Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշնակցության

Մայիս 12,2001 00:00

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ QUINT ESSENCIA-Ն Դաշնակցության ներկուսակցական կյանքը խավարով է պատված: Արդյո՞ք դա նրանից չէ, որ նրա գործերը սեւ են: Թերթում ես նրա գործերը եւ մի պայծառ էջ ես ուզում տեսնել: Չկա: Բայց ահա վերջերս նրա կարկառուն գործիչներից մեկը՝ Էդիկ Հովհաննիսյանը, քիչ էր մնում ինչ-որ լուսավոր բան ցույց տար 110-ամյա մթության մեջ:Սակայն վերջին վայրկյանին կարծես փոշմանեց եւ իր հեռուստատեսային հարցազրույցում իրեն արգելակեց հետեւյալ խոսքով. «…ես չեմ ուզում խոսել դաշնակցության հաղթանակների մասին»: Իզուր, դրա կարիքը հայ հասարակությունը միշտ զգացել է եւ անհասկանալի է, թե դաշնակները ինչու են դրանք գաղտնի պահում: Գաղտնիք սիրողը միշտ իրեն շղարշում է խորհրդավորությամբ: Խորհրդավորությունը դաշնակցության գլխավոր զենքերից մեկն է, եւ, բնական է, Է.Հովհաննիսյանը արտասանելով «դաշնակցություն» բառը «հաղթանակներ» բառի համադրությամբ, այն տպավորությունը ստեղծեց «խելքը գլխին» մարդկանց մեջ, թե, իբր, այդ հաղթանակներն այնքան հայտնի են, որ չարժե դրանց մասին խոսել: Բայց մենք էլ ստիպված ենք արձանագրել, որ նույնիսկ դպրոցական միջին դասարանների միջին առաջադիմություն ունեցող երեխաները, որոնք այսօր մեր պատմությունն ուսումնասիրում են դաշնակցական դասագրքերով, գիտեն, որ դաշնակցության գործունեությունը իր գոյության սկզբից առ այսօր անընդմեջ պարտությունների մի շարան է, որին դրա հեղինակները ոսկեղենիկի ճոռոմաբանությամբ ձգտում են հաղորդել ոգեղեն հաղթանակների տեսլականի տարեգրության բնույթ: Եվ ըստ այդմ ստացվում է, որ դաշնակցության բոլոր «հաղթանակները» համընկնում են հայ ժողովրդի պարտությունների հետ: Հիշողությունը թարմացնելը միշտ էլ օգտակար է: Համառոտ անդրադառնանք սեփական ժողովրդի դեմ տարած դաշնակցության այդ հաղթանակների մի քանի կարեւորագույն հանգրվաններին: – «Պանքա մը» պայթեցնելու գործը «ազգային պայքարի» մեջ մտնելու դաշնակցության յուրօրինակ հայտն էր: Նրա հեղափոխականության հռչակը տարածվեց՝ կտրուկ են, վճռական, դաշնակցական են: Զոհերի թիվը կարեւոր չէ՝ մահ կամ ազատություն: – Հայդուկային շարժումը սկսեց ժողովուրդը: Ո՞վ գլխապատառ գցվեց ուղղորդելու ֆիդայիների սերնդի ազատագրական պայքարի հանգանակը դեպի անդառնալի մարտիրոսություն: Իհարկե, դաշնակները: Քաղաքականություն-բան չենք հասկանում՝ միայն զենքով կա հային փրկություն: Զոհերի թիվը կարեւոր չէ: – Հանուն օսմանյան հայրենիքի, օսմանյան սահմանադրության, օսմանյան խորհրդարանի երեսփոխանական մանդատի ո՞վ առաջիններից մեկը բարձրացավ հեղափոխության (թեկուզ երիտթուրքական) բարիկադների վրա, ո՞վ երիտթուրքերի հետ միասնական ընտրացուցակով ձեւավորեց օսմանյան նոր պառլամենտը, ո՞վ զինաթափեց հայդուկներին եւ վերացրեց ազդեցության այն միակ լծակը, որով թուրքերը հայերին մարդահաշիվ էին համարում, եթե ոչ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ճիշտ է, դրան անմիջապես հաջորդեցին Ադանայի ջարդերը, բայց կարեւորը հեղափոխականությունն է եւ ոչ թե զոհերի թիվը: Եվ ըստ այդմ արդեն ինչ կրակոտ ճառեր էին արտասանում դաշնակցականները օսմանյան խորհրդարանում: Դարձել էին օրինավոր քաղաքական կուսակցություն: Ի՞նչ զենք, ի՞նչ բան՝ հայի փրկությունը օսմանյան սահմանադրության մեջ է: – Հայ քաղաքական մտքի ո՞ր առաջնորդ կուսակցության աչքի առջեւ էր նախապատրաստվում ցեղասպանությունը: Բալկանյան պատերազմ, թուրքերի պարտություն, թուրքերի գազազում, թուրքերի եզրահանգումներ, հասունացող դաշինքներ, Սայքս-Պիկո եւ Արեւելյան հարց, «Հայաստանն առանց հայերի» կարգախոսով երկարատեւ պատերազմի անընդունակ, բայց կայսերապաշտական ագահությունից հորձանուտ մխրճվող «դաշնակից», աղքատության ծովի ալիքների վրա կոմունիզմի հեղափոխական ուրվական եւ այլն: Դաշնակները «անմիջապես» հասկացան, որ թուրքը թուրք է մնում, կարեւորը կողմնորոշվելն է, մնացածը ուրիշները կանեն: Ասում են, որ աչքեր ունեցողը տեսնում է, բայց, որպես ասաց ոմն ի հնում՝ լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք: Ինչպես երեկ կոմունիստ, իսկ այսօր դաշնակ դառած պատմաբաններն էին ժամանակին իրավացիորեն նշում՝ դաշնակցությունը քաղաքական հավկուրությամբ էր տառապում: Եվ չնայած դրան, ինչպիսի՜~ հեղափոխական ընդվզումով, ինչպիսի՜~ ոգեւորությամբ ու խանդավառությամբ էր մղվում օր առաջ տեսնելու ինչ-որ արյան ծով: Արյունը հեղվեց ծովից ծով: – Ու՞մ թողտվությամբ առաջին աշխարհամարտի ժամանակ 250 հազար հայեր ուղարկվեցին գերմանական ճակատ եւ ո՞վ էր, որ 1915-1917թթ. չէր տեսնում ռուսական զորքերի «տարօրինակ» տեղաշարժերը, որոնց հետեւանքով զոհվում էին եղեռնից մազապուրծ հայերի բեկորները: Ըստ երեւույթին ռուսները գիտեին, որ դաշնակները ուր էլ գնան, միշտ էլ վերադառնում են ելակետին: Այս անգամ էլ նրանք հասնում էին Սասուն, մտնում Վան, Մուշ, Ալաշկերտ եւ անմիջապես նահանջում Արդահան: Դե այս հերոսական մարշրուտը իրագործողները այնպիսի մանրուքի վրա ուշադրություն չէին կարող դարձնել, ինչպիսին հայ գաղթականների բեկորներն էին: – Այն ո՞վ էր, որ բոլշեւիկյան հեղաշրջումից անմիջապես հետո հրաժարվեց երկիրն անկախ հռչակել եւ կուլ գնաց վրացիների ու ադրբեջանցիների ժամանակ շահելու տակտիկական խաղերին՝ նրանց հետ միավորվելով, այսպես կոչված, Անդրկովկասյան սեյմի մեջ: Միայն կույրը կամ զոռբան կարող էր ազգային հարցերը չլուծած, հակասություններից բզկտվող եւ տարաբնույթ շահեր հետապնդող այդ երեք ժողովուրդներին միավորել մեկ պետական կազմավորման մեջ: Թե՞ թող միացյալ լինի՝ ինչ ուզում է լինի: Ամենաաներեւակայելին այն էր, որ դաշնակները կարծում էին, թե այդ պետական կազմավորումը հնարավոր էր օգտագործել թուրքական ծավալապաշտությունը զսպելու համար: Ինչպիսի՜~ քաղաքական հաշվարկ: Շուտով Ռուսաստանը կարգի կընկնի եւ մի քանի ամսից կվերադառնա այստեղ ու շնորհակալություն կհայտնի առաջին հերթին դաշնակներին՝ «երկրամասը» սաղ-սալամաթ պահելու համար: Այս ինքնասիրահարված պինգվինի ուղեղով կուսակցության քաղաքական հաշվարկները միշտ հիմնավորում են ընդամենը մեկ վարիանտ: – Արդյոք ովքե՞ր էին, ի՞նչ կտրիճներ էին, որ 1918թ. մայիսին թույլ տվեցին թուրքերին մոտենալ Հայաստանի մայրաքաղաքի դարպասներին: Մասիսը վկա՝ դաշնակներն էին: Եվ երբ իր ազգային առաջնորդների տհասությունից հուսալքված ժողովուրդն ու զինվորականությունը փառավորեցին Սարդարապատը հերոսամարտով, դաշնակները ձգտելով նսեմացնել այդ հաղթանակը, այն անվանեցին նոր Ավարայր: Եվ ոչ պատահական: Հերոսամարտը արդյունքում պետք է փոխարինվեր բարոյական հաղթանակի տեսլականով: Հերոսամարտից մի քանի օր անց արդեն դա իրողություն էր: Բաթումում դաշնակները թուրքերի հետ ձեւավորեցին մինչ այդ շրջանառության մեջ մտցված անհասկանալի «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, այն տեղադրելով Երեւանի եւ նրա շրջակայքի վրա՝ 10 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում: Երեւանի բնակիչներն իրենց լուսամուտներից անզեն աչքերով արդեն ի վիճակի էին գնահատել իրենց հերոսամարտի արդյունքը՝ քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող պետական սահմանը եւ այնտեղ տեղադրված թուրքական հրանոթները: Այսպիսով, թեկուզ Թալեաթի ողորմածությամբ, հայկական պետականությունը փյունիկի պես հառնեց Հայաստանի տարածքի մոտ 1/35-րդ մասի վրա: Այո, Թալեաթի ողորմածությամբ, որովհետեւ նա կարողացավ զսպել այն քյալլագյոզ Էնվերին, որը Վեհիբ փաշային ուզում էր հրամայել վերցնել Երեւանը, եւ վերացնել «Հայաստան» հասկացությունն ընդհանրապես: Հին ընկերները չեն դավաճանում, այլ իրար ընդառաջում են: – Այդ ի՞նչ միֆ է, ի՞նչ մայիսի 28: Հայաստանի անկախության մասին հռչակագիր դաշնակները չեն ընդունել ոչ այդ օրը եւ ոչ էլ դրանից հետո: Վրացիները հռչակագիր ընդունել են, ադրբեջանցիները՝ նույնպես, դաշնակները՝ ոչ: Մի ինչ-որ օտար քաղաքում, այդ ժամանակներում սնկի պես աճած «Ազգային խորհուրդներից» ինչ-որ մեկի կողմից մի ինչ-որ փաստաթուղթ է ընդունվել այն մասին, որով ինքը իրեն հայտարարում էր ինչ-որ «հայկական գավառների» գերագույն եւ միակ իշխանություն: Եվ վերջ: Անկախության կամ պետական կազմավորման մասին ոչ մի խոսք: Գերագույն եւ միակ իշխանությունը «անկախություն» բառից խուսափում էր կամ դա ստիպված քարշ էր տալիս՝ հույս ունենալով ակամայից իր ուսերին հայտնված պատասխանատվությունը հարմար ժամանակ բարդել ուրիշների վրա: Բայց Դենիկինը դեռ ուշանում էր եւ ի դժբախտություն դաշնակների՝ այդպես էլ չեկավ: – Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ ի՞նչ մի քաղաքական հանճար էր պահանջվում, որ դաշնակները կարողանային հասկանալ՝ բոլշեւիկների դեմ պայքարն այլեւս անհեռանկարային եւ կործանարար է: Ադրբեջանը Այսրկովկասի բանալին է ռուսների համար եւ, պատահական չէ, որ այսօր էլ նրանք ձգտում են այստեղ իրենց հարաբերությունները կարգավորել առաջին հերթին ադրբեջանցիների հետ: Ադրբեջանում ազդեցության ապահովումը նշանակում է դրա տարածում ամբողջ Հարավային Կովկասի վրա: Որովհետեւ հայ ռուսամետների ջանքերով ռուսները միշտ էլ համարել են, որ Հայաստանն իրենց գրպանում է եւ այս դեպքում միայնակ մնացած Վրաստանին խեղդելը, ինչպես 1921թ. եղավ, ընդամենը տեխնիկական հարց է: Կարելի էր, չէ՞, 1920թ. մայիսին ընդհանուր լեզու գտնել բոլշեւիկների հետ գոնե տարածքային հարցերում հնարավոր առավել ընդունելի պայմաններով իշխանությունը նրանց հանձնելու համար: Ուրիշների շնորհիվ մի 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք դեռ մեր ձեռքում էր, եւ գոնե դա կմնար: Բայց ո՞նց, առանց Տրապիզոնի Հայաստան չկա, Ազգերի լիգա, մանդատ, Վիլսոն, Սեւր, վեց վիլայեթ: Իսկ որ անգլիական նավերն արդեն հրաժարվում էին բարձրանալ հայկական լեռները, որ դեռ գործում էր Մոնրոյի դեկլարացիան, որ համաշխարհային հեղափոխությունը շուռ էր եկել դեպի Արեւելք, որ տարիներ շարունակ երկիրը նվում էր սովից ու համաճարակից, հարեւանների հետ անընդմեջ գզվռտոցից, ներքին խառնակություններից: Որն ասես, որը թողնես: Սեփական ժողովրդի դեմ նույնպես մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: – Սեւրյան փայտե շերեփն այն ո՞վ էր թափահարում 1920թ. օգոստոսին որպես շանթարգել, երբ իր քթի տակ բոլշեւիկներն ու թուրքերը վերջին պայմանավորվածություններն էին ձեռք բերում Հայաստանը մեջ-մեջ անելու համար: Գրիչս, ինչպես մեծահռչակ պատմաբան Գ.Գալոյանն էր մի ժամանակ ասում դաշնակների մասին խոսելիս, կանգնում է զայրույթից եւ հրաժարվում է գրել: – Այն ո՞ր աճպարարներն էին, որ երկրի կեսը թշնամիներին հանձնելուց հետո Իջեւանում մի ձեռքով իշխանությունը զիջում էին բոլշեւիկներին, իսկ մյուսով՝ Ալեքսանդրապոլում Արաքսից ու Արփաչայից այն կողմ եղած ամեն ինչը՝ աննման Կարսն ու չքնաղ Սուրմալուն, ամբողջ Արեւմտյան Հայաստանը եւ սեւրյան բոլոր «ձեռքբերումները», հանձնում թուրքերին: Այսօրվա դաշնակները կարծես մոռացել են, որ իրենց նախնիներն են ստորագրել Սեւրից հրաժարվելու փաստաթուղթը: – Ղարաբաղյան սարերից այդ ի՞նչ ձիավորներ իջան 1921թ. փետրվարին, երբ ռուսներն ու թուրքերը ձեռնամուխ էին եղել այսրկովկասյան քարտեզի վերաձեւավորմանը: Ու՞մ վրա էին դաշնակները հույսը դրել այդ տկարամիտ գործը ձեռնարկելիս: Այո՛, այո՛, հենց թուրքերի, սա էլ է պատմական փաստ: Աներեւակայելի է, որ այդ ապստամբությունը ձեռնարկողները չհասկանային, որ այն դատապարտված է ձախողման: Բայց արեցին: Դրա շնորհիվ հեշտացավ թուրքերի եւ ադրբեջանցիների՝ Նախիջեւանի եւ Ղարաբաղի հետ կապված գործը: Չէ՞ որ հեղափոխական համերաշխության մի կարճատեւ ազդեցության պահին ադրբեջանցի բոլշեւիկների առաջնորդ Նարիմանովը հայտարարել էր, որ Խորհրդային Ադրբեջանը Նախիջեւանն ու Ղարաբաղը զիջում է Խորհրդային Հայաստանին: Եվ անմիջապես փոշմանել էր: Բայց գործն ավելի բարդացրել էր Ստալինը՝ հավանություն տալով դրան: Փետրվարյան ապստամբությունը փայլուն առիթ ընձեռեց նրանց՝ հրաժարվելու իրենց խոսքերից: Նրանք Նախիջեւանը եւ Ղարաբաղը զիջել էին հայ բոլշեւիկներին եւ ոչ թե դաշնակներին: Դաշնակներն իրենց գործը կատարել էին, դաշնակները փախան: – Այն ո՞վ էր, որ հանուն բոլշեւիկների դեմ պայքարի՝ սիլի-բիլի էր անում թուրքերի եւ ֆաշիստների հետ8230 Այո՛, դուք ճիշտ եք: – Այն ովքե՞ր էին հայ ժողովրդի համար իրենց աղետալի գործունեության ուղին գունազարդում եւ իրենց շուրջը հյուսում Գողգոթայով անցած հալածյալի լուսապսակ, որը փարոս էր եւ դեպի իրեն էր ձգում եղեռնից փրկված եւ ի սփյուռս աշխարհի ցրված հայերին ու նրանց սերունդներին, որոնք միամիտ խանդավառությամբ հայրենասիրության մեծագույն դրսեւորում էին համարում թուրքերին հայհոյելը: Դաշնակները իրենց քաղաքական ձախորդություններն ու անկարողությունը սքողում էին միֆերով, անճարակությունը՝ սրտաճմլիկ հեքիաթներով: Նպատակը մեկն էր, եւ դա հաջողվեց՝ նրանք իրենց ներկայացնում էին Հայ դատի միակ նախանձախնդիրը, դրանով մնում ջրի երեսին եւ տնօրինում Սփյուռքի հնարավորությունները: – Իսկ ովքե՞ր էին, որ հայ եկեղեցին պառակտեցին էջմիածնականի եւ անթիլիասականի, ովքե՞ր էին Մայր եկեղեցուց թեմեր պոկում, ու՞մ գործունեության շնորհիվ է, որ այդ պառակտումը այսօր էլ դեռ շարունակվում է: – Կոմունիստների հետ այդ ո՞ր կուսակցությունն էր, որ Համազգային շարժման նկատմամբ հենց սկզբից որդեգրեց, մեղմ ասած, անբարյացակամ դիրք: Տխմարության ի՞նչ լիցքերով պիտի օժտված լինել՝ այդ դիրքը «անկախությանը կողմ ըլլալով անջատումին դեմ կմնանք» կարգախոսով արդարացնելու համար: – Տասը տարի առաջ միֆերով ու հեքիաթներով այդ ովքե՞ր էին, որ գաղտագողի մտան Հայաստան եւ ոտքի տեղ բացելով՝ որոշ ժամանակ անց բացահայտվեցին: Եկան ամբարտավան աքլորի տեսքով, արյունից կարմրատակած իրենց կատար-դրոշով, «ամենա-ամենա» լինելու իրենց հավակնոտությամբ, իրենց բանսարկու մամուլով եւ նողկալի բառապաշարով եւ ըստ պատկան երկրի մասնատված իրենց «կուսակցական» շահերով: – Հանուն Ազգային Մեծ Իդեալի ովքե՞ր են, որ իրենց պատմությունը ողողել են հեղափոխական ահաբեկչության արյունով: Ո՞վ ունի ահաբեկչություն կազմակերպելու 100-ամյա փորձ (ասենք, Բաքվի քաղաքապետ Նակաշիձեից սկսած): Ո՞վ սպանեց Արփիար Արփիարյանին, ո՞վ պատարագի ժամանակ սպանեց Եղիշե արքեպիսկոպոսին, ո՞վ մահափորձ կատարեց Վահան Թեքեյանի վրա, ովքե՞ր էին Սփյուռքում կատարվող ահաբեկչության հեղինակները, որոնք չէին խնայում ոչ միայն իրենց գաղափարական հակառակորդներին, այլեւ իրենց կուսակից եւ նույնիսկ բյուրոյական ընկերներին: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վ.Սարգսյանին եւ Կ.Դեմիրճյանին սպանողները այսպես թե այնպես առչնվել են դաշնակցությանը: Այդ ովքե՞ր են, Հայրիկյանն էլ նրանց օգնական, որ հատկապես ահաբեկիչների գործով մարդու իրավունքների ջատագով են դարձել եւ ամեն ինչ անում են, որ հանցագործների գլխից մազ չպակասի: Այդ ովքե՞ր են, որ բանտից դեռ նոր դուրս եկած՝ հպարտանում են իրենց ահաբեկչություններով եւ հայտարարում, որ եթե պետք լինի՝ նորից կանեն: Այդ ովքե՞ր չեն հրաժարվում հեղափոխականությունից եւ բացեիբաց հայտարարում, որ եթե պետության օրենքները իրենց հարմար չհամարեն, նրանք շրջանցելու կամ խախտելու են այդ օրենքները: Հայտնի է, որ սովորաբար ահաբեկչությունը օգտագործվում է հեղափոխական քաղաքական կազմակերպության կողմից վախի մթնոլորտ ստեղծելով իր ազդեցությունը ընդլայնելու եւ իշխանություն զավթելու նպատակով: – Ո՞վ էր 1992-94թթ. Հայաստանի օրինական իշխանության թիկունքում բանակցություններ վարում Ռուսաստանի հետադիմական թափթփուկների հետ՝ կոնֆեդերատիվ հիմունքներով Հայաստանը այդ երկրին կցելու համար: Պայմանը նույնն էր՝ ստանալ իշխանություն: – Ինչպե՞ս հասկանալ, որ արցախյան բոլոր հայաբնակ շրջաններից միայն այն շրջանը կորսվեց, որին ամբողջովին տնօրինում էր դաշնակցությունը՝ օգտվելով նրա ղեկավարության անփորձությունից եւ միամտությունից: Էլի նպատակը նույնն էր՝ ռազմաճակատը փուլ տալ, եւ հհշական իշխանությանը մեղադրելով անկարողության մեջ՝ նվաճել իշխանությունը: Այդ ժամանակ, 1992թ. հունիսին, շահումյանցիները եւ հայկական մյուս ուժերը միանգամայն ապահովված էին թշնամուն կործանարար հարված հասցնելու կարողություններով եւ ունեին բարձր մարտական ոգի: Չէ՞ որ այդ օրերին ծրագրված էր Գետաշենի ենթաշրջանի ազատագրումը: – Ովքե՞ր էին պատերազմի ժամանակ կուսակցական հակամարտությունը մտցնում խրամատներ, երգելով դաշնակցական զինվոր եմ, պատերազմի կվազեմ: Եվ ո՞վ է այսօր այդ հակամարտությունը մտցնում կրթական համակարգ՝ Հայաստանի որոշակի շրջանի պատմությունը դասագրքերում վերաշարադրելով դաշնակցական դիրքերից: – Ովքե՞ր էին, որ իշխանափոխությունից հետո ամբողջ տնտեսական քաղաքականությունը ուղղորդեցին քամի հետապնդելուն՝ ժողովրդին հուսադրելով սփյուռքյան եւ օտարերկրյա ներդրումների սպասվող հեղեղով եւ հին գործարանների վերագործարկումով: Այդ դաշնակները չէի՞ն, որ Սփյուռքի եւ օտարերկրյա ներդրումների մասին խոսելիս դրանք պայմանավորում էին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի իշխանությունից հեռանալով: Հեռացան, բայց դրանից հետո վերջին երեք տարիներին արտասահմանից ոչ մի լուրջ ներդրում չի եղել: Եվ ոչ միայն նրա համար, որ, ինչպես դաշնակներն են վկայում, իրենք դեռ շարունակում են խոչընդոտել դրան, այլ գլխավորապես այն պատճառով, որ երկրի ներսում ամբողջապես քայքայվեց ներքին ներդրումային իրադրությունը, որ ներքին պոտենցիալ ներդրողը այլեւս այս երկրի հետ չի կապում իր հույսը, եւ գործերը հիմնականում տեղափոխում է արտասահման, որ նույնիսկ մենաշնորհային արտոնություն եւ գործելու համար ինկուբացիոն պայմաններ ունեցողները գերադասում են իրենց «վաստակած» կապիտալի մեծ մասը մշտապես դուրս բերել երկրից, որ երկրի արտաքին անկայուն վիճակը որեւէ հույս չի թողնում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի այստեղ լուրջ գործեր ձեռնարկել: Եթե ներքին ներդրողը ինքն է փախչում իր երկրից, ապա սփյուռքահայն ու օտարերկրացին ինչու՞ պետք է գան այստեղ: Իսկ մեր հզոր արդյունաբերությունից խոսողներին ո՞վ է այսօր խանգարում վերագործարկել հին գործարանները, որոնք ստեղծված էին ջրի գնի հումքով աշխատելու եւ իրենց արտադրանքները խորհրդային լայն շուկայում իրացնելու կամ պահեստներում փտեցնելու նպատակով: – Ովքե՞ր են ժողովրդի մեջ Սփյուռքի մասին ուռճացված եւ չափազանցված պատկերացումներ ստեղծում: Հայ Սփյուռքը պատմական փաստ է եւ հայ ժողովրդի պատմական դժբախտությունը: Եթե մի կողմ թողնենք բռնի տեղահանումների հետեւանքով Հայրենիքը ստիպված լքածներին, ապա հանուն մի կտոր համեմատաբար հեշտ վաստակվող հացի՝ սեփական երկիրը լքողների սերունդները իրենց անվերջանալի շղթայով մշտապես քամել են հայ ժողովրդի ավյունը, պակասեցրել նրա դիմադրողականությունը: Այսօր էլ այդ շղթան հարազատը հարազատի հետեւից, օղակ առ օղակ քարշ է գալիս նույն դարավոր ավանդական ձեւով: Սփյուռքը դարեր ի վեր դարձել է այլընտրանք ազգային եւ սոցիալական պայքարի: Եվ այսօր, երբ հայոց պետականությունը ստեղծվել է, առաջնահերթ խնդիր է դարձել սոցիալական այնպիսի պայմաններ ստեղծելը, որ այդ շղթան այլեւս չերկարի: Այնինչ որոշակի ուժեր զարգացնում են այն մտայնությունը, թե Սփյուռքը կփրկի այսօրվա սոցիալական եւ քաղաքական խնդիրների մեջ խճճված Հայաստանը, գերագնահատում նրա կարողությունները եւ հնարավորությունները: Սփյուռքը անտեղյակներին ներկայացվում է որպես համարյա թե կազմակերպված ու կուռ մի պետական կառույց, որի ուշքը գնում է Հայաստանին օգնելու ցանկությունից: Ի՞նչ ենք ուզում մենք սփյուռքահայերից, այդ մարդիկ իրենց հնարավորությունների սահմաններում միշտ էլ օգնել են եւ օգնում են եւ՛ Հայրենիքում գտնվող իրենց ազգականներին, եւ՛ Հայաստանի ժողովրդին ու պետությանը: Ինչու՞ մարդկանց չթողնենք, որ իրենք որոշեն իրենց անելիքն առանց մեր թելադրանք-կարծիքների եւ պահանջների: Թե՞ մուրացկանությանը այնքան եք սովորել, որ դա դարձնում եք պետական քաղաքականություն: Սին հույսերով մարդկանց սնելը դաշնակցության գործելակերպի ձեւերից մեկն է, նախկինում՝ համբերե որդիս, համբերե, իսկ ներկայումս՝ մի քիչ համբերություն եւ ամեն ինչ լավ է լինելու: Հայաստանցի հայերը պետք է հասկանան, որ սփյուռքահայերն էլ ունեն իրենց ամենօրյա հոգսերն ու կարիքները, բարեկեցության մակարդակի իրենց պատկերացումը եւ նստած չեն ոսկու կարասի վրա: Նրանցից միշտ շնորհակալ պիտի լինել ամեն մի կատարած գործի համար, հասկանալ, որ նրանք մեզ որեւէ բանով պարտական չեն, եւ մեր երկրի վերածնության ու բարգավաճման գործը չբարդել նրանց վրա: Դա իրական չէ: Հայաստանի առաջադիմության եւ զարգացման գործն ամբողջ հայ ժողովրդի գործը չէ, այլ գլխավորապես եւ հիմնականում՝ Հայաստանի քաղաքացիների: – Ու՞մ գաղափարախոսական հենքի վրա է իրականացվում վերջին երեք տարիների հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ ինչու՞ է այն ձախողվում լուծման առաջնահերթ ելակետ ունենալով ընդամենը մեկ կարեւորագույն խնդիր՝ ժողովրդի բարեկեցության բարձրացումը: Այս եւ այլ խնդիրների լուծման պատասխանատվությունից խուսափելու ձեւական պատճառաբանությունների զինանոցը լիքն է ամեն տեսակ դատարկաբանություններով, բայց որ Քոչարյանը իրականացնում է դաշնակցության քաղաքականությունը եւ, որ դաշնակցությունը այսօրվա Հայաստանի պետական կառույցներում բավարար լծակներ ունի իրադարձությունների զարգացման ուղղությունների վրա ազդելու՝ ի դեմս պետական բյուրոկրատիայի մեջ նրա ներկայացուցիչների եւ համակիրների առատության, կասկած չի հարուցում: Այսօր պետության գործերը հաջող չեն գնում, եւ դրա համար էլ նրանք խուսափում են պատասխանատվություն վերցնել իրենց վրա: 1998-ից Հայաստանի տնտեսությունը սկսել է նորից, բայց արդեն սուբյեկտիվ հիմքերով գլորվել փոսը՝ բարեփոխումները դադարել են, սեփականաշնորհման քաղաքականությունը նենգափոխվել է պետական գույքի վաճառքի, արտագաղթը ահագնացել է, պետականության ռեսուրսները սպառնալից նվազել են, եւ ահա այս պայմաններում դաշնակների համար գլխավորը դարձել է նահանջի տեղ թողնելը՝ առիթով եւ անառիթ հայտարարելով, որ իրենք պատասխանատվություն չեն կրում երկրում կատարվածի համար: Ի՞նչ է եղել, այսօր՝ 1992-1994թթ. նման գնացքի կամուրջները չեն պայթեցվում, գազամուղը նույնպես, ռուբլու գոտու վալյուտային տարուբերումներ չկան, ամենօրյա հացի ու վառելիքի հարցեր պետությունը չի լուծում, պատերազմի պահանջմունքների հետ կապված բազմաբնույթ խնդիրներ չկան, էներգետիկ ճգնաժամ չկա, օրենսդրական հակասությունները հիմնականում հաղթահարված են, ընդդիմությունը երկրի ներքին կայունությունը չի կազմալուծում ամենօրյա հարձակողական ցույցերով ու հանրահավաքներով: Այս բոլորը բաժին ընկան ՀՀՇ-ին: Պատասխանատվությունից խուսափելը, իր մեղքերը ուրիշի վրա բարդելը եւ ուրիշների գործունեությամբ բացատրելը դաշնակցության ավանդական, կայուն սովորությունն է: Դա են վկայում նաեւ վերջին երեք տարիների ձախողումների պատճառաբանությունները եւ հակահհշական կատաղի արշավի չթուլացող թափը: – Այն ովքե՞ր են, որ ի վիճակի չեն ըմբռնել տարրական այնպիսի իրողություն, ինչպիսին է ներքին եւ արտաքին քաղաքականության փոխադարձ կապը: Դաշնակցականները երբեւէ իրենց հարց տվե՞լ են, թե ի՞նչ եղավ, ինչու՞ «հանկարծ» Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցն այդպես կտրուկ դրեց՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»: Որովհետեւ նա պարզ տեսնում էր, որ երկրի տնտեսական զարգացման ռեսուրսները սպառնալիորեն նվազում են, եւ դրա գլխավոր պատճառը ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է՝ պատերազմի վերսկսման վտանգի առկայությունը եւ շրջափակումը: Դժվար է ասել, անպատասխանատվությա՞ն, ուրիշների շահերին ծառայելո՞ւ, թե՞ քաղաքական անգրագիտության հետեւանք է ղարաբաղյան հարցի լուծման անհրաժեշտությունը չըմբռնելը: Հնարավոր է, որ այդ բոլորը միասին է: Միայն շրջափակումը Հայաստան ներմուծվող ապրանքների գինը թանկացնում է նվազագույնը 30 տոկոսով, իսկ արտահանմանը՝ շատ ավելի: Այս հիմքի վրա Հայաստանում արտադրություն կազմակերպելը կապված է մեծ ռիսկի հետ, քանի որ հայկական ապրանքները անմրցունակ են դառնում իրենց գների պատճառով: Իհարկե, կարելի է երկրում մի քանի հոգու համար ցուցադրական, ջերմոցային պայմաններ ստեղծել, աչք փակել նրանց կողմից էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ պետական հարկերի հիմնական վճարումներից խուսափելու վրա ու մի քանի կարմիր ժապավեններ կտրելով ձգտել տպավորություն թողնել, թե գործ է կատարվում: Շրջափակումը, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» դրության շարունակումը նշանակում են կոմունիկացիոն այլընտրանքի հնարավորության բացառում, ներքին եւ արտաքին ներդրումների համար ռիսկայնության մեծ աստիճան, ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի կտրուկ բարձրացում ու առկա սահմանափակ ռեսուրսների վատնում: – Այն ո՞ր քաղաքական տհասներն են, որ պահանջում են ղարաբաղյան հարցի հապշտապ, համապարփակ լուծում, նրա կարգավիճակի անհապաղ կոնկրետացում: Ո՞վ է ասել, որ այդ հարցի քաղաքական վերջնական լուծումը մեկ սերնդի գործ է: Ներկա հերոսական սերունդը կարողացավ հարցի ռազմական լուծումը վճռել հօգուտ Հայաստանի եւ այն մտցնել բանակցությունների ոլորտ: Ներկա սերունդը այսօր ի վիճակի է լուծել հարցի քաղաքական մի քանի բաղկացուցիչները՝ փաստական միացումը, պատերազմի վերսկսման սպառնալիքի վերացումը, ապաշրջափակումը, Արցախի անվտանգության ապահովումը եւ նրա ինտեգրումը Հայաստանին: Իսկ կարգավիճակի վերջնական հաստատումը պետք է թողնել պետականությունն արդեն ամրապնդած, բարեկեցությունը բարձրացրած եւ ուժեղացած ապագա Հայաստանի քաղաքացիներին: Այսօրվա իրողություններն ու հնարավորություններն այս են թույլ տալիս, եւ ՀՀՇ-ն ու նրա իշխանությունը այս էին անում: 1998թ. փետրվարին իշխանություն զավթածները, ղեկավարվելով դաշնակցության գաղափարներով ու գործելակերպով, գնում են տրորված, պատմականորեն ձախողված հին ուղիով՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, էլի՝ «մահ կամ ազատություն»: Հայ դատի «ասպետները» ակնհայտորեն, մինչեւ նորից երկրից փախչելը, ցանկանում են Ղարաբաղն ու Հայաստանը վերջնականապես դարձնել բարոյական հաղթանակների գերեզմանոց: Սա է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատմության quint essencia-ն, սրանք են նրա երեկվա եւ այսօրվա «հաղթանակները», որոնց մասին Է. Հովհաննիսյանը չուզեց խոսել: Եվ այս կուսակցությանը ժողովուրդը «չգնահատեց» 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իր 110-ամյա գոյության ընթացքում առավել բարենպաստ իրադրության մեջ դաշնակցությունը արժանացավ ժողովրդի քվեների ընդամենը 7 տոկոսին: Սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը այլեւս չի հավատում այդ կուսակցությանը: Ուրիշ երկրներում նման կուսակցության գոյությունը չէին էլ հանդուրժի: Եվ ահա այս քաղաքական շառլատանների կուսակցությունը, որի գործունեության հետեւանքով հայ ժողովուրդը վաղուց խճճվել է ազգային եւ հասարակական բարդ խնդիրների մեջ, այսօր եկել եւ մեզ խելք Է սովորեցնում: Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ: ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել