«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ» Ասում է իրավագետ Վլադիմիր Նազարյանը Վլ. Նազարյանն իրավագիտությամբ է զբաղվում կես դարից ավելի։ Հարյուրից ավելի աշխատությունների հեղինակ է։ Ըստ Վլ. Նազարյանի՝ «Աշխարհի բարեկեցիկ ապրող ժողովուրդները մի գաղտնիք ունեն՝ նրանք գրում են մարդու իրավունքները եւ ազատությունները ճիշտ արտահայտող օրենքներ եւ կատարում են այդ օրենքները։ Ուրիշ գաղտնիք չկա»։ Վլ. Նազարյանի բնորոշմամբ, օրենսդրական գործունեությունը մեր հանրապետությունում ծանր վիճակում է։ Արդեն տասը տարուց ավելի մեր հանրապետությունում չի իրականացվում օրենսդրական աշխատանք։ Ի՞նչն է պատճառը, մենք օրենքներ չե՞նք սիրում. «Օրենքները մենք ուզում ենք այնպես գրել (ես նկատի ունեմ ոչ միայն այսօրվա, այլեւ բոլոր տասը տարիների իշխանություններին), որ իշխանություններին հարմար լինի։ Իշխանություններն օրենքներից վախենում են։ Վերցնենք սահմանադրություն բառը. ի՜նչ հիանալի բառ է՝ սահման դնել, բայց ո՞ւմ առաջ դնել։ Հասարակ ժողովրդի՞, արդեն էնքա՜ն սահման է դրված, ո՜ր։ Ուրեմն ենթադրվում է՝ Սահմանադրությունը սահման է դնելու իշխանությունների առաջ։ Դե ո՞վ կուզի իր առաջ սահման դնել»։ Իրավունքի հիմնական առաքելությունը քաղաքացիների հավասարության, ազատության եւ արդարության ապահովումն է, իսկ «Հավասար կարող են լինել միայն ազատ մարդիկ, որովհետեւ անազատների հավասարությունը ստրուկների գաղափարախոսությունն է։ Իսկ ազատների անհավասարությունը՝ արիստոկրատիայի»։ Վլ. Նազարյանն այժմ զբաղված է օրենքների եւ օրենսդիրների մեկնաբանությունները գրելով. «Մի տեսակ միստիկա է ստեղծվում շուրջդ։ Շատ մեծ հավատ կա։ Իհարկե, շատ մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում այդ հավատը, բայց միեւնույն ժամանակ էլ, շատ կուզեի իմ նման գործընկերներ ունենալ, որ իրենց էլ հավատան։ Մեր ժողովուրդը շատ դժվար է սիրում, բայց որ սիրում է, սիրում է անվերապահ։ Մի տեսակ ամեն ինչ էլ ներում է։ Ես ժողովրդին նկատի ունեմ, ոչ թե իշխանություններին։ Իշխանությունները ոչինչ չեն ներում։ Ամենաճիշտը Բալզակն է բնորոշել՝ Բուրբոնները ոչինչ չսովորեցին եւ ոչինչ էլ չմոռացան։ Չմոռացան իրենց «մուռերը», բայց չսովորեցին ժողովրդավարություն։ Իշխանությունը մարդուն ստուգելու լավագույն եղանակներից մեկն է։ Մարդը շատ դժվար է դիմանում երկու բանի՝ հարստությանը եւ իշխանությանը»։ Թեպետ օրը տոնական էր եւ Վլ. Նազարյանն էլ հակված չէր հարցազրույցի, բայց «Հոկտեմբերի 27»-ի ընթացող դատավարության մասին հարցրինք. «Լավ է, որ էդ Հունանյանն էդքան խոսում է, որովհետեւ պետք է սպառվի։ Էդ բոլոր լեգենդները պատմելուց հետո, երբ որ սպառվի, ինձ թվում է՝ խաչաձեւ հարցաքննության ժամանակ հնարավոր կլինի ավելի ճշմարտացի տեղեկություններ ստանալ։ Ես դատավարությունից մի սպասելիք ունեմ. խնդրեմ, թող ապացուցվի, որ որեւէ կազմակերպիչ, դրդիչ չի եղել, բայց պետք է փարատվեն դրանց լինելու բոլոր կասկածները»։ Փաստորեն Վլ. Նազարյանը հավատո՞ւմ է մեր դատական համակարգին. «Ուրիշ ի՞նչ անես, որ չհավատաս։ Եթե ուրիշ ելք կա, խնդրեմ։ Առանց անաչառ ու արդար դատարանի՝ ուղղակի չի լինում պետականություն։ Իսկ դատարանից երկու պորտալար պիտի կտրվի՝ գործադիր իշխանությունից եկող պորտալարը եւ երկրորդը՝ որ դատարանը չնայի հանցագործի բարեկամի ձեռքին»։ Վլ. Նազարյանի կարծիքով, իրավաբաններին չեն սիրում, բայց այդ ներուժը պետք է օգտագործել։ Իրավագիտությունը, ըստ պրոֆեսորի, ունի կարծեցյալ մատչելիություն. «Ոչ ոք քեզ սրտի փականի վիրահատություն չի սովորեցնի, բայց ցանկացած տրամվայի ուղեւոր քեզ անմիջապես կսովորեցնի, օրինակ՝ ինչպես վերացնել բնակարանային գողությունը. յոթ գողի կախում ենք հրապարակում, եւ վերանում է գողությունը։ Մտածում ես՝ էս մարդկությունը քանի հազար տարի էդ յոթին ինչի՞ չի կախում, պրծնենք էդ անտեր գողությունից։ Կամ՝ օրենքի տեքստը վերցնում ու գրում է մարդը։ Բայց ԱԺ անորակ օրենք ներկայացնելու համար պատիժ չկա՞։ Խնդրեմ, մի ուրիշ խեղկատակ օրենք՝ «Իրավական ակտերի մասին»։ Նույն աղբյուրից է եկել։ Նորից նույն պատմությունն է սկսվում։ 40 էջանոց մի զառանցանք։ Ուրեմն ի՞նչ, սրա վե՞րջը։ Ավելի լավ չէ՞ մի պրոֆեսիոնալ կենտրոն ստեղծել, որը միջազգային ստանդարտներով օրենքները պատրաստի, այստեղ քաղաքական քննարկումներ լինեն եւ ոչ թե՝ անգրագիտության վերացման դպրոց, ընդ որում՝ անվերանալի անգրագիտության»։ Վլ. Նազարյանը հականախագահակա՞ն է, թե՞ նախագահամետ. «Ես ոչ հականախագահական եմ, ոչ էլ նախագահամետ։ Շատ հաճախ գնում ու խաբում են էդ նախագահին։ Նախագահը մասնագիտությամբ իրավաբան չի։ Բառիս բուն իմաստով համոզում են՝ էսինչ բանը ճիշտ է։ Հետո մենք նայում ենք, սխալները բռնում ենք, դառնում ենք հականախագահական։ Բա էս պայմաններում ես չերազեի՞ բժիշկ-պրոֆեսոր լինել, բուժել իմ հիվանդներին, հետո գնայի տուն, ծնունդիս էլ տասնյակ կամ հարյուրավոր բացիկներ ստանայի։ Իսկ այստեղ միայն թուքումուր։ Որ ի՞նչ, սրա վե՞րջը։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ես էլ թողնեմ։ Բայց կլինի՞։ Չէ՞ որ էս պետության քաղաքացիներն ենք»։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ