Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ համեմատած մյուս ծայրամասային եւ սահմանամերձ բնակավայրերի հետ, Տավուշի մար

Մայիս 12,2001 00:00

ՈՍԿԵՊԱՐՆ ԱՄԱՅԱՆՈՒՄ Է Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ համեմատած մյուս ծայրամասային եւ սահմանամերձ բնակավայրերի հետ, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղն ամայանում է ավելի արագ տեմպերով։ Իսկ պատճառը, որ մնացած բնակավայրերում հիմնականում կապվում է սոցիալական ծանր պայմանների հետ, այստեղ ամենեւին էլ հիմնականը չէ, թե Ոսկեպարի հասարակությունը ինչպիսի հերոսականություն, կամք ու արիություն է ցուցաբերել 90-ական թվականներին։ Գյուղի հասարակության, հիմնականում երիտասարդության այսօրվա հուսալքվածության պատճառներն ավելի խոր արմատներ ունեն եւ հիմնականում կապվում են գյուղը կառավարողների, իսկ առաջին հերթին՝ գյուղապետի գործունեության հետ։ Այն, որ գոյատեւելու իր իրավունքը Ոսկեպարը ձեռք է բերել իր որդիների կյանքի եւ արյան գնով, ամենեւին էլ գաղտնիք չէ. գաղտնիք չէ նաեւ այն, որ այսօր ամեն կերպ պետք է խրախուսվի գյուղում ապրելը։ Սակայն մեր պարագայում ստացվել է հակառակը։ Փոխանակ խրախուսվեն այն մարդիկ, ովքեր մեծ ավանդ են ներդրել գյուղի պաշտպանության եւ գոյատեւման համար եւ նրանք, ովքեր իրենց ունեցվածքը, տունն ու տեղն են կորցրել պատերազմի ընթացքում, վերջին տարիներին Ոսկեպարում լավագույն տնամերձ հողամասերը «Գյոլի հողեր» եւ «Ճանճերի տակ» տարածքներում ստացել են հիմնականում նրանք, ովքեր վերջին տարիներին ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ «Ժամի ձոր» կոչվող թաղամասում մոտ 30 ընտանիքներ պատերազմի ժամանակ զրկվեցին իրենց սեփական տներից եւ որեւէ այլ տեղում հողամաս չեն ստացել։ Մի մասը ստիպված հեռացավ գյուղից, իսկ մնացածները որեւէ էական օգնություն կամ օժանդակություն գյուղի ղեկավարությունից չեն ստացել… 1988թ. Նոյեմբերյանի երկրաշարժից հետո, երբ գյուղում մի շարք տներ վնասվել էին, 2,5 մլն դրամի վարկ ստացավ միայն գյուղապետ Հրուշ Աղբալյանը, որը, ինչպես հայտնի է բոլորին, սեփական տուն չունի եւ ապրում է հայրական տանը, իսկ վերջինի վնասվածությունը խիստ կասկածելի է։ Գյուղապետ Հրուշ Աղբալյանի կողմից իր կառավարման տարիներին թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների ու որոշ օրինախախտումների մասին երկար խոսելու փոխարեն սահմանափակվենք մի քանի փաստերով։ Որքան մեզ հայտնի է, դեռեւս Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ., իսկ հետո նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի 1991թ. որոշումներով Ոսկեպարը ընդգրկված է սահմանամերձ բնակավայրերի ցուցակում, եւ գյուղի բնակչությունը ազատված է հողի հարկից, առայսօր այդ որոշումները գործում են։ Սակայն դա չի խանգարում, որ գյուղապետը, արդեն մի քանի տարի, գյուղի բնակչությունից հարկ գանձի, երբեմն այն կապելով «Փարոսի» կողմից տրվող նպաստների, գյուղապետարանի կողմից տրվող տեղեկանքների ու նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից տրվող օգնությունների հետ։ Այսպես՝ 2000թ. աշնանը Կարմիր խաչի կողմից գյուղին օգնության կարգով տրվել էր սերմացու ցորեն, որի բաշխումը գյուղապետի կողմից անմիջապես կապվեց հարկերի մուծման հետ եւ հիմնականում բաշխվեց գյուղապետարանի աշխատողների ընտանիքներին եւ նրանց մերձավոր բարեկամներին, ցանքի մեծ մասն էլ կատարվեց գյուղի պահեստային կոչվող հողերում։ Միեւնույն ժամանակ այդ սերմացուից ոչ մի զոհվածի ընտանիք չի ստացել, այն դեպքում, երբ սերմացուն բաշխվել է վաղուց Ռուսաստանում ապրող մարդկանց միջեւ։ 2000թ. դեկտեմբերին նորից Կարմիր խաչի կողմից տրվեց 11 տոննա եգիպտացորեն (220 պարկ)։ Այն եւս բաշխվեց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Բաշխումը նորից ուղեկցվեց «հողերի հարկերի մուծման» լոզունգով եւ օրինախախտումներով։ Բնակչության մի մասին եգիպտացորեն չհասավ, իսկ որոշ դեպքերում բաշխման ցուցակում գրանցվեց 2 պարկ, իսկ տրվեց 1-ը։ Ստացողներից որպես տեղափոխման արժեք գանձվեց 1300 դրամ, սակայն մուտքագրվեց 1000 դրամ (մեկ պարկի դիմաց)։ Բնակչության կողմից ստացված ահազանգների հիման վրա «Երկրապահ» կամավորականների ջոկատի կողմից առանձնացվեց խումբ, որը դեկտեմբերի 23-ին, ժամը 18։30-ի սահմաններում բացահայտեց եգիպտացորենի հափշտակման դեպք։ Եգիպտացորենը Իշխան Աղբալյանի ավտոմեքենայով տեղափոխվում էր գյուղապետարանի քարտուղար Մեխակ Ստեփանյանի հոր բնակարանի ներքնահարկ։ Այդ առիթով կա նաեւ Նոյեմբերյանի տարածքային ՆԳ բաժնի համապատասխան արձանագրությունը։ Բնականաբար հարց է ծագում, թե մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու։ Մինչեւ ե՞րբ է գյուղի բնակչությունը հիասթափությունից հեռանալու գյուղից՝ իր կյանքի հեռանկարը փնտրելով հեռավոր ափերում։ Ո՞վ պետք է ինչ-որ չափով մտածի գյուղի հետագա բարօրության համար, եթե ոչ գյուղապետը։ Ոսկեպարում բնակվող 32 ընտանիքի անունից (ստորագրությունները խմբագրությունում են)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել