ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ Սեպտեմբերի 19-21-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ Նյու Յորքում կկայանա երեխաներին նվիրված հատուկ նստաշրջան։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակը ծավալել է «Երեխաներին՝ այո» քարոզարշավը ու միացել «Հանուն երեխաների» համաշխարհային շարժմանը, որը նախաձեռնել են միջազգային կազմակերպություններն ու մի շարք հանրահայտ անձինք՝ Նելսոն Մանդելան, Քոֆի Անանը, Բիլ Գեյթսը։ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գլորիա Ֆերնանդեսը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Երեխաներին՝ այո» քարոզարշավը երիտասարդներին, մեծահասակներին ու ղեկավարներին հնարավորություն կտա հանուն երեխաների բարեկեցության 10 հիմնական գործողություններին համապատասխան պատգամներ ներկայացնել՝ թերթիկներով եւ ինտերնետում (պատգամները՝ ուշադրություն յուրաքանչյուր երեխայի, առաջնահերթությունը՝ երեխաներին, հոգացեք յուրաքանչյուր երեխայի համար եւ այլն)։ Եվ ողջ աշխարհից հավաքված պատգամները կուղարկվեն Նյու Յորքում կայանալիք նստաշրջանին մասնակցող երկրների ղեկավարներին։ Այդ հավաքի ընթացքում մշակվելու եւ համաձայնեցվելու է «Հանուն երեխաների» գործողությունների ու միջոցառումների տասնամյա ծրագիրը։ Գ. Ֆերնանդեսը հույս հայտնեց, որ «պատգամները քաղաքական ղեկավարներին կահազանգեն, որ անհրաժեշտ է աշխարհը բարեփոխել հանուն երեխաների»։ Շարժմանը Հայաստանում միացել էին եւ ասուլիսին ներկա էին մի շարք մտավորականներ՝ Նիկոլայ Մադոյանը, Ազատ Գասպարյանը, Նառա Շլեպչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արմեն Սաֆարյանը, հասարակական կազմակերպություններ՝ Կանանց հանրապետական խորհուրդ, Հույսի կամուրջ, Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիա։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ