Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայց դա, որոշ դեպքերում, Ալբերտ Բազեյանի ուժերից վեր էր

Մայիս 12,2001 00:00

ՆԱ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԴԵՄ Բայց դա, որոշ դեպքերում, Ալբերտ Բազեյանի ուժերից վեր էր «Վերջին տարվա ընթացքում զուտ քաղաքաշինական խնդիրները, որոնք իրականացվել են պրն Բազեյանի օրոք, ինձ համար գոնե անընդունելի են»,- ներկա քաղաքապետի այս գնահատականը նախկին քաղաքապետին՝ վերջինիս հետ առավել ընդգրկուն զրույցի առիթ դարձավ։ Ալբերտ Բազեյանը նախ նշեց. «Քաղաքապետը չի կարող միանգամից բազմաթիվ ոլորտների մասնագետ լինել՝ ե՛ւ ճարտարապետ, ե՛ւ շինարար, ե՛ւ կոմունալ տնտեսության ոլորտի, ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ մշակույթի ու կրթության գիտակ եւ այլն»։ Քաղաքապետարանի համակարգած այս բազմաթիվ ոլորտների պատասխանատվությունը տեղին չէ միայն ու միայն քաղաքապետին վերագրելը։ Մանավանդ, որ քաղաքաշինության պարագայում այդ ոլորտը համակարգվում է առավելապես քաղաքաշինության ու ճարտարապետության վարչության եւ քաղաքի գլխավոր ճարտարապետի (որ նաեւ փոխքաղաքապետն է) միջոցով։ Քաղաքաշինական ծրագրերի համար պատասխանատու է նաեւ քաղաքաշինական խորհուրդը, որը քննարկում եւ հաստատում է ծրագրերը։ «Քաղաքապետը չի հանձնարարում քաղաքաշինական ծրագրեր իրականացնել Երեւանում, քանի որ պետբյուջեից նման ֆինանսավորում եւ խնդիրներ առաջադրված չեն։ Եվ մայրաքաղաքում պետպատվերով որեւէ շինարարություն չի իրականացվել՝ բացի Դավիթաշենի կամրջից,- ասաց պրն Բազեյանը։- Այս առումով, քաղաքապետի գործունեության հետ կապելն այն բացասական դրսեւորումները, որոնք եղել են քաղաքաշինական ոլորտում՝ համարում եմ անտրամաբանական։ Ես միայն հաշվի եմ առել մասնագետների կարծիքը՝ թույլատրե՞լ, թե՞ չթույլատրել այս կամ այն շինությունը։ Եվ բոլոր այդ հարցերը ճշտել, համաձայնեցրել եմ գլխավոր ճարտարապետի հետ, որն այսօր էլ շարունակում է աշխատել, քաղաքաշինական խորհուրդը նույնպես գործում է»։ Առավել աղմկահարույց էր «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոցի շինարարությունը թույլատրելու խնդիրը, որի առնչությամբ այժմ վարչապետի դեմ հայցով դատավարություն է ընթանում։ Ալբերտ Բազեյանն առիթ ունեցել էր բացահայտելու եւ հիմա էլ ընդգծեց. «Այդ հյուրանոցի կառուցման հրահանգը անմիջականորեն տվել է հանրապետության նախագահը։ Եվ ինձ մնում էր կա՛մ հրաժարական տալ, կա՛մ փորձել շարունակել աշխատել։ Ես փորձել եմ պայքարել դրա դեմ, բայց իմ ուժերից վեր էր։ Քաղաքապետը նախագահի կողմից նշանակված պաշտոնյա է»։ Այս առանձին օրինակի հիշատակումն առիթ դարձավ, որ Ալբերտ Բազեյանը վերհիշի, թե ինչ խոչընդոտների էր հանդիպում ինքը, երբ փորձում էր «առավելագույնս անկախություն դրսեւորել» քաղաքապետարանի գործունեության ընթացքում։ Սա ակամա համեմատություն դարձավ ներկա քաղաքապետի հետ, որ թեեւ նշում է, որ սիրում է ազատ լինել՝ «Իմ ոճն ազատ գործելակերպն է», բայց կուսակցական չլինելով կարծես առավել պարտաճանաչությամբ է կատարում կուսակցական առաջնորդների խնդրանքները, քան ամենահավատավոր կուսակցականները։ «Ինձ վարչապետը բազմիցս առաջարկել էր գլխավոր բժիշկ նշանակել ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խնամուն՝ Սիրունյանին,- պատմեց Ալբերտ Բազեյանը։- Բայց նրան նշանակելու համար պիտի ազատեի առողջապահության վարչության պետին, որեւէ մի հիվանդանոցի տնօրենի նշանակեի քաղաքի առողջապահության վարչության պետ, որպեսզի ազատված պաշտոնին նշանակեի Սիրունյանին, որը գուցեեւ շատ արժանավոր մարդ է գլխավոր բժիշկ աշխատելու համար։ Բայց նման կոմբինացիաներ չեմ արել, քաղաքական պատեհապաշտությանը չեմ հարմարվել»։ Նախկին քաղաքապետը վարչապետի մեկ այլ դիմումի մասին էլ հիշատակեց՝ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հանրապետության-47 շենքը կառավարության նորաստեղծ մի վարչությանը տրամադրելու վերաբերյալ. «Ես ասել եմ, որ այդ շենքում է տեղավորված մայրաքաղաքի մշակույթի վարչությունը եւ դրա կողմից համակարգվող մի քանի ձեռնարկություններ»։ Ալբերտ Բազեյանն ավելի վաղ չէր բավարարել Սերժ Սարգսյանի խնդրանքը՝ այդ շենքը տալ «Արմենիկում» կենտրոնին, հետո մերժել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին, որն էլ այդ շենքում ցանկացել էր տեղավորել արժեթղթերի հանձնաժողովին։ Կարեւորելով մշակույթի դերը՝ չէր համաձայնել նաեւ վարչապետի առաջարկին. «Բայց իմ դուրս գալուց հետո անմիջապես վերցրին այդ շենքը, արագ այդ խնդիրն էլ լուծվեց»։ Նախկին քաղաքապետն ուշադրություն հրավիրեց. «Այժմ շատ է շեփորահարվում եւ տարփողվում, թե ներկա քաղաքապետն արագ վարձակալության տվեց «Նաիրի» կինոթատրոնը»։ Եվ պատմեց այն սեւագործ աշխատանքի մասին, որ իրենք արել էին մինչ այս վարձակալությունը. «Մի կերպ կարողացել ենք գտնել Ռուբեն Հախվերդյանին, հասնել նրան աշխատանքից ազատմանը, լուծարել այդ «Նաիրի» ՊՓԲԸ-ն, այնտեղ իրականացնել գույքագրում, հաշվառում, սահմանների չափագրում ու ճշտում, սեփականության իրավունքի գրանցման վկայականի խնդիրն ենք կարգավորել։ Ձեւավորել ենք հանձնաժողով, մրցույթի կարգն է հաստատվել եւ այդ պահից արդեն սկսեց միջամտություններ անել պարոն Ալեքսան Հարությունյանը, որպեսզի վարձակալության տանք այն տնտեսավարող սուբյեկտին, որի երաշխավորը «Կոնվերս» բանկն էր։ Նոր քաղաքապետի օրոք մրցույթն ուղղակի չկայացավ. ընդամենը մեկ հայտատու էր՝ այդ նույն տնտեսավարող սուբյեկտը, որի բանկային երաշխավորը «Կոնվերսն» է»։ Ի դեպ, ըստ նախկին քաղաքապետի, շատ են նման ծրագրերը, որ իրենք նախանշել են, եղել են իրականացման փուլում եւ անգամ իրականացվել են եւ այժմ քարոզչական նպատակով այնպես է ներկայացվում, թե իբր նոր քաղաքապետն է սկսում դրանք։ Բերեց մասնավորապես Երեւանի փողային նվագախմբի վերստեղծման, Արգավանդի խաչմերուկի տրանսպորտային հանգույցի շինարարության օրինակները։ Պրն Բազեյանը նշեց, թե նախագահ Քոչարյանն էլ հատկապես նախանձախնդիր էր ծագումով ղարաբաղցիներին առնչվող հարցերում։ Հիշեցրեց, որ ինքը միշտ դեմ է եղել հայաստանցի-ղարաբաղցի տարբերակմանը. «Բայց ինձ համար անհասկանալի էր, որ եթե նախագահին դիմում էր հատկապես ղարաբաղյան ծագումով կամ ղարաբաղցի որեւէ մեկը՝ շատ սուր արձագանք էր լինում եւ ստանում էի գրություն. «Երկօրյա ժամկետում լուծել այս խնդիրը եւ զեկուցել ՀՀ նախագահին»։ Որոշակի օրինակ էլ բերեց. «Դատարանից միջնորդություն էինք ստացել կայարանամերձ հյուրանոցի վերաբերյալ՝ որեւէ գործառույթ չիրականացնել, քանի որ երկու տնտեսավարող սուբյեկտների մեջ կա վեճ, որը պետք է լուծվի դատական կարգով։ Վարձակալության տալու, տարածքի, թե չգիտեմ ինչ խնդիրներ կային։ Սակայն այդ սուբյեկտներից մեկը՝ «Բիլդ Արմենիա» կազմակերպության հիմնադիր պրն Գրիգորյանը, որ ղարաբաղցի է, շատ ամբարտավան ոճով նամակներ էր գրում ինձ, որ եթե հարցն այսպես-այնպես չլուծենք, դատի կտա, եւ պետությունը ստիպված կլինի մուծել 1,5 մլն դոլարի կարգի գումար։ Ես խոսեցի տվյալ անձնավորության հետ եւ շատ թունդ ձեւով վիրավորեցի, քանի որ արժանի է դրան։ Նաեւ ասացի նրան, թե խնդրի լուծողը դատարանն է եւ ոչ քաղաքապետարանը։ Պատասխանեց, թե կբողոքի նախագահին։ Ես էլ ասացի, թե նախագահին չէ՝ ուզում է, Աստծուն էլ բողոքեք, այս հարցը միայն իրավական դաշտում է լուծվելու։ Նա բողոքեց եւ ես նախագահից հանձնարարական ստացա. «Երկու օրում լուծել եւ զեկուցել»։ Թուղթը պատռել եմ եւ գցել աղբարկղը։ Այդ հարցը երկու օրում չէր լուծվելու՝ ես միշտ նախանձախնդիր եմ եղել, որպեսզի ցանկացած հարց լուծվի իրավական ճանապարհով։ Չնայած մեր դատարաններն էլ անկախ չեն եւ չգիտեի, թե այդ հարցն ինչպես կլուծի դատարանը։ Հավանաբար այնպես կլուծի՝ ինչպես կհրահանգի ՀՀ նախագահը»։ Ալբերտ Բազեյանը դեռ շատ օրինակներ բերեց՝ մասնագիտական կառույցի օգնությամբ Երեւանում նոր երթուղային ցանցի նախագծումը եւ ներդրումը, որ այժմ կասեցվել եւ չի իրականացվում։ Եվս մեկ անգամ հիշեցրեց, որ համայնքների շուրջ 1,5 մլրդ դրամ կազմող լրավճարն իր օրոք չտրվեց, բայց նոր քաղաքապետի նշանակվելուց 2-3 օր անց անմիջապես վճարվեց։ Այդ գումարով մարվեցին աղբահանության եւ սանմաքրման ձեռնարկությունների պարտքերը եւ դրա շնորհիվ է այսօր բարելավվել մայրաքաղաքի աղբահանությունը. «Ամեն ինչ այժմ արվում է քաղաքապետարանին աջակցելու համար։ Ես ուրախ եմ՝ դրանից շահում է մայրաքաղաքն ու մեր բնակչությունը։ Բայց սա պայմանավորված չէ նրանով, թե Բազեյանը քաղաքապետ եղած ժամանակ անգործության էր մատնված՝ մեր աշխատանքային օրը սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել կեսգիշերին կամ անց։ Եղած ֆինանսական պայմաններում այդքանն է հնարավոր եղել իրականացնել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել