Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթ եւ կիրակի օրերին շատերս ենք հյուրընկալում ցանկալի եւ ոչ այնքան ցանկալի հյուրերի։ Ու հայկական հ

Մայիս 12,2001 00:00

Ոչ խորամանկ խորհուրդներ Շաբաթ եւ կիրակի օրերին շատերս ենք հյուրընկալում ցանկալի եւ ոչ այնքան ցանկալի հյուրերի։ Ու հայկական հայտնի հյուրասիրությամբ պատրաստում ճոխ սեղան։ Բայց նախապատրաստական հոգսերը մի լավ հոգնեցնում են։ Արդեն սեղանի շուրջ կարծես թե հագեցած տանջալից աշխատանքներից ու կերակրի առատությունից, մի տեսակ փակվում է ախորժակը։ Իսկ «անխիղճ» հյուրերը պատրաստ են մի ակնթարթում վերացնել այն ամենը, ինչն այդքան ջանք ու եռանդ էր պահանջել մեզնից։ Ուզում ենք տալ ոչ խորամանկ խորհուրդներ այդ ամենի դեմ գործելու կամ էլ հակառակը՝ նպաստելու համար… Եվ այսպես, եթե ուզում եք, որ գրգռվի ձեր ախորժակը, ապա կերակուրը վայելեք մի գավաթ խմելուց հետո միայն եւ ամենասիրած սպասքով։ Եթե սեղանը ձեւավորելիս օգտվեք սպիտակ սպասքից, ապա այն սեղանակիցների կողմից կընդունվի չեզոքությամբ, միաժամանակ, մատուցված ամեն ինչ շատ լավ տեսք կունենա։ Եթե ցանկանում եք, որ հյուրերը շատ չօգտվեն սեղանից, ապա աշխատեք, որ օգտագործվող սպասքը հիմնականում լինի դեղին գույնի, որի շնորհիվ ակտիվանում է հագեցվածության զգացումը եւ ուտում են սովորականից քիչ։ Եթե ուզում եք, որ հյուրերը ցրված լինեն եւ չկենտրոնանան սեղանի էսթետիկական կողմին, ապա օգտագործեք կարմիր սպասք։ Այն միաժամանակ անհանգստացնում է մասնակիցներին, ստիպում շտապել եւ, որ ամենակարեւորն է, չի ակտիվացնում մատուցած կերակրատեսակների ախորժելիությունը։ Եթե հյուրերը պաշտոնական անձինք են եւ օգտվելով առիթից ուզում եք նաեւ գործնական խոսակցություն վարել, ապա աշխատեք սեղանը ձեւավորել երկնագույն սպասքով։ Այն նպաստում է ու դրդում լուրջ երկխոսությունների։ Կապույտ սպասքով մատուցված աղցաններն ու ընկուզեղենը կշոյեն ծանրակշիռ հյուրի ինքնասիրությունը եւ կօգնեն ձեզ հեշտությամբ հասնել ցանկալի խոստումին։ Իմիջիայլոց՝ գործը չփչացնելու համար թեյը կամ սուրճը չմատուցեք նույնագույն բաժակներով, այլ օգտագործեք էլեգանտ ու ծանրակշիռ սեւ գույնը։ Այս ամենը կլրացնի արծաթե ծխամորճով մատուցված սիգարը։ Սրամիտ ու մեծահոգի տանտերերը, հյուրասիրության հետ մեկտեղ, կարող են իրենց թույլ տալ նաեւ զգուշորեն հետեւել հյուրերի նախասիրություններին։ Եսակենտրոն հյուրը սեղանի առատության պայմաններում էլ նախապատվությունը կտա թթու կերակուրներին, իսկ ռոմանտիկը՝ հրուշակեղենին ու քաղցրավենիքին։ Աղածո նրբախորտիկների հանդեպ կրքոտություն են տածում ոչ միայն հղի կանայք, այլեւ ստեղծագործ ու աշխատասեր մարդիկ։ Երբ հերթը հասնի աղանդերին, հետեւեք, թե հյուրերը ինչպես են ուտում, ասենք, կոնֆետը։ Եթե բերանում համբերատար հալեցնում են այն, ուրեմն հանգիստ, ծանրակշիռ ու կյանքին հեշտությամբ համակերպվող մարդ են։ Իսկ եթե ուղղակի կրծոտում են, ապա խանդոտ եւ ագրեսիվ են։ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել