ՊԱՇՏՊԱՆՆ ԱՌԱՐԿՈՒՄ Է Մենք տեղեկացրել էինք 28.11. 2000թ. Արմավիրի զորամասերից մեկում զինվոր Սուրեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին, որի հետեւանքով առայսօր Սուրենը կորցրել է խոսելու ունակությունը։ Այս տարվա մայիսի 8-ին տուժող Սուրեն Գրիգորյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննություն։ Դիմեցինք տուժողի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանին փորձաքննության արդյունքների կապակցությամբ. «Նշանակված փորձաքննության օբյեկտիվությունը արդեն իսկ կասկածի տակ եմ առնում, քանի որ զինդատախազության քննիչը ճնշիչ աշխատանքներ էր տանում ինչպես հանձնաժողովի անդամների հետ՝ մինչեւ փորձաքննությունը, այնպես էլ դրանից հետո։ Նախ նա արգելեց 1,5 ժամ ինձ որպես պաշտպանի ներկա գտնվել հանձնաժողովի սենյակում, ապա փորձաքննության ավարտից հետո՝ իմ մուտքն այդ սենյակ։ Նա հանձնաժողովի անդամների հետ մասնակցում էր եզրակացության կազմմանը»։ Մենք Ս. Սաֆարյանին հարցրինք, թե արդյոք օրենքով սահմանված միջոցների չի՞ դիմել, նա տեղեկացրեց, որ գրավոր դիմել է հանձնաժողովի նախագահ պրն Դանիելյանին, բայց ինչպես գրավոր դիմումը, այնպես էլ բանավոր նախազգուշացումը դեր չեն խաղացել։ Փաստաբանին չի իրազեկվել նաեւ հանձնաժողովի անդամների մասին։ Սեփ. լր.