Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՅԱ՞ՆՆ ԷՐ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԹԵ՞…

Մայիս 12,2001 00:00

ԲԱԶԵՅԱ՞ՆՆ ԷՐ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԹԵ՞… Վերջերս Անդրանիկ Մարգարյանը բացահայտել էր, թե ինքն ու Բազեյանը ժամանակին դեմ են արտահայտվել Արամ Սարգսյանի նշանակմանը, քանզի չէր կարելի վարչապետ ընտրելիս ղեկավարվել միակ գործոնով՝ Վազգեն Սարգսյանի հետ արյունակցական կապով։ Նույն խնդրի վերաբերյալ մեր զրույցում Ալբերտ Բազեյանը նախ հայտնեց. «Երբ քննարկվում էր Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելը, ինձ համար շատ անհասկանալի էր, որ նախագահը խիստ արագ համաձայնվեց։ Իսկ ես անհանգստություն էի հայտնել, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո երկիրը հայտնվելու է շատ ծանր իրավիճակում եւ որեւէ վարչապետի չի հաջողվի տնտեսական կամ սոցիալական ոլորտում արձանագրել հաջողություններ։ Տվյալ դեպքում խոցելի կլինի վարչապետը։ Եվ եթե վարչապետ լինի Վազգեն Սարգսյանի եղբայրը, ապա նա կդառնա քննադատության թիրախ եւ այսպիսով քննադատությունն անուղղակիորեն կտարածվի նաեւ նրա եղբոր հիշատակի վրա»։ Ժամանակը ցույց տվեց, որ Բազեյանի այս մտահոգություններն արդարացված էին. «Ցավոք սրտի, իրականացան իմ կանխատեսումները։ Այնուամենայնիվ, երբ Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ՝ ես ամեն ինչ արեցի նրան օգնելու համար, որ արագ մտնի հունի մեջ եւ իրականացնի այն խնդիրները, որ դրված էին կառավարության առջեւ։ Իմ անհանգստությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ Արամ Սարգսյանը չուներ կառավարությունում աշխատելու համապատասխան փորձ։ Իրականում նա կատարեց իր դրական մեծ դերը՝ պայթունավտանգ մթնոլորտն ու կրքերը հանդարտեցնելու եւ երկրում որոշակի կայունություն ապահովելու առումով։ Սակայն առաջին 6 ամսվա ընթացքում Արամ Սարգսյանից տնտեսական իրավիճակի բարելավում ակնկալելը, կարծում եմ, անհեթեթ էր»։ Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը հենց այդ պատճառով էլ արագ համաձայնել էր Արամ Սարգսյանի նշանակմանը՝ կանխատեսելով նրա հավանական ձախողումն ու վարկաբեկո՞ւմը։ Ի վերջո, ո՞վ շրջանառության մեջ մտցրեց Վազգեն Սարգսյանի եղբոր անունը։ «Այդ խնդիրը Գագիկ Ջհանգիրյանը քննարկում էր Ալեքսան Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում եւ ասում. «Ոնց որ թե համաձայն են»։ Ալեքսան Հարությունյանն էլ ասաց, թե նախագահի հետ խոսել է, նա դեմ չէ,- պատմեց Ալբերտ Բազեյանը։- Բայց չեմ կարող ասել, թե դա ում նախաձեռնությունն էր։ Ես ուղղակի ենթադրում եմ, որ այդ գաղափարը գուցեեւ ի սկզբանե համաձայնեցված է եղել նախագահի հետ։ Կարող է եւ այնտեղ է ծնվել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել