեկիչներին հովանավորելու արտառոց մթնոլորտ։ Այս օրերին դա դրսեւորվում է ահաբեկիչներին եւ, հատկապես, դրանց պարագլխին դատաքննության ընդմիջումների ժամանակ ցույց տրվող ապօրինի, հակաիրավական աջակցության մեջ, որի արդյունքում Նաիրի Հունանյանն ընդմիջումներից հետո դատական նիստի է գալիս հոգեբանորեն առույգ եւ նոր լիցքով շտկումներ է կատարում իր արդեն իսկ տված ցուցմունքներում։ Պատմության զավեշտը դրսեւորվում է նաեւ նրանում, որ ահաբեկիչների նկատմամբ նման հովանավորչությունն իրականացվում է այն բանից հետո, երբ հանրապետությունում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների հատուկ նիստը՝ նվիրված ահաբեկչության համապարփակ դատապարտմանը եւ դրա դեմ մղվող պայքարին։ «Միասնություն» դաշինքը դատապարտում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործների շուրջ ստեղծված հովանավորչական մթնոլորտը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ դատաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության օրինականության վրա արդյունավետ հսկողություն իրականացնելու համար։ Այս նախագիծը թերեւս այսօր ընթերցվի խորհրդարանի հայտարարությունների ժամին։ ՀՀԿ-ն երեկ այն դեռ քննարկում էր, սակայն ՀԺԿ-ն համաձայն էր արձանագրված բոլոր դրույթներին։ Հնարավոր է, որ «Հայաստան» խումբը եւս միանա այս հայտարարությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել