Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի

Մայիս 12,2001 00:00

ՇԱՏՈՎ ԷԺԱՆ Է Մի երկու տարի առաջ քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վարչության սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Ըստ պաշտոնական լրատվության, հետեւանքները չնչին էին, որեւէ փաստաթուղթ չէր վնասվել։ Այն ժամանակ նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը բավարարվեց թերթերին հանգստացնող երկտող-բացատրություն տալով։ Բայց անցնում է որոշ ժամանակ, եւ բնապահպանության փոխնախարար Սամվել Բալոյանը հողհատկացմանը վերաբերող ինչ-որ վիճելի գործով փորձում է գլխավոր ճարտարապետի գրասենյակից համապատասխան նյութեր ստանալ։ Ի զարմանս բնապահպանների, պատասխան գրությամբ ճարտարապետական գերատեսչությունից հայտնում են, որ ի թիվս այլ թղթապանակների, պահանջվողը այրվել է պատահարի ժամանակ։ Այժմ արդեն նախկին փոխնախարար Ս. Բալոյանը «Առավոտի» թղթակցի հետ զրուցելիս մտաբերեց, թե ինչ դեպքեր էին նախորդել «փոքրիկ» հրդեհին։ Մի ազդեցիկ անձի ազգական փորձում էր առանձնատան համար Մոնումենտի շրջակայքի կանաչ գոտում հողատարածք ստանալ։ Էկոլոգները այդ նախաձեռնությանը բացասական վերաբերմունք ցուցաբերեցին։ Հետագայում պրն Բալոյանը հայտնաբերեց, որ շրջանցելով իրեն, գերատեսչությունը փորձ է անում Նորքի՝ արդեն հատված անտառներում 20 հեկտար հողատարածք տրամադրել որոշ բարձրաստիճան զինվորականների եւ նրանց ազգականներին նույն վեհ նպատակով՝ առանձնատներ խոյացնելու համար։ Եվ դարձյալ դիմում-բողոքներով հնարավոր եղավ կասեցնել այդ գործընթացը։ Քաղաքի դատախազությունը նույն շրջանում հողհատկացումների վերաբերյալ քննություն է նախաձեռնում, սկսելով ստուգել Հրազդանի կիրճում կատարվող շինարարության օրինականությունը։ Եվ ահա այս ֆոնի վրա է բռնկվում ճարտարապետաշինարարական վարչության սենյակներից մեկի տարօրինակ գիշերային հրդեհը։ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ամենայն լրջությամբ կարծում է, որ քաղաքում գործում են ուժեր, որոնք ջանում են Երեւանը զրկել իր բոլոր հրապույրներից։ Կանաչների առաջնորդի ունեցած տեղեկությամբ, Թամանյանի նախագծում առկա Հյուսիսային պողոտայի մասին հիշել են Կասկադ-Մոնումենտ անտառային տեղանքում հսկա հողակտոր օտարելու կապակցությամբ։ Արդեն քանի տարի է՝ այստեղ էլիտար առանձնատների համալիր կառուցելու շուրջ թեժ թղթակռիվ է գնում։ Ըստ օրենքի, հողի կատեգորիայի փոփոխությունը պահանջում է բնապահպանական փորձաքննություն եւ իրականացվում է կառավարության որոշմամբ։ Պրն Բալոյանի պարզաբանմամբ, եթե կանաչ գոտում կատարվում է որեւէ հողային կամ կապիտալ շինարարական աշխատանք, ապա սա հենց հողի կատեգորիայի փոփոխման դեպք է։ Անզեն աչքով երեւում է, որ հողաշինարարական աշխատանքները թափանցել են Մեծ կենտրոնի համարյա բոլոր պուրակները եւ այգիները։ Իսկ քանի՞ դիմում է ստանում բնապահպանության նախարարությունը։ Ըստ հիշյալ կառույցի հողերի պահպանության վարչության պետ Աշոտ Վարդեւանյանի, ամբողջ հանրապետության ծավալով պատկերը հետեւյալն է։ 1998թ. ընդունվել է 47 գործ, հաստատվել է 36-ը, 1999թ.՝ 86-55, 2000թ.՝ 76-53 եւ 2001թ. չորս ամսում՝ 13-4։ Սա, կրկնում ենք, ամբողջ հանրապետության թվերն են, ընդ որում, 1998-ին 36 հաստատված գործից միայն մեկն է եղել Երեւանից։ Այսպիսով, լավագույն դեպքում մայրաքաղաքում հողհատկացման մասին բնապահպանական դրական արձանագրություն կարող է ունենալ 113 հողօգտագործող։ Իսկ գիտե՞ք, թե քանի պայմանագիր է կնքել Երեւանի հողի, գույքի եւ կադաստրի վարչությունը հողի վարձակալության եւ հատկացման վերաբերյալ։ Ըստ վարչության պետ Արթուր Հակոբյանի՝ շուրջ 6000։ Դիցուք, սրանց 516-ը փոքր օբյեկտներ են, չեն պահանջում փորձաքննություն, իսկ մյուսնե՞րը։ «Ի՞նչ ասեմ,- արձագանքում է Ա. Վարդեւանյանը,- ես ինքս կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Քաղաքապետարանը շարունակաբար շրջանցում է մեզ հողհատկացումներ կատարելիս եւ մենք անզոր ենք մի բան ձեռնարկել։ Մեր մասին հաճախակի հիշում են, երբ որեւէ անցանկալի հայցվորի մերժել է պետք, իսկ երբ չեն ուզում հիշել՝ անտեսում են»։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության էկոլոգիական փորձաքննության» մասին օրենքը միակ նորմը չէ, որը խախտվում է առատորեն իրականացվող հողհատկացումների ժամանակ։ Հողը կարող է հատկացվել առանց շինարարության նախագծի, թաղապետի կողմից թույլտվության, կազմակերպության կանոնադրության, հիգիենիկ եւ հակահամաճարակային եզրակացության, ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչության եզրակացության եւ այլն։ Ավելին, հող կարող է հատկացվել մի կազմակերպության, որը ընդհանրապես գրանցված չէ պետռեգիստրում։ Շատ էական է, որ շարադրված բացթողումների մասին գրում է ոչ միայն մամուլը, այլեւ հանրապետության գլխավոր դատախազը՝ վարչապետին ուղղված իր գրություններում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, օրինակ, 99 տարով հող ստանալու համար պետք է զինվել միմիայն գլխավոր ճարտարապետի բարյացակամ վերաբերմունքով։ Մնացած պրոբլեմները հետո ձեռքի հետ կլուծվեն, իսկ եթե աղմուկ բարձրանա, պատասխան միշտ կգտնվի։ Օրինակ, եթե մեկը հարցնի գլխավոր ճարտարապետին, ինչպես են «Բյուրակն», «Յունիտրանս», «ԷյնիիՋի-լաբ» եւ տասնյակ այլ կազմակերպություններ 99 տարով հող ստացել, այն ժամանակ, երբ գործող հողային օրենսգիրքը սահմանում է առավելագույնը 10 տարի, Նարեկ Սարգսյանը մատնացույց կանի Քաղաքացիական օրենսգիրքը, որտեղ սահմանափակումներ նախատեսված չեն։ Արի ու վիճի, թե ո՞ր օրենսգրքով է պետք առաջնորդվել՝ հողայի՞ն, թե՞ քաղաքացիական։ Անցյալ տարի կաշառք ստանալու պահին ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Ներսիսյանին եւ մայրաքաղաքի ճարտարապետաշինարարական վարչության առաջատար մասնագետ Կարեն Նազարյանին։ Հաղորդվում էր, որ 500 քմ տարածքի հատկացման համար պարոնայք ցանկացել են ստանալ 10 հազար դոլար։ Ավելի վաղ, երբ խոսքը 3000 քմ հատկացման մասին էր, հիշատակվում էր 50000 դոլար թիվը։ Այս բոլոր սենսացիաների արդյունքում քրեական գործը կարճվեց, իսկ Արամ Ներսիսյանը վերականգնվեց իր նախկին պաշտոնում։ Այս ամբողջ պատմությունից մի բան պարզ դարձավ։ 500 քմ-ի դեպքում մեր քաղաքի քառակուսին ծախվում է 20 դոլարով, իսկ 3000-ի դեպքում 16 դոլար 66 ցենտով։ Ուրեմն՝ «բիրիքով» էժան է։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել