«ՀԱՍԱՆՔ» ԱՆՑԱԳՐԱՅԻՆ «Հոկտեմբերի 27» 10-15 րոպե հոսանքազրկվել էր դատական նիստերի դահլիճը։ Երեկ մի փոքր «տաք» ընթացք ստացավ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Դահլիճում ակնհայտորեն տուժողների ներկայացուցիչների նյարդերը տեղի էին տալիս, դրան գումարած՝ դրսի աղմուկը։ Չդիմացավ եւ Անահիտ Բախշյանը, որն օրվա երկրորդ կեսին արդեն հայտարարեց, որ ամբաստանյալ Հունանյանը կրկնում է նախորդ օրվա իր դատաքննական ցուցմունքները… Մեղադրող կողմը՝ Հակոբ Մարտիրոսյանը, նույնպես նկատեց, որ «ակնհայտ են ցուցմունքների ժամանակ նախորդի վերափոխված կրկնությունները»։ Նա հորդորեց. «Մոտեցե՛ք, (27-ի դեպքերին) այլ ելք չկա,- եւ ապա ամբաստանյալի ցուցմունքների որոշ հատվածների կապակցությամբ նշեց,- ամբաստանյալը ուղղորդող ցուցմունքներ է տալիս, շատ լավ իմանալով, որ հրապարակվելու են դրանք»։ Խոսքն այն մասին է, որ դատարանի որոշմամբ առանձնացված ամբաստանյալները մինչեւ իրենց ցուցմունքներ տալը, այնուամենայնիվ, ըստ օրենքի պետք է ծանոթանան ամբաստանյալի՝ Ն. Հունանյանի ցուցմունքներին։ Այստեղ արդեն փակուղու առաջ կկանգնեն դատական նիստի մասնակիցները (նաեւ՝ ժամանակի առումով). նրանք միեւնույն է տեղեկանալու են Ն. Հունանյանի ցուցմունքներին։ Ուրեմն, ճի՞շտ էր նրանց հեռացնելը դատարանից։ Դատական նիստը նախագահողը՝ Սամվել Ուզունյանն, առաջարկեց ամբաստանյալին ցուցմունքներ տալ րոպե-րոպե։ Ամբաստանյալը նկարագրեց, որ հոկտեմբերի 25-ին, երբ գնացել է ԱԺ, իր մոտ ոչինչ չի եղել, հագին նույն այն կանաչ, մոխրագույն վանդակներով վերնաշապիկն է եղել, ինչ հագնում է եւ հիմա։ Իրեն ոչ ոք որեւէ բան չի տվել ու հանձնել։ Նա հիշեց ընդամենը, որ հոկտեմբերի 28-ին, հանձնվելուց կես ժամ առաջ, գրություն է տվել լրագրող Տիգրան Նազարյանին, խնդրելով, որ այն հանձնի իր ծանոթ, մոսկվաբնակ Կամո Բեգլարյանին։ «Ես նշել էի, որ Բեգլարյանը կարող է օծանելիքի եղած խմբաքանակը վերցնի եւ տանի իր հետ Մոսկվա»։ Կրկին նշենք, որ դա հոկտեմբերի 28-ին էր, հանձնվելուց առաջ, եւ նախորդ ցուցմունքներում ասված իր հուզված վիճակի՝ «խռովքի» մասին գրությունը չի խոսում, գումարենք նաեւ այն, որ այդ գրությունն ուղղված էր մեկին, որի հորեղբոր աղջիկը Հերմինե Նաղդալյանն է, որը վիրավորվել էր ԱԺ-ում… Ամբաստանյալը, երաշխիքների մասին խոսելով, շեշտեց, որ իր միակ երաշխիքը ժողովուրդն է եղել։ Էդիկի հետ խոսակցության ժամանակ էլ ասել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, «որից ծրագիրը ձախողվի, երբ մնացած բոլոր լուծումները սպառված լինեն, եւ ծրագիրը հնարավոր լինի շարունակել միայն Վազգեն Սարգսյանի սպանությամբ, ապա պիտի գնալ այդ քայլին, եւ չթողնել, որ գործը տապալվի»։ Իր ասելով, այնուամենայնիվ, իրենք կանխատեսել են փոխհրաձգություններ, որից «պետք էր ամեն գնով խուսափել»։ Ամբաստանյալը նշեց, որ երբ թղթի վրա գրել է իրենց հերթական քայլերի մասին, «այդ խոսակցությունից հետո նշեցի նաեւ Վազգեն Սարգսյանի ելույթի մասին»։ Իր ծրագրով, երբ վարչապետը հրաժարական տար, «այդ հրաժարականի մասին կասեր այդ ելույթի մեջ»։ Նախապատրաստական փուլում խոսք է գնացել նաեւ այն ժամանակ պատգամավոր Վանո Սիրադեղյանի մասին, «որը կարող էր այդ դահլիճում լինել»։ Ինչպես երեկ ասաց, ինքը զգուշացրել էր «տղաներին», թե «նրան պետք չէ սպանել, որովհետեւ արժեքավոր ինֆորմացիայի է տիրապետում իր եւ մյուսների կողմից անցած տարիներին կատարած հանցագործությունների, թալանած փողերի չափերի մասին… Վերջում ավելացրել եմ, որ նրանք բոլորն էլ կենդանի են մեզ պետք, եւ դա հիմնական պայման է, որպեսզի իրենց թալանած միլիարդները մինչեւ վերջին լուման ետ վերադարձնեն»։ Ամբաստանյալը մի պայման էլ էր նախատեսել. թալանածը եթե ամբողջությամբ ետ վերադարձվեր, նրանց ներում պիտի շնորհվեր, բայց երկրից՝ արտաքսում։ Հունանյանը նախատեսել էր, որ ինքն առաջինը մտնի ԱԺ։ Նա երեկ ասաց նաեւ, որ Էդիկի հետ խոսել է, թե ինչ անի, եթե Դերենիկ Բեջանյանը չուզենա գալ։ Նույն օրը, հոկտեմբերի 27-ին, Էդիկին հանձնարարել էր, որ իրենց խանութից «ինչ-որ ուտելու բան վերցնի, եւ մեկ փոքր շիշ օղի եւ այդ ամենը տանի Դերենիկին տա եւ ասի, որ այդ տեղից (Հարավ-Արեւմտյան թաղամաս, ջրանցքի մոտից) որեւէ տեղ չգնա, սպասեն մեզ»։ Ու երբ մեքենայով հանդիպել են ջրանցքի մոտ, ամբաստանյալը հիշեց. «Էդիկը չի ասել, թե ուր ենք գնում, որովհետեւ Դերենիկի հետ խոսակցության ավարտական միտքը եղել է հետեւյալը, որ իշխանությունը փոխելու գործողությունը կարող է լինել ցանկացած օր, եւ նա միշտ պիտի լինի պատրաստ մեկ ժամվա ընթացքում»։ Ամբաստանյալը մոռացավ, որ նախորդ դատական նիստին՝ մայիսի 10-ին, ասել էր. «Ես նաեւ Էդիկին ասացի, որ Բեջանյանից հարցնի, որ եթե պետք լինի՝ նա որքան ժամանակում պատրաստ կլինի գործողությանը», ինչին Բեջանյանը ասել էր՝ «մեկ ժամում»։ Այդ մեկ ժամվա «հեղինակային իրավունքը» Բեջանովից խլելով, Էդիկին տալով, ամբաստանյալը շարունակեց. «Դերենիկը մեքենայով գալով՝ չի իմացել, թե ո՞ւր ենք գնում»։ Աշոտ Կնյազյանի ՌԱՖ մեքենայում է եղել նաեւ «ինչ-որ մեկը»՝ Համլետ Ստեփանյանը, որին ամբաստանյալն ասաց, որ չի ճանաչել։ Զինված գնացել են ԱԺ։ Իր ձեռքին էր կարմիր թղթապանակը։ Կարենն ու ինքը ազգային հեռուստատեսության վկայականներով էին, Վռամ Գալստյանը՝ անձնագրով։ «Մինչ այդ, մեքենայի մեջ, ճանապարհին ես Էդիկին ասել եմ, որ երբ մենք ներս կմտնենք ԱԺ, ինքն արագ Դերենիկին բացատրի՝ ինչն ինչոց է»։ Անցագրայինի մուտքի մոտ տեսել են Նաիրի Բադալյանին, որը «ԱԺ դարպասից իջնող մայթով գալիս էր այդ ուղղությամբ, այսինքն՝ անցագրայինի։ Բարեւել ենք, իրար որպիսություն ենք հարցրել։ Հետո հարցրեց, թե ես ԱԺ եմ ուզում մտնե՞լ, թե՞ ոչ, որին պատասխանել եմ՝ այո։ Ասաց, այդ դեպքում կվերադառնա մի փոքր զրուցելու»։ Ն. Բադալյանից էլ տեղեկացել է, որ վարչապետը եկել է հարցուպատասխանի։ Չենք կարող չնշել, որ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանի միջնորդությունը ժամանակին չէր։ Այնտեղ նշվում էր, որ բռնարարքի ազդեցությամբ է իր պաշտպանյալից ցուցմունքներ կորզվել, առաջարկվում էր քրգործի նյութերին կցել 13.09.2000 թ. իր պաշտպանյալի հայտարարությունը. «Նրա անմեղության եւ նրան արդարացնող ապացույցների մասին», այն դեպքում, երբ Հ. Ստեփանյանը ցուցմունքներ չի տվել եւ ըստ էության դեռ չի գնահատվել որեւէ ապացույց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ