Շնորհալիներին սպասվում են մեծ բեմեր Երեկ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Շուրջ 9 տարի է աշնանը եւ գարնանը դպրոցի տնօրինությունը, Հայաստանի մանկատների հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է նման համերգներ՝ շնորհալի երեխաների մասնակցությամբ։ Ինչպես նշեց ՀՄՀ-ի հիմնադիր տնօրեն Ժենյա Այդինյան-Ռզայէն. «Մենք նպատակ ունենք Սփյուռքին ներկայացնել հայ տաղանդաշատ երեխաներին, քանզի հավանականություն կա, որ նրանք այնտեղ հովանավորներ կգտնեն՝ հետագայում իրենց երաժշտական գործունեությունը շարունակելու համար»։ Համերգին մասնակցած ամեն մի երեխա իր հովանավորի կողմից (բոլոր մասնակիցներն իրենց անհատական հովանավորներն ունեն) որեւէ աջակցություն ստանում է, սակայն «ավելի մեծ բեմերում հանդես գալու եւ մնայուն կարիերա ստեղծելու համար» շաբաթական երկու անգամ Սփյուռքում հեռուստահաշվետվություն է ներկայացվում եւ եթե ստացվում են հովանավորություն անելու արձագանքներ, ՀՄՀ-ն այդ մասին տեղյակ է պահում դպրոցի տնօրենին։ Այսպես, 9 տարվա ընթացքում 400 շնորհալի երեխա է հովանավորվել, որոնց մի մասը երաժշտական ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, մյուս մասը՝ այլ բուհերում (հեռացել են երաժշտական ասպարեզից- Ա. Դ.)։ Տարին երկու անգամ դպրոցից ընտրվում է 40-50 շնորհալի աշակերտ, որոնք մասնակցում են աշնանային կամ գարնանային համերգներին։ Այս անգամ համերգին մասնակցում էին երգչախմբային համույթը (40 աշակերտ), ջութակահարների անսամբլը (40), մենակատարներ (20), ընդ որում, նրանց մեջ կան նաեւ միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Դպրոցի տնօրեն Տատյանա Հայրապետյանը հույս հայտնեց, որ «նման համերգները երեխաներից շատերի համար կանաչ ճանապարհ կբացեն դեպի մեծ բեմեր»։ Նշենք նաեւ, որ համերգի մասնակից բոլոր տաղանդավոր եւ կարիքավոր երեխաները արժանացան ՀՄՀ-ի կողմից սահմանված դրամաշնորհների։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ