Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 12,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախյան ազատամարտի արդյունքում 1994 թ. հաստատվեց մի իրողություն, որի պայմաններում Հայաստանը, ներառյալ՝ Արցախը, իրավունք ունի ակնկալելու այնպիսի խաղաղության պայմանագիր, որը բավարարեր հայ ժողովրդի արդար պահանջներին։ ՀՀ արտգործնախարարը 8.05.2001 թ. իր հեռուստաելույթում բացահայտեց, որ ՀՀ իշխանությունները բանակցություններում որդեգրել են պարտվողական կեցվածք։ Նրանց չի հաջողվել մշակել եւ իրագործել հայանպաստ դիվանագիտության ուղեգիծ։ Կարգավորման նոր տարբերակի, Վ. Օսկանյանի կողմից ներկայացված, դրույթները պարունակում են բացահայտ զիջում Ադրբեջանին, եւ նրանց ընդունումը վտանգում է հայկական պետականությունն ընդհանրապես։ Արտգործնախարարի մայիսի 8-ի ելույթի կապակցությամբ արտահայտելով մեր զայրույթը, գտնում ենք, որ Օսկանյանն այլեւս չի կարող կատարել արտաքին գերատեսչության ղեկավարի պարտականությունները եւ անհապաղ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից։ Նման սադրիչ հայտարարություններն ապակայունացնում են ներքին իրավիճակը եւ քաջալերում հակառակորդին վերսկսելու ռազմական գործողությունները։ Պատերազմը կվերսկսվի նաեւ տարածքները զիջելուց եւ Արցախն անվանապես Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։ Ավելին, Վ. Օսկանյանը խոսում էր նաեւ ՀՀ նախագահի անունից։ Ուստի, ստեղծված իրավիճակում անհնար ենք համարում բանակցությունների գաղտնիության հետագա պահպանումը։ ՀՀ նախագահից պահանջում ենք. երկիր վերադառնալուն պես հրապարակել Քի Ուեսթում քննարկված եւ Ժնեւում ներկայացվելիք համաձայնագրի էությունը։ Հայրենի հողերը եւ Արցախի լիակատար անկախությունը Ադրբեջանից սակարկության ենթակա չեն։ Այդ սկզբունքից նահանջելը ապազգային քաղաքականություն է, որի շարունակությունը պարտադրելու է մեզ դիմել զանգվածային գործողությունների՝ կանխելու (համար) ազգադավ գործարքը։ Ոչ մի թիզ հող չի զիջվելու։ Արցախը Հայաստանինն է եղել եւ մնալու է Հայաստանինը։ Պետք է բանտից ազատվի նաեւ Սամվել Բաբայանը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի Ազգային հերոսը, որպեսզի, Աստված մի արասցե, հարկ չլինի երկրորդ անգամ գրավելու Շուշին։ «Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ» ԵՎ «ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել