ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆՔ, ՍԻՐԵԼԻՍ Մի քանի տարի է խոսում ենք քրիստոնեության ընդունման 1700-ամյակի մասին։ Տարվա քառորդը փակել ենք, բայց դեռ մեր նշանավոր վանքերից երկուսը՝ Սաղմոսավանքը եւ Օհանավանքը պատրաստ չեն ընդունելու հյուրերին։ Օհանավան գյուղում գյուղացիները բողոքում էին, որ վերանորոգման աշխատանքները կիսատ են մնացել, որ գյուղը հյուրերի մոտ ամոթով է մնալու, որ վերանորոգմանը հատկացված գումարներով գյուղի երիտասարդ ուժերը կարող էին շինարարական աշխատանքներն ավարտել։ Իսկ Սաղմոսավանքում եղանք կիրակի՝ մայիսի 6-ին, կարծես թե շինարարությունն ավարտվել է, չնայած շինաղբ դեռ կար։ Եկեղեցու դուռը փակված էր ինչ-որ մետաղաջարդոնով։ Գյուղի ճանապարհի ասֆալտը նախապատրաստական վիճակում է, այսինքն՝ մեքենան 3 վայրկյանը մեկ փոսի մեջ է ընկնում։ Թե երբ պիտի ասֆալտապատվի՝ Աստված գիտի։ Այս գարնանը փոսեր փորելուց բացի, այլ աշխատանքներ չեն կատարվել։ Չենք ուշանում արդյո՞ք։ Շ.Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ