Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Մայիս 12,2001 00:00

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԹԱՂՎԱԾՆԵՐՆ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐ ՉԵՆ Երեկ «Ազգային համաձայնության ճակատը», որ իր կազմակերպած հանրահավաքով, ըստ էության, լուրջ հայտ ներկայացրեց արմատական ընդդիմության դաշտում ուրույն տեղ զբաղեցնելու համատեքստում: Ճակատը խնդիր էր դրել վեր հանել հասարակության՝ իշխանությունների նկատմամբ ունեցած խուլ ընդվզման պատճառները՝ նշելով հասարակական բողոքի կոնկրետ հասցեատերերին: Նախ ասվեց, որ դեռ 97թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին ուղղված Վազգեն Սարգսյանի նամակը, որ հրապարակվել էր օրերս, իր մեջ ծրագրային ու այսօր էլ արդիական դրույթներ է պարունակում, որոնք Ճակատի ընդհանուր համաձայնությամբ եւ նրա կողմից որդեգրվել են՝ իբրեւ գործողությունների ուղեցույց: Հանրահավաքում նախ նշվեց, որ դեռ 1 տարի առաջ մի շարք կուսակցություններ այցելել էին Հայաստանի տարբեր մարզեր, այդ թվում՝ Մեղրի, ուր քննարկված հարցերն այսօր էլ արդիական են եւ մտահոգում են հասարակությանը: Խոսքը վերաբերում է «Հոկտեմբերի 27» -ի պատվիրատուների բացահայտված չլինելու փաստին, Մեղրիի միջանցքի բացման՝ իշխանությունների պատրաստակամությանը եւ դրանց փոխկապակցվածությանը, նաեւ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի քննարկմանը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, բերելով Ուկրաինայի օրինակը, ասաց, որ մեկ լրագրողի սպանության համար բազմահազարանոց ժողովուրդը ցույցեր է անում եւ պահանջում նախագահ Կուչմայի հրաժարականը: Ըստ նրա, «Հոկտեմբերի 27»-ը ու նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների նախորդ սպանությունները ժողովրդին հիմք են տալիս պահանջելու իշխանությունների հրաժարականը: «Իշխանություն ասելով պետք է հասկանալ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը»,- ասաց պարոն Մակեյանը՝ ավելացնելով, թե կառավարությունը, վարչապետը, խորհրդարանն ու դատական համակարգն այսօր ընդամենը այդ երկուսի իշխանության սպասավորներն են: Այնուհետեւ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարելու մասին կառավարության խոստումներին, նշվեց, թե առնվազն ծիծաղելի է հավատալ, որ Անդրանիկ Մարգարյանն իր կառավարությամբ կարող է պայքարել կոռուպցիոն իշխանական համակարգի մաս կազմող Սերժ Սարգսյանի դեմ: «Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ապա՝ ԱՄՆ-ը Քոչարյանին խոստացել է ապահովել վերջինիս իշխանությունը, եթե նա համաձայնի լուծել Մեղրիի հարցը»,- նշեց պարոն Մակեյանը: Այս ամենի հետ մեկտեղ Ճակատը դեմ է 98թ. տարբերակով ազատվել Քոչարյանից, քանի որ մի խումբ մարդկանց կողմից հրաժարական պարտադրելու արդյունքում «կհայտնվեն նոր սերժիկներ ու ռոբերտիկներ»: Բանախոսի կարծիքով, ելքը՝ ժողովրդի պարտադրմամբ եւ ԱԺ կողմից Քոչարյանի պաշտոնանկության իրականացումն է: Ըստ նրա, միայն այդ դեպքում կվերականգնվի ժողովրդի՝ որպես իշխանության կրողի, իրավունքը: Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ «Սպայի պատիվ» կազմակերպության ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը: Նա անդրադարձավ ՀՀ արտգործնախարար Վ.Օսկանյանի հեռուստաելույթի այն հատվածին, թե «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին՝ ժողովրդի աչքերը բացելու եւ բանակցությունները մասամբ գաղտնազերծելու համար: «Իսկ ո՞վ է պատասխան տալու պատերազմի 8 հազար զոհերի եւ 15 հազար հաշմանդամների համար: Հայ ժողովուրդն օկուպանտ չի եղել»: Լ.Գալստյանն ասաց, որ Եռաբլուրում թաղվածներն օկուպանտներ չեն: Ճակատի հրավիրած հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ նաեւ Աշոտ Մանուչարյանը, որը մասնավորապես նշեց, թե ինքը շատ ուրախ կլիներ, եթե այսօր հրապարակում լիներ նաեւ 88-ի Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած Քոչարյանը: «Սակայն, ցավոք, նա այսօր չկա, իսկ ներկայիս նախագահ Քոչարյանը, որ Հայաստանի ներկայացուցիչն է ԱՄՆ «խոհանոցում», ոչ մի ընդհանուր բան չունի 88-ի Քոչարյանի հետ»: Ա.Մանուչարյանը նկատեց, թե իզուր է հայ ժողովրդին վախեցնել պատերազմի վտանգով: «Պատերազմ կսկսվի այն ժամանակ, երբ ներկա իշխանություններն իրենց ամերիկյան տերերի պատվերները կատարելով՝ փորձեն ժողովրդին պարտադրել Մեղրիի միջանցքի բացման վերաբերյալ իրենց ստոր պայմանավորվածությունները»: Նա նաեւ Քոչարյանին սատարող կուսակցություններին հիշեցրեց, թե ինչ կատարվեց, երբ նախորդ նախագահ Տեր-Պետրոսյանն ասաց ընդամենը 10 տոկոսն այն ամենի, ինչ այսօր ասում է Քոչարյանը՝ Օսկանյանի շուրթերով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել