Բժիշկը՝ նոր, ցավերը՝ հին «Մեր երկրում հայտնվել են շատ ինքնակոչ ընտանեկան բժիշկներ։ Մենք պետք է ակտիվ լինենք՝ ագրեսիվության չափ»,- Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի 2-րդ համագումարում հայտարարեց վերջինիս նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը։ Ասոցիացիան հիմնվել է 2000թ. դեկտեմբերին, արդարադատության նախարարությունում գրանցվել 2001-ի փետրվարին։ Մի քանի ամիսների ընթացքում այն առանձնապես մեծ գործեր չէր կատարել, եղածի մասին նախագահը ներկայացրեց հաշվետվություն, որն ավելի նման էր ցանկությունների դրսեւորման։ Կցանկանային, որ երկարացվեր ընտանեկան բժշկի ուսուցման ժամանակահատվածը՝ գոնե մինչեւ 1,5 տարի, ստեղծվեր համապատասխան կլինիկական բազա, մշակվեր Ընտանեկան բժշկության ազգային ծրագիր, ԶԼՄ-ները աջակցեին իրենց եւ քարոզչություն իրականացնեին։ Վերոնշյալ ակտիվությունը, ընդ որում, նաեւ թվարկված ցանկություններից վերջինում, ցուցաբերում են հենց ընտանեկան բժիշկները, սակայն՝ մեր տպավորությամբ, ոչ այնքան ասոցիացիայի գործունեության շրջանակներում, որքան իրենց մասնագիտական պարտքի զգացումից դրդված։ Լոռու տարածաշրջանի ընտանեկան բժիշկն, օրինակ, չունի ամբուլատոր պայմաններ, սարքավորումներ եւ չի կարող լիարժեք գործունեություն ծավալել։ «Այդ բացը լրացնում են հասարակական կարծիք ձեւավորելով, քարոզչություն իրականացնելով՝ իմ տեղամասային դպրոցներում»,- ասաց նա։ Նկատենք, որ ընտանեկան բժշկի ինստիտուտի շուրջ բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու անհրաժեշտությունն ավելի մեծ է հատկապես կառավարական շրջանակներում։ Ինստիտուտի ներդրումն ու կայացումը մեծապես պայմանավորված են բարեխիղճ ֆինանսավորմամբ։ «Նման ֆինանսավորման պայմաններում ամեն րոպե կանգնած ես օրենքը խախտելու վտանգի առաջ»,- ասաց Արմավիրի Հայթաղ գյուղի ընտանեկան բժիշկը։ Օրինակը բերեց Սյունիքի ներկայացուցիչը։ Ընտանեկան բժիշկները պարտավոր են 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին ապահովել անվճար դեղորայքով։ Բայց՝ «ֆինանսավորում չունեմ, ամեն քայլի օրենք եմ խախտում»։ Սրանից տուժում են նաեւ բժշկի վարկն ու հեղինակությունը, «քաղաքացիներին ծանոթացնում ես իրենց իրավունքներին եւ ասում, որ դու՝ այդ իրավունքներն իրականացնողը, չե՛ս կարող իրականացնել դրանք, ինչ-որ տեղ քեզ բարոյազրկված ես զգում»։ Մեր երկրի համար միանգամայն նոր առողջապահական այս ինստիտուտի ներկայացուցիչները մտահոգված էին նաեւ բժշկական ապահովագրության ճակատագրով. առանց դրա ընտանեկան բժշկությունը չի կարող կայանալ։ Իսկ ասոցիացիան, կարծում ենք, շատ ավելի արդյունավետ կարող է գործել, եթե ավելի մեծ կարեւորություն տա սեփական անդամների գաղափարներին եւ առաջարկներին։ Մասնավորապես, Համաշխարհային բանկի գրասենյակից քարոզչության գումարներ ակնկալելու փոխարեն կարելի է հետեւել Լոռու ընտանեկան բժշկի խորհրդին եւ դոնոր կազմակերպությունների հետ աշխատելով՝ արժանանալ դրամաշնորհի։ Ա. Գ.