Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասում են ռուս վերլուծաբանները

Մայիս 15,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ» Ասում են ռուս վերլուծաբանները Ռուս վերլուծաբանները շարունակում են անդրադառնալ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում Հայաստանի գրաված ոչ կառուցողական դիրքորոշմանը: Այդօրինակ վերլուծությունները փաստարկվում են մասնավորապես էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության ֆոնի վրա: Փորձագետների գնահատմամբ, ներկայումս Հայաստանի Հանրապետությունն օգտագործում է տարեկան 1,1-1,5 մլրդ կուբամետր գազ, որը նա ստանում է 64 ԱՄՆ դոլարով: Վերջինս, ընդ որում, Հայաստան է ներկրում «ԻՏԵՌԱ» ընկերությունը: Դեռ 97-ի օգոստոսին Հայաստանին տրամադրվող գազի անխափան մատակարարման ապահովման եւ վճարումների հավաքագրման նպատակով ստեղծվել էր հայ-ռուսական «Հայռուսգազարդ», համատեղ ձեռնարկություն, որի հիմնադիրներն էին «Գազպրոմ» ՍՊԸ-ն՝ 45 տոկոս բաժնեմասով, Հայաստանի էներգետիկայի նախարարությունը՝ 45 տոկոս բաժնեմասով եւ «ԻՏԵՌԱ»-ն՝ 10 տոկոս բաժնեմասով: Վերջինս, ի դեպ, ստանձնել էր նաեւ գազի մատակարարի օպերատորի գործառույթներն ու դրա պատասխանատվությունը: «Հայռուսգազարդ»-ի հիմնադիրները միաժամանակ «ԻՏԵՌԱ»-ին էին վստահել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը, գազատար խողովակների, գազի ստորգետնյա պահեստարանների կառուցումն ու վերանորոգումը եւ այլն: Փորձագետների գնահատմամբ, Համատեղ ձեռնարկության գործունեությունը հնարավորություն էր տվել կայունացնել Հայաստանի էներգետիկ ոլորտի վիճակը եւ նպաստել երկրի տնտեսության հետագա զարգացմանը: Սակայն, նրանց կարծիքով, վերջին շրջանում, հայկական կողմը նահանջում է «Հայռուսգազարդ»-ի ստեղծման ժամանակ ձեռքբերված փոխադարձ պայմանավորվածություններից: Այդ համատեքստում նշվում է, թե ստանալով տնտեսության ու բնակչության պահանջարկն ամբողջովին բավարարող քանակի բնական գազ, Հայաստանի կառավարությունը ձեռնարկության գործունեության ոլորտից դուրս է բերել սպառողների վճարումների հիմնական զանգվածի հավաքագրումը՝ ՀՁ-ին թողնելով միայն գազի անմիջական մատակարարման ֆունկցիան: Փորձագետները պնդում են, թե հատկապես դրանից հետո Հայաստանի պարտքը գազի դիմաց աննախընթաց կերպով սկսել է աճել: 2001 թ. մարտի կեսերին, սպառված գազի դիմաց «ԻՏԵՌԱ»-ի նկատմամբ Հայաստանի պարտքը կազմել է մոտ 24 մլն դոլար: Չնայած բազմաթիվ խոստումներին, Հայաստանի իշխանությունները գործուն միջոցներ չեն ձեռնարկում «Հայռուսգազարդի» հանդեպ ունեցած արդեն 34 մլն դոլար կազմող դեբիտորական պարտքերը կրճատելու համար: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, «Հայռուսգազարդի» պարտատերերի թվում են ՀՀ նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պաշտպանության նախարարությունը եւ ՆԳ նախարարությունը, որոնց պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 1 մլն դոլար: Ռուսական աղբյուրների վկայությամբ, գազի ներքին շուկայում ամենաշատ պարտքը կուտակել են հայ էներգետիկները՝ 15 մլն դոլար: Հանրապետության արդյունաբերական սեկտորի պարտքը կազմում է 6,7 մլն դրամ, ջեռուցման համակարգինը՝ 4,3, բնակչությանը՝ 3,7 մլն դոլար: Ըստ որոշ տեղեկությունների, ռուսական ընկերությունները հայկական կողմին առաջարկել են գործողությունների համաձայնեցված ծրագիր մշակել եւ գազի մատակարարումը համապատասխանեցնել ներքին շուկայի պահանջարկի ծավալներին եւ սպառողների իրական վճարունակությանը: Մինչդեռ Հայաստանը փորձում է արհեստականորեն քաղաքականացնել այդ զուտ տնտեսական հիմնախնդիրը: Ինչպես նախորդ տարիներին, 2001-ին եւս «ԻՏԵՌԱ»-ն գազի բավարար ռեսուրսներ ունի եւ կարող է երաշխավորել Հայաստանի վճարունակ սպառողներին անհրաժեշտ քանակությամբ բնական գազի մատակարարումը: Ավելին, ընկերությունը շահագրգիռ է հայկական շուկայում գազի ծավալները մեծացնելու ուղղությամբ: Ըստ ռուսական աղբյուրների, միջազգային վարկատու կազմակերպությունների ուղղակի ճնշման տակ հայաստանյան իշխանությունները տեղի են տվել ավստրիական խորհրդատվական՝ Raiffeisen Investemen AG ընկերության առաջարկներին եւ արհեստական պատճառաբանությամբ արգելել, որ «ԻՏԵՌԱ»-ն եւ նրա գործընկեր «Ռոսէներգոատոմը», մասնակցեն հայկական ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթին: Այն, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության համատեքստում առաջնահերթությունը տրվում է Արեւմուտքին՝ միաժամանակ անտեսելով Ռուսաստանի օրինական շահերը, ըստ ռուս վերլուծաբանների, ակնհայտ է: Իբրեւ դրա ապացույց նշվում է այն հանգամանքը, որ 2001 թ. մարտին հայկական կառավարությունը՝ վարչապետ Ա.Մարգարյանի գիտությամբ, Հայաստանի էներգետիկայի նախարարության հատուկ ակումուլացված հաշվեհամարներից, որոնք նախատեսված էին՝ «ԻՏԵՌԱ»-ի տրամադրած բնական գազի իրացման վճարները փակելու համար, 1,9 մլն դոլար է ուղղել միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ վերջիններիս նկատմամբ հանրապետության ֆինանսական պարտավորությունները մարելու համար: Փորձագետների կարծիքով, Հայաստանը եւս մեկ անգամ բացեիբաց ցուցադրել է, որ մտադիր չէ ադեկվատ գնահատել Ռուսաստանի եւ «ԻՏԵՌԱ»-ի ներդրումը՝ Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ ոլորտների զարգացման ու կայունացման գործում: Նրանք նաեւ փաստում են, թե Հայաստանը, ինչպես նախկինում, այսօր էլ փորձում է Ռուսաստանի հետ իր գործընկերությունն ու ռազմաքաղաքական համագործակցությունն օգտագործել ի հաշիվ Ռուսաստանի եւ ի վնաս տարածաշրջանում Ռուսաստանի եւ Կովկասի աշխարհաքաղաքական շահերի՝ միակողմանի եւ, առաջին հերթին, տնտեսական առավելությունների հասնելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել