Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1998

Մայիս 12,2001 00:00

ՏԵՍՆԵՍ «ԾՈՎԻՑ-ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՄԵՂՐԻՆ Կ՞ԱՐ 1998 թ. մերժված «Փուլային» տարբերակում, որտեղ Ղարաբաղի կարգավիճակը թողնված էր հետագային, այո, երաշխիք չկար, թե ազատագրված տարածքները վերադարձնելուց հետո կամրագրվի Ղարաբաղի անկախության փաստը: Փոխարենն այսօր հստակ երաշխիք կա, որ նույն այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու դիմաց Ղարաբաղն ու Լաչինն «անվանապես» մնալու են Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ զիջելու է Մեղրիի հատվածում իր ինքնիշխանությունը: Այսպիսի զիջումների գինն, ըստ Բաբկեն Արարքցյանի, որոշվում է այս օրերին ԱՄՆ-ում ընթացող բիզնես-ֆորումում: «Ես համաձայն չեմ, որ այսօր բանակցություններում լուծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այսօր իրականացվում է ավելի գլոբալ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզի վերաձեւավորման ծրագիրը, որի ենթատեքստում Ղարաբաղի հարցն ընդամենը մի փոքր մաս է կազմում: Այս գործընթացը նախապատմություն ունի եւ սկիզբ է առել հատկապես վերջին երեք տարվա ընթացքում, հատկապես 98-ի հեղաշրջումից հետո»,- հայտարարեց «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Բաբկեն Արարքցյանը: Երեկ պարոն Արարքցյանին իր հարկի տակ հյուրընկալել էր Մամուլի ազգային ակումբը: Վերջինիս նախաձեռնած ասուլիսը՝ «Հրատապ թեմայի» շրջանակներում, այս անգամ շոշափում էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն տարբերակը, որը շատ որոշակի գծերով օրերս ներկայացրել էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Պարոն Արարքցյանի պնդմամբ, 98-ից հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Արցախ-Ադրբեջան հակամարտությունից տրանսֆորմացվեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի այն բանից հետո, երբ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում հարցը Մինսկի խմբից տեղափոխվեց երկու երկրների նախագահների ուղղակի հանդիպումների շրջանակ, եւ ԼՂՀ-ն մեկուսացվեց այդ բանակցություններից՝ դառնալով դրանց օբյեկտ: Այնուհետեւ, արդեն Քի Ուեսթում կարգավորման բանակցությունները նոր փուլ թեւակոխեցին՝ վերաճելով աշխարհաքաղաքական խնդրի: «Այն տեղեկատվությունը, որ կա, հուշում է, որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են լինելու. Թուրքիան ցամաքային կապ է ունենալու Ադրբեջանի հետ: Սա աշխարհաքաղաքական իմաստով կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Դրա տեսանելի վտանգները կարելի է վերլուծել, մինչդեռ դրա հնարավոր հետեւանքներն ամբողջ խորությամբ կանխատեսելը դժվար է»: «Մինչեւ 98 թ. Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը պատասխանատվություն էր ստանձնել՝ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով եւ համաձայնել էր գնալ փոխզիջումների: Ինչո՞ւ հատկապես դրսի ուժերը չհամաձայնեցին այդ հարցը լուծել եւ հայտնի ուժերի հետ արդեն 98-ին աջակցեցին իշխանափոխությունը»: Իր այս հարցադրմանն ի պատասխան պարոն Արարքցյանն ասաց, թե Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը, որ Հայաստանի անկախության հիմնադիրն էր, այդ հարցում չէր գնալու Հայաստանի ինքնիշխանության զիջմանը: Նրանք պատրաստ էին գնալ փոխզիջումների Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտության համատեքստում՝ օգտագործելով եղած ողջ ներուժը, այդ թվում նաեւ արձանագրված ռազմական հաղթանակները, բայց ոչ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գնով: Ահա թե ինչու պետք է նրանք հեռացվեին: Ըստ նրա, 97-ին այդ գաղափարն արդեն իշխող էր դարձել միջազգային հանրության համար եւ նրանք Հայաստանում ուժեր էին փնտրում, ովքեր կիրականացնեին իրենց ծրագրերը՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման գնով: Այն կենսագործելու պատասխանատվությունը ստանձնել էր Ռ.Քոչարյանը եւ այս իմաստով պարոն Արարքցյանը նկատեց. «Ռ.Քոչարյանն իրականում «Պատվո Լեգեոնի» շքանշանը ստացել է ոչ թե 2001-ին, այլ՝ դեռ 97-ին, երբ խոստացավ միջազգային հանրությանը իրագործել այդ ծրագիրը»: «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահն, ըստ էության, կասկած հայտնեց, թե հակամարտության լուծման որեւէ տարբերակ խորհրդարանի վավերացմանը կներկայացվի: Նա կանխատեսեց, որ այն կսահմանափակվի սոսկ քննարկմամբ: Իբրեւ իր այդ մտավախության ապացույց, պարոն Արարքցյանը հիշեցրեց, թե 98-ին ներկայիս արտգործնախարարը «Հանրապետություն» խմբակցության հարցադրումներին ի պատասխան, գրավոր հայտարարել էր, որ լուծման տարբերակն, իհարկե, անպայման քննարկման առարկա պետք է լինի խորհրդարանում, մինչդեռ վավերացման մասին արդեն խոսք չկար: Անվտանգության խորհրդի նախկին անդամ պարոն Արարքցյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մինչեւ 98-ը Մեղրիի միջանցքի բացումը որեւէ տարբերակում՝ «Փուլային» կամ «Փաթեթային», բանակցությունների առարկա չի եղել եւ հիշյալ որեւէ տարբերակում դրա մասին խոսք չկար: «Կոմունիկացիաները պետք է, իհարկե, վերականգնվեն, բայց դա չպետք է բանակցությունների կամ փոխզիջման առարկա դարձնել»,- ասաց Բ.Արարքցյանը՝ մատնանշելով, որ ամբողջ աշխարհում հաղորդակցական ճանապարհներ կան եւ գործում են առանց որեւէ նախապայմանի: 98 թ. Անվտանգության խորհրդի հայտնի նիստում երկու իրարամերժ տեսակետներ էին ի հայտ եկել, եւ, որն էլ դարձել էր իշխանափոխության սկիզբը: «Փուլային» տարբերակը մերժած գործիչներին առաջարկվել էր ներկայացնել լուծման իրենց տարբերակը: Այն ներկայացվել էր՝ Ղուբաթլիի մի մասը, Քելբաջարն ու Լաչինը, ըստ այդմ, անկախ Ղարաբաղի մաս էին կազմելու՝ 8 հազար քկմ տարածքով: «Այդ տարբերակի համեմատ, մերն, իրոք, պարտվողական էր»,- հեգնեց պարոն Արարքցյանը: Անդրադառնալով արդեն տրիվիալ դարձած հարցին՝ ի՞նչ անել, պարոն Արարքցյանն ասաց. «Վերանայել բանակցությունների ֆորմատը՝ բանակցություններում իբրեւ կողմ ներգրավելով ԼՂՀ-ին»: Բայց անմիջապես էլ ավելացրեց, թե, իր կարծիքով, այսօր դա անդառնալի է: Նրա նշած մյուս ճանապարհն ավելի արմատական էր՝ Հայաստանի ոչ մի թիզ հողի վրա մեր ինքնիշխանությունը չպետք է սահմանափակվի, «ուստի, իշխանությունները պետք է հեռանան, օրինական ճանապարհով ձեւավորվեն նոր իշխանություններ, որոնք հարցը կլուծեն ԼՂ-Ադրբեջան հակամարտության համատեքստում»: Բ.Արարքցյանը կարծիք հայտնեց, թե խնդրի լուծումը պետք է առնվազն եւս մեկ տարի հետաձգել. «Իմ կարծիքով այդպես էլ կլինի մինչեւ 2003թ.՝ որպեսզի ապահովվեն նախագահական հաջորդ ընտրությունները»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել