Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանի ամիս առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն ասել էր, որ ամերիկյան կ

Մայիս 12,2001 00:00

ԱՄԵՐԻԿԱՆ ՈՒԶՈ՞ՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ԽԵԼՈՔ ԼԻՆԵՆՔ Մի քանի ամիս առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն ասել էր, որ ամերիկյան կառավարությունը Հայաստանի գիտությանը գրանտներ է տալիս ոչ թե այդ համակարգը փրկելու, այլ կործանելու մտադրությամբ։ Երկու օր առաջ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էլ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ խորհրդային կարգերից ժառանգություն ստացած մեր կրթական համակարգը լավագույններից է ամբողջ աշխարհում եւ պետք է այն պահպանել։ Երբ խոսքը վերաբերում է կրթական համակարգին, ԱԺ նախագահը խիստ պահպանողական է, քանի որ յուրաքանչյուրս մեր կրթությամբ ավելի բարձր ենք, քան օտարերկրացիները, որոնք «ականջի հետեւով լսում ու անցնում են այն, ինչ մենք խորությամբ գիտենք»։ Այս գիտակցությունը միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չէ հասու։ Տարբեր շրջանակներում մասնագետները ու ոչ մասնագետները տագնապում են, թե կորցնում ենք մեր ազգային արժեքները, ավանդույթները, որ այս դեպքում՝ կրթական համակարգում քաղաքականությունը, զարգացման հեռանկարն ու մեթոդները որոշում է ոչ թե պետությունը՝ մեր շահերին համապատասխան, այլ գրանտատու եւ վարկատու միջազգային կառույցները, որոնց նպատակները բավականին կասկածելի են։ Ու, չնայած դրան, շարունակում ու նույնիսկ պայքարում ենք այդ գրանտներն ու վարկերը ստանալու համար, քանի որ պետությունն ինքը ի վիճակի չէ ոչինչ այդ համակարգին տալ։ Իսկ դրսից եկող այդ գումարների շնորհիվ ոչ միայն պետական ու հասարակական կառույցներն ու նրանց աշխատակիցներն են ապրում, այլեւ երբեմն մանկավարժն ու գիտնականը։ Եվ հաճախ դա շատ ավելի է կարեւորվում, քան բուն ծրագրի նպատակը։ Գուցե ծայրահեղ է այն մտածողությունը, թե մեր երկրի աջակցող բոլոր ծրագրերի նպատակը փող տվող երկրների ճաշակին հարմար Հայաստան ունենալն է։ Սակայն այդ մտահոգությունը արդիական է այնքանով, որ համապատասխան պետական կառույցները առանձնապես լուրջ ակտիվություն չեն ցուցաբերում այդ ծրագրերի բովանդակության ու նպատակների վերլուծության հարցում։ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի Կրթական ու մշակութային գործերի բյուրոյի տրամադրած գրանտի շնորհիվ «Այրեքսի» կողմից իրականացվող տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի օգտակարության ու անհրաժեշտության մասին դատողությունները թողնում ենք մասնագետներին։ Սակայն այս առթիվ երեկ հրավիրված երկօրյա սեմինարի ժամանակ հնչած որոշ ելույթներ որոշակի մտորումների տեղիք են տալիս։ Ծրագրի առաջին փուլը, որի նպատակն է «խթանել Հայաստանի տարրական դպրոցների զարգացումը եւ բարձրացնել ուսուցիչների դասավանդման արդյունավետությունը», շարունակություն է գտել, եւ «Այրեքսը» այս անգամ էլ 150 հազար դոլար գրանտ է ստացել (առաջին փուլի համար 300 հազար դոլար էր հատկացվել)՝ երկրորդ փուլը (2000թ. սեպտեմբեր-2002թ. փետրվար) իրականացնելու համար։ Հիմնականում դրական խոսելով ծրագրի մասին՝ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը նաեւ նկատեց. «Մեր համատեղ աշխատանքում լուրջ սխալ ենք թույլ տվել, որ առաջին փուլից հետո մենք ծրագրի արդյունքները չենք ամփոփել ու լայնորեն չենք քննարկել, միանգամից անցել ենք երկրորդ փուլին»։ Այսինքն, առանց մի կարգին ճշտելու այս ծրագիրը մեզ պե՞տք է, այն շարունակում ենք։ Մինչդեռ, դա նաեւ փոխնախարարը շեշտեց. «Տարրական կրթությունը հանրակրթության հիմքն է» եւ շատ կարեւոր է, թե այն ինչպես կդրվի։ Մանավանդ որ տարրական դպրոցի հայեցակարգը դեռ մշակման փուլում է։ Իսկ «Այրեքսի» այս ծրագրով 6 հայ մանկավարժ, ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո, 200 օրինակով տպագրել է ամերիկյան տարրական ուսուցման արդիական մոտեցումների վրա հիմնված «Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման նորարարական ձեռնարկը», որը Հայաստանի 18 դպրոցներում արդեն փորձարկվել է եւ կվերահրատարակվի արդեն 2000 օրինակով։ Նաեւ 2000 օրինակով լույս է տեսել «Բազմաբնույթ մտածողություն» ձեռնարկը, որը ներկայացնում է տարրական կրթության բնագավառում հայտնի՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Հովարդ Գարների տեսությունը։ Ամերիկյան ուսուցման այս մեթոդները հարմա՞ր են մեր կրթական համակարգի համար։ Դժվար էր այս հարցի պատասխանը ստանալ ծրագրում ընդգրկված մոտ երկու տասնյակ դպրոցների մանկավարժների հիմնականում հիացական, բայց ընդհանուր բնույթի ու անորոշ ելույթներից։ Միայն երկու քննադատական մոտեցում հնչեց։ Մանկավարժներից մեկի կարծիքով՝ «անվերապահ ընդունելն ու մեխանիկորեն կիրառելը ճիշտ չէ», իսկ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչը հարցրեց. «Կա՞ մի լուրջ կենտրոն, ուր այս ծրագրերը փորձաքննություն են անցնում»։ Ուշագրավ էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ջոն Բալյանի հիմնավորումը, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի կառավարությունը միլիոնավոր դոլարներ ներդնում մեր կրթական համակարգում։ «Մեր ինչի՞ն է պետք,- հարցրեց պրն Բալյանն ու պատասխանեց։- Կրթությունը, մեր հայեցողությամբ, կարեւոր է այն բանով, որ կրթությունը լուսավորում է։ Եվ գիտուն, լուսավորված, տեղեկություններ ունեցող մարդը ժողովրդավար է լինում, չի ենթարկվում ճնշումներին, չի ընդունում բռնությունը, եւ ազատ մտքի վրա չի կարելի երկար ժամանակ իշխել ու բռնանալ»։ Այստեղ թերեւս ամբողջ խնդիրն այն է, թե այդ ազատ միտքը ո՞ւմ ճաշակով ու չափանիշներով է ձեւավորվում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել