Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ

Մայիս 12,2001 00:00

Արդյոք իշխանավորները պատմե՞լ են իրենց իսկ խախտումների մասին Աշոտ Բլեյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը մասնակցել էր անցած շաբաթ մեկուսարանում իր պաշտպանյալի եւ Եվրախորհրդի փորձագետների հանդիպմանը եւ «Առավոտին» ներկայացրեց դրա մանրամասները։ Եվրախորհրդի պատվիրակությանն, ըստ փաստաբանի, հետաքրքրում էր, թե արդյոք հատուկ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղբանտարկյալների համար իրենց սահմանած չափանիշ-բնութագրումներին համապատասխանո՞ւմ է Աշոտ Բլեյանի նկատմամբ հարուցված գործը։ Հարցերից մեկն այս է, թե արդյոք կա՞ քաղաքական շարժառիթներով խտրական մոտեցում եւ այլ անձանց փոխարեն մեղադրանք է առաջադրվել հենց տվյալ անձնավորությանը։ «Իսկ իմ համոզմամբ, այլ անձանց կատարած հանցագործությունները միանշանակ վերագրվել են Աշոտ Բլեյանին, մինչդեռ նրանց ընդհանրապես մեղադրանք չի առաջադրվել եւ նրանց կատարածի նկատմամբ քրեա-իրավական վերաբերմունք չի ցուցաբերվել»,- ասաց Ռոբերտ Գրիգորյանը։ ԵԽ պատվիրակներն իրենց ձեռքի տակ են ունեցել 1-ին ատյանի դատարանի թարգմանված դատավճիռը եւ այլ տվյալներ, որոնք արդեն վերաբերել են Աշոտ Բլեյանի քաղաքական գործունեությանը։ Վերջինի առնչությամբ մի շարք հարցադրումներ են արել, որոնցից, ըստ մեզ, հստակ զգացվում է, որ պատվիրակության հետ արդարադատության, արտաքին եւ ներքին գործերի նախարարների հանդիպումներն անհետեւանք չեն անցել։ Այսպես, ըստ Ռոբերտ Գրիգորյանի, պատվիրակության անդամները հետաքրքրվել են, թե «Նոր ուղի» կուսակցությունը քանի՞ պատգամավոր ունի խորհրդարանում. «Աշոտը պատասխանեց, թե ոչ մի, քանի որ իրենք բոյկոտել են այդ ընտրությունները»։ Մյուս հարցը վերաբերել է նախագահական ընտրություններում Բլեյանի գրանցած արդյունքներին. «Նա պատասխանեց. «Շատ վատ. ես նստած եմ»։ Մի քանի միջանկյալ հարցերից հետո նրանք նորից հարցրին. «Դուք 1998-ին 0,01 % ձայն եք հավաքել. չե՞ք գտնում, որ Ձեր հավաքած ձայներով եւ որպես կուսակցության առաջնորդ իշխանությունների համար վտանգ չեք ներկայացնում, որ այս խոչընդոտը վերացնելու համար անհրաժեշտ լիներ միջոցներ ձեռնարկել»։ Եվրախորհրդի պատվիրակներին մեր նախարարները թերեւս վստահեցրել են, թե Հայաստանում միայն լուրջ հակառակորդներին են իբր բանի տեղ դնում եւ ոչ թե միջոցներ ձեռնարկվում եւ խոչընդոտներ են հարուցվում ցանկացած ակտիվ ընդդիմադիր ուժի առջեւ։ Փորձագետները փաստաբանին եւս հարցրել են, թե արդյոք ինքն իր պաշտպանյալին համարո՞ւմ է քաղբանտարկյալ։ «Երբ իրավական իմաստով գնահատում ենք քրեական գործի ընթացքը՝ սկզբնական քայլերից մինչեւ ավարտը, տեսնում ենք, որ թույլ է տրվել դատավարական նորմերի խախտումների հեղեղ։ Եվ ամեն ինչ արվել է հակառակ օրենսդրությամբ նախատեսված կարգի եւ կանոնների»,- Ռոբերտ Գրիգորյանը նաեւ թվարկել է այդ բազմաթիվ խախտումները, որոնք վկայում են միայն մի բանի մասին. «Ստեղծվել է հանցագործություն՝ ունենալով արդեն նախապես որոշված մեղադրվող անձ։ Ահա թե ինչու այս շարժառիթը կարող է լինել բացառապես Բլեյանի քաղաքական գործունեությունը»։ ԵԽ փորձագետները թերեւս կարող էին կողմնակալ տպավորություն ստանալ բացառապես պետական այրերի եւ իշխանամետ (բացառությամբ Հելսինկյան ընկերակցության ղեկավարի) իրավապաշտպանների հետ հանդիպումներից։ Մանավանդ որ, ինչպես նկատեց փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը՝ «Ով խախտումներ թույլ է տվել, բնականաբար, դրանց մասին դժվար թե նրանց տեղյակ պահեր»։ Համենայն դեպս, ստացված ողջ տեղեկատվությունը փորձագետներն ամփոփելու են եւ իրենց հետեւությունները ներկայացնելու Եվրախորհրդին։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել