Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից տրամադրված վարկային միջոցների հաշ

Մայիս 12,2001 00:00

Ծառայություններ՝ Հայաստանի գյուղերում ՀՀ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվելու է «Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի» երկրորդ փուլը։ «Ինչ արդյունքներ ունենք եւ ինչ շարունակություն պիտի ունենա ծրագիրը»,- այս հարցերի շրջանակներում երեկ ասուլիս հրավիրեց ԳԶՄՀ-ի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանը։ Ծրագիրը, ինչպես հիմնադրամի տնօրենն ասաց, նպատակ ունի բարելավել գյուղերում ապրող բնակչության կենսամակարդակը, արտադրության եւ եկամուտների աճը։ Ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, արժեքը՝ շուրջ 13,5 մլն դոլար։ Ծրագիրն իրականացվել է 3 մարզերում՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն։ Այդ 3 մարզում կա շուրջ 330 գյուղական համայնք, որոնցից 280-ում ծրագիրը որոշակի աշխատանքներ է կատարել. «Ծրագիրը, որը նախատեսված էր 4 տարվա համար, կարողացանք ավարտել 3 տարում։ Պատճառը երեւի այն է, որ Հայաստանում պատրաստի մարդիկ շատ կան եւ սիրում են աշխատանքը շուտ ավարտել»,- ասաց պրն Մաթեւոսյանը։ Ըստ Գ. Մաթեւոսյանի, ծրագիրն աշխատել է մի քանի ուղղություններով։ Կարեւորագույններից է՝ գյուղական ֆինանսավորման ուղղությունը։ Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը. «Բանկի միջոցով երեք տարվա ընթացքում մենք շուրջ 9 հազար միավոր վարկեր ենք բաժանել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց պրն Մաթեւոսյանը եւ ավելացրեց, որ, չնայած ծրագրով նախատեսված է 6 հազար 100 միավոր վարկ բաժանել, իրենք՝ այսօրվա դրությամբ, բաժանել են շուրջ 9 հազար։ Ըստ Գ. Մաթեւոսյանի, երկրորդ կարեւոր բաղադրիչը ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցերի վերականգնման հարցն է եւ համայնքներում մեխանիզմներ ստեղծելը՝ «թե ապապետականացումից հետո ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պիտի կարողանա շահագործել եւ պահպանել այդ ցանցերը»։ Պրն Մաթեւոսյանի տվյալներով, ՀՀ ներտնտեսային ցանցերը կազմում են շուրջ 16 հազար կմ։ Եվ այդ բոլորը պահպանելու եւ շահագործելու համար, մոտավոր հաշվարկներով, անհրաժեշտ է 800 մլն դոլար, որը, բնականաբար, պետությունը չունի։ «Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներ (ՋՍԿ) ծրագրով նախատեսված էր ստեղծել 50 համայնքում, բայց ստեղծվել է ավելի քան 65-ում»,- ասաց հիմնադրամի տնօրենը։ Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են 71 կետեր։ Ըստ նրա, գյուղացիների համար կարեւոր նշանակություն ունի աշխատատեղերի ստեղծումը։ Մյուս բաղադրիչը մասնավոր սերմարտադրության զարգացումն է. «Սերմը պետք է արտադրվի Հայաստանում։ Դրա համար ստեղծել ենք սերմարտադրողների միություն եւ շատ գյուղերում արդեն ցանվում են մասնավոր սերմարտադրողների սերմերը»,- հայտնեց Գ. Մաթեւոսյանը։ Վերջինիս տվյալներով, ծրագիրն օժանդակում է անասնաբուժական, սերմափորձարկման լաբորատորիաներին՝ «նրա համար, թե այս սերմը իմաստ ունի՞ ցանել, կծլի՞ արդյոք, թե՞ ոչ»։ Նոր ծրագրի վերաբերյալ պրն Մաթեւոսյանը հայտնեց, որ այն ավելի մեծ է վարկային մասով, քան նախորդը։ Կառավարությունը, ըստ նրա, այս ծրագրին կմասնակցի 100 հազար դոլար ներդրումով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքներում (հիմնականում՝ բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղերում)։ Վարկավորվելու են բոլոր սոցիալական ենթակառույցները։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել